Պուտին. «Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնւող ցանկացած զօրք որպէս ոչնչացման օրինական թիրախ կը դիտարկի»

«ԱԼԻՔ» – Անվտանգութեան երաշխիքներ պէտք է լինեն ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի համար։ Այս մասին յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խօսքով՝ դեռեւս ոչ ոք լուրջ մակարդակով չի քննարկել անվտանգութեան երաշխիքները Ռուսաստանի հետ։
Նա յաւելել է, որ կայուն խաղաղութեան մասին համաձայնագրից յետոյ Ուկրաինայում օտարերկրեայ զօրքերի ներկայութիւնն իմաստ չունի։
Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնւող ցանկացած զօրք կը դիտարկի որպէս ոչնչացման օրինական թիրախ, ընդգծել է Պուտինը։
Նա յաւելել է, որ պատրաստ է շփումների ուկրաինական կողմի հետ, բայց իմաստ չի տեսնում, քանի որ «գործնականում անհնար կը լինի համաձայնութեան գալ ուկրաինական կողմի հետ հիմնական հարցերի շուրջ»։
«Կիեւը վերջերս բացառեց Ռուսաստանի հետ շփումների հնարաւորութիւնը, եւ հիմա նրանք խնդրում են նման շփումներ։ Կիեւը, հաւանաբար, քաղաքական կամք չունի համաձայնութեան գալու համար»,- նշել է Պուտինը։
Միեւնոյն ժամանակ, ըստ նրա՝ Ռուսաստանը երբեք չի առարկել եւրոպական ուղղութեամբ Ուկրաինայի ինտեգրացիոն նախաձեռնութիւններին։