Մամիջանեան. «Փաշինեանի հեքիաթները ԵԽԽՎ-ում յօդս ցնդեցին, յստակ նշւում է, որ առկայ է առճակատում պետութեան եւ եկեղեցու միջեւ»

«ԵԽԽՎ-ի կողմից անընդունելի բանաձեւը խայտառակութիւն է»,- ֆէյսբուքեան էջում յայտնում է «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում ընդունած ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձեւին- գրել է Երկիրը:
«Այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձեւակերպումներ, եւ տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղբանտարկեալների եւ այլ թեմաներով, որ պարզապէս անհասկանալի է, բայց դա մեզ համար նորութիւն չի, դրա մասին մենք խօսել ենք ու խօսելու ենք: Խնդիրն այն է, որ այնտեղ առկայ է առնւազն 3 կէտ, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խօսելու ու, կարծում եմ՝ կարեւոր է, որպէսզի դուք դա իմանաք։
Առաջին. զեկոյցում յստակ նշւում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետութեան յարձակումն է եկեղեցու վրայ: Դա նշանակում է, որ այն հեքիաթները, որոնք Փաշինեանը պատմում է, թէ սա եկեղեցու դէմ չի, յօդս են ցնդել նոյնիսկ այս զեկոյցի շրջանակներում, յստակ նշւում է, որ առկայ է առճակատում պետութեան եւ եկեղեցու միջեւ:
Զեկոյցում նոյնիսկ հաշւի առնելով Փաշինեանի նկատմամբ եւրոպացիների լոյալութիւնն ու իրականութիւնը չարձանագրելու մօտեցումը, նշւում է, որ ընտրութիւնների ժամանակ պէտք է բացառւի պետական ռեսուրսի սխալ օգտագործումը:
Յստակ նշւում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները՝ քաղաքական ազդեցութիւնից:
Պատկերացնում էք, թէ ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները եւ ինչքան անհնար է չնկատել ու կոծկել, որ անգամ միջազգային կազմակերպութիւնների մօտեցմանը՝ Փաշինեանի ցանկացած արարք պաշտպանելու, չեն կարողացել նրա մասին չներառել այս զեկոյցում»,- եզրափակել է խօսքը Հայկ Մամիջանեանը։



