Զելենսկի. «Ուկրաինայում հազարաւոր օտարերկրեայ զինծառայողներ կը տեղակայւեն»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքների շրջանակում քննարկւում է երկրում հազարաւոր օտարերկրեայ զօրքերի տեղակայումը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուժ յորոդում Եւրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ես չեմ խօսի թւի մասին, բայց կարեւոր է, որ մենք այս ամէնը քննարկում ենք: Այո, դա, միանշանակ, կը լինի հազարաւոր: Եւ սա փաստ է, բայց դեռ վաղ է խօսել այդ մասին»,- Զելենսկու խօսքերն է մէջբերել Reuters գործակալութիւնը:
Նա նաեւ ընդգծել է, որ Կիեւը Մոսկւայից ազդանշաններ է լսում, որ նրանք արդէն ընդունում են Եւրամիութեանն Ուկրաինայի անդամակցութիւնը:
«Ցաւալի է, որ նրանք այս իրողութիւնն այսքան ուշ են ընդունում»,- նշել է նա:
Իր հերթին, Անտոնիու Կոշտան յայտարարել է, որ չնայած Հունգարիայի վետոյին՝ Եւրամիութեանը Կիեւի անդամակցութեան բանակցութիւնները շարունակւում են եւ պէտք է շարունակւեն:
«Պէտք չէ սպասել Հունգարիային, որովհետեւ Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է, դա անվիճելի է»,- Կոշտայի խօսքերն է մէջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը:
Եւրոպական խորհրդի ղեկավարը յաւելել է, որ այժմ հարկաւոր է միաժամանակ երկու բան անել՝ պայքարել յանուն խաղաղութեան եւ առաջ շարժւել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցութեան՝ շատ պահանջկոտ բանակցութիւններում:
Յիշեցնենք, որ Եւրամիութիւնը չի կարողանում անդամակցութեան բանակցութիւններ սկսել Ուկրաինայի հետ միայն Հունգարիայի դիրքորոշման պատճառով. Բուդապեշտը վետօ է դրել բանակցութիւնների մեկնարկի վրայ։
Միեւնոյն ժամանակ, Լիտւան վերջերս առաջարկել է անդամակցութեան բանակցութիւններ սկսելու ծրագիր՝ առանց Հունգարիայի համաձայնութեան։ Վիլնիւսի գաղափարի համաձայն՝ բանակցութիւնների տեխնիկական մեկնարկը կարող է իրականացւել դաշինքի 26 անդամ պետութիւնների մակարդակով։