
– Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հանդիպումներ է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թաւրիզում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթչեանի հետ:
– Ամանորի օրերին պատգամաւոր Արա Շահվերդեանը բանակի օդուժի գլխաւոր հրամանատարի հրաւէրով ներկայ է գտնւել օդուժի կենտրոնում եւ հանդիպում ունեցել հայ զինծառայողների հետ:
– Ամանորի առիթով, պատգամաւոր Արա Շահվերդեանը իր գրասենեակում ընդունել է Մարմնամտային խանգարումներով «Ակունք» կենտրոնի տեսչութեանը եւ մի քանի սաներին:
– Նոյն առիթով պատգամաւորին տարբեր օրերի ընթացքում այցելել են «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մաունչերեանը, «Արաքս» աղջ. դպրոցի, «Արարատ» աղջ. դպրոցի, «Ն. Գիւլբէնգեան» տղայոց դպրոցի, «Թունեան» աղջ. դպրոցի եւ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզ-նախակրթարանի տեսուչները, փոխտեսուչները, ուսուցիչները եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչները, եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորընտիր վարչութեան կազմը:
– Ամանորի օրերին պատգամաւոր Արա Շահվերդեանը Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու գրասենեակում հանդիպում է ունեցել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի դիւանի հետ, որի ընթացքում քննարկւել է «Դպրոցների բարեզարդման եւ բարեկարգման» (سازمان تجهیز و نوسازی مدارس) կազմակերպութեան կողմից դպրոցների համար յատկացւած գումարի հարցը եւ ընդգծւել, որ իւրաքանչիւր դպրոց իր առաջնահերթ գոյքերի հարցով գրաւոր դիմում պիտի ներկայացնի Կրթական խորհրդին, որից յետոյ այդ մասին Կրթական խորհրդի կողմից գրաւոր ներկայացւելու է պատգամաւորին:
Նոյն վայրում կայացած մէկ այլ հանդիպման ընթացքում, որին ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ եւ միութիւնների հետ կապ Ժորժ Հայրապետեանը եւ հինգ միութիւնների՝ «Սարդարապատ», «Նայիրի», «Սիփան», Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնների եւ «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի ներկայացուցիչները, նշւեց, որ այս մարզական միութիւններին բիւջէ է յատկացւել երկրի մարզամշակութային կազմակերպութեան՝ Թեհրան նահանգի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով գերատեսչութեան կողմից, որպէսզի հնարաւորութիւն ունենան գնելու մարզական գոյքեր, ինչպէս օրինակ սեղանի թենիսի սեղան, կամ բասկետբոլի ու վալիբոլի գնդակներ կամ մարզական այլ սարքեր:












