ԹեհրանՀամայնք

Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ՝ Նշւեց Սրբոց Թարգմանաչաց տօնը

Սրբոց Թարգմանաչաց եւ հայկական բազմաոլորտ մշակոյթի տօնի նշումը չի սահմանափակւում միայն մէկ շաբաթւայ ընթացքում, այլ 365 օրը հայ ժողովուրդը ապրում եւ արարում է հայկական մշակոյթը:

Ահաւասիկ Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով հոկտեմբերի 22-ին, նախաձեռնութեամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան կազմակերպւել էր գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր, միութեան սրահում: Քանի որ մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակն է նոր սերնդին հաղորդ դարձնել հայկական մշակոյթի բազմազան ոլորտներին, որպէսզի մեր մշակութային գանձերը փոխանցւեն սերնդէ սերունդ,ուստի այդ նպատակը լաւապէս իրականացել էր հէնց այս ծրագրի շրջագծում, ծրագիր որի ներկայացնողները հանդիսացան պատանի-պարմանուհիները եւ երիտասարդ-երիտասարդուհիները:

Սկզբում միութեան Սկաուտական բաժանմունքի գայլիկ-արծւիկները տեղաւորւելով բեմահարթակում հնչեցրին Տէրունական աղօթքը, ապացուցելով հայ սկաուտների հաւատարմութիւնը Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցուն եւ կատարեցնի նաեւ միութեան հիմնը:

Օրւայ բացման եւ ողջոյնի խօսքը ներկայացրեց Սելին Մանուկովը: Իր խօսքի ընթացքում նա նշեց. «Հոկտեմբեր ամիսն է եւ այսօր մենք ուրախ սրտով տօնում ենք Սրբոց Թարգմանչաց տօնը: Սա այն օրն է, երբ յիշում ենք մեր մեծ ուսուցիչներին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին եւ Սուրբ Սահակ Պարթեւին, որոնց շնորհիւ մենք պահպանեցինք մեր լեզուն, մեր հաւատքը եւ մեր հայ լինելը: Աշխարհում միայն հայ ժողովուրդն է, որ տօնում է իր մշակոյթի տօնը:»:

Իր ելոյթը այսպէս եզրափակեց. «Թող այս տօնը մեզ յիշեցնի, որ հայերէնը պարզապէս լեզու չէ, այն մեր հոգու ձայնն է, մեր հաւատքի շունչը եւ մեր ազգի անմահութեան գրաւականը»:

Խօսքին յաջորդեց գեղարւեստական յայտագրի իրականացումը, եւ հերթաբար հանդէս եկան կատարողները: Ակզբում հնչեց Էմիլի Սեփանեանի դաշնամուրային կատարումով «Ազգ Փառապանծ»-ը, ազգային -ժողովրդական երգերով հանդէս եկան Հ.Բ.Ը.Մ.-ի «Ամարաս» երաժշտական խմբից՝ Մելանի Աւանէսեանը, Մինէ Թահմասեանը եւ Սիփան Մկրտումեանը: Կենդանի երաժշտական կատարումներով եւ երգերով ելոյթ ունեցաւ Sol Dust խումբը, Դաշնամուրային կատարումով ելոյթ ունեցաւ Մոնթէ Իսմայիլին:

Ասմունքային առանձին կատարումներով՝ Սերինէ Մելքոնեանը ներկայացրեց «Եւ Այր մի Մաշտոց անունով» բանաստեղծութիւնը, Էլիսա Պետրոսեանը «Գարունդ հայերէն է գալիս», Սելին Մանուկովը «Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում», իսկ «Սասունցիների պարը» ասմունքը ներկայացրեցին Օդինա Նուրեանը, Սերինէ Մելքոնեանը եւ Նիկոլետ Օհանեանը: Կատարողները տիրապետելով բանաստեղծութիւններին դրանք լաւապէս ձեւով հրամցրին լսարանին: Միջոցառմանը հայկական հեզաճկուն պարերով հանդէս եկան «Կակաչ» պարախմբի սաները, գեղարւեստական ղեկավար Արուս Սարգսեան (Աւագեան), բեմադրիչ, պարուսոյց եւ փորձավար Արմինէ Աւագեան:

Գեղարւեստական յայտագրի աւարտին հաղորդավարը նշեց, որ այս տարի լրանում է համայն հայութեան մայրաքաղաք՝ Երեւանի 2807 ամեակը ,ուստի բեմահարթակ հրաւիրեց գեղարւեստական յայտագրի բոլոր կատարողներին, որոնք միասնաբար հնչեցրին Երեւան-Էրեբունի երգը, որին ընկերակցեց նաեւ հադիսատեսը:

Ծրագրին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արմինէ Սէթխանեանը եւ խորհրդի անդամներ, ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչութեան նախագահ՝ Վահէ Միրզաբէգեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, ուսուցիչներ եւ հրաւիրեալներ:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Պատգամաւորը գնահատելով իր տեսակի մէջ իւրօրինակ գեղարւեստական յայտագիրը ընդգծեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը պահել ու պահպանել է իր մշակութային արժէքները եւ այն փոխանցել է սերնդէսերունդ, որով հայ ժողովուրդը պահպանել է իր ինքնուրոյնութիւնը: Հայկական բազմաոլորտ մշակոյթը նոր սերնդին փոխանցելու եւ այն պահպանելու նպատակով՝ պատգամաւորը կարեւորեց ընտանիքի, դպրոցի եւ միութիւնների դերը եւ գնահատանքով անդրադարձաւ Հ.Բ.Ը.Մ.-ի այս ոլորտում իրականացրած առաքելութիւնը: Արա Շահվերդեանը անհրաժեշտ համարեց միութիւնների մշակութային եւ հասարակական աշխատանքներում երիտասարդների ներգրաւումը:

Եզրափակիչ խօսքի համար ամբիոնի մօտ հրաւիրւեց Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Հայր Սուրբը իր գնահատանքի խօսքը փոխանցելով գեղարւեստական յայտագիրը իրականացնողներին եւ Հ.Բ.Ը.Մ.-ին ընդգծեց, որ այսօր մեր պատանիները եւ երիտասրդները այս բեմի վրայ հայերէն աղօթելով, ասմունքելով, երգելով, նւագելով փաստեցին որ իրենք հաւատարիմ են մեր թարգմանիչ վարդապետների կտակին, փաստեցին, որ իրենք պաշտպանը եւ պահապանն են մեր ազգի արժէքներին, աւանդոյթներին եւ բարքերին, փաստեցին որ մինչ այն ժամանակ, որ իրենք կան մեր մշակոյթի ջահը միշտ վառ պիտի մնայ: Հայր Սուրբը իր գնահատանքը յայտնեց այն ուսուցիչներին, որոնց ջանքերի շնորհիւ իրականացաւ գեղարւեստական յայտագիրը, նաեւ գնահատնքով անդրադարձաւ ծնողների նկատմամբ, որոնք հայկական մշակոյթի սէրն են սերմանել իրենց զաւակների մէջ:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button