Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրքիան շարունակում է Ադրբեջանին նուրբ ակնարկներ անել 44-օրեայ պատերազմում իր ուղիղ մասնակցութեան մասին համատեղ ռազմական նոր ծրագրեր են մշակւում

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խօսել է 2020 թւականի 44-օրեայ պատերազմում իր բանակի զինւորականութեան հերոսութիւններից՝ նշելով, որ կարողացել են յաղթահարել եւ ճեղքել Արցախի օկուպացւած պաշտպանական շրջանների աշխարհագրական բարդ տեղանքները եւ այլն:

Նոյն օրը Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել Թուրքիայի Վետերանների օրւայ առիթով, որտեղ մատնանշւել է «Ադրբեջանի զինւած ուժերի հերոսութիւնը», յստակ շեշտւել, որ կազմակերպւած միջոցառմանը ներկայ են եղել «44-օրեայ պատերազմի վետերաններ Ադրբեջանից», սակայն յետոյ շարունակւել է՝ «Գիւլերը յարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի շեհիդների յիշատակին»:

«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին ե՛ւ ցաւի, ե՛ւ ուրախութեան ժամանակ՝ առաջնորդւելով «մէկ ազգ, երկու պետութիւն» կոնցեպտով: Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է լինելու»,- շեշտել է Թուրքիայի պաշտպանութեան նախարարը:

Յաւելենք, որ օգոստոսի 29-ին թուրքական եւ ադրբեջանական լրատւամիջոցները գրել էին, որ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերն իր ղեկավարած գերատեսչութեան շէնքում հանդիպում է ունեցել «Ղարաբաղեան պատերազմում զոհւածների ընտանիքների անդամների հետ»:

Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Թուրքիայի գլխաւոր շտաբի պետ Մեթին Գիւրաքը:

Մի կողմից՝ Թուրքիայի պաշտպանական գերատեսչութիւնը փորձում է տպաւորութիւն ստեղծել եւ յատկանշել 44-օրեայում Ադրբեջանի կատարածը եւ յաղթանակը, միւս կողմից՝ տողատակում հասկացնում է, որ այն հնարաւոր չէր առանց Թուրքիայի, ընդորում՝ ուղիղ մասնակցութեան:

Նշենք, որ Թուրքիայի գլխաւոր շտաբի պետ գեներալ Մեթին Գիւրաքը սեպտեմբերի 17-ին ընդունել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Նամիգ Իսլամզադէին:

Աւելին, Իսլամզադէն հանդիպումներ է ունեցել նաեւ Թուրքիայի պաշտպանութեան նախարարի, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի, Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդիւնաբերութեան կոմիտէի ղեկավար Հալուք Գեորգիւնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկւել է ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցութիւնն ընդլայնելու անհրաժեշտութիւնը, մտքեր են փոխանակւել համատեղ նախագծերի իրականացման շուրջ:

Նոյն ժամանակահատւածում Ադրբեջանի ԳՇ պետը ռազմական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանական գերատեսչութեան ղեկավարութեան հետ:

168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատման լուրը չպէտք է մեծ ոգեւորութեան առիթ տայ:

Ի դէպ, սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանութեան հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանութեան բնագաւառում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցութեան հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամութիւն են յայտնել, անդրադարձել նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող հարցերի։

Նշենք, որ Սլովակիան Ադրբեջանին զէնք վաճառող երկրներից է: Այս տարւայ յունիս ամսին Ադրբեջանը եւ Սլովակիան որոշել էին ուժեղացնել համագործակցութիւնը պաշտպանութեան բնագաւառում՝ ռազմատեխնիկական եւ ռազմարդիւնաբերութեան ոլորտներում: Իսկ վերջերս յայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինւած ուժերը ստացել է Սլովակիայից պատւիրւած L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։

Նշւում է, որ Ադրբեջանը ստացել է TATRA T815 8×8 հարթակի վրայ տեղադրւած հաուբիցների վերջին արդիականացւած տարբերակը:

Զինատեսակը յագեցւած է կրակի կառավարման աւտոմատ համակարգով, այս մոդելի կրակային հզօրութիւնն ու մանեւրելու ունակութիւնն աւելի բարձր է, քան նախորդ տարբերակներում: Հաուբիցի անձնակազմը բաղկացած է միայն վարորդից եւ հրամանատարից։ Բայց Ադրբեջանի եւ Սլովակիայի միջեւ «գազային յարաբերութիւններ» եւս կան: Կը յաջողւի՞ Հայաստանին Սլովակիայից զէնք ձեռք բերել, ժամանակը ցոյց կը տայ:

Յաւելենք, որ աւելի վաղ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը Բուլղարիայի եւ Սերբիայի հետ եւս պաշտպանական համագործակցութեան շուրջ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել։ Թէ ինչ փուլում են դրանք, յայտնի չէ:

Չմոռանանք, որ այս երկրները շատ լաւ յարաբերութիւններ ունեն Ադրբեջանի հետ՝ ոչ միայն պաշտպանական բնագաւառում, այլեւ դարձեալ ադրբեջանական գազի հզօր գործօնն է առկայ:

Related Articles

Back to top button