Ինչպէս յոյները հաստատւեցին Արցախում, հիմնադրեցին գիւղ եւ սկսեցին զբաղւել հանքարդիւնաբերութեամբ
Զ. ՇՈՒՇԻ
Հայաստանում եւ Արցախում ազգային փոքրամասնութիւններից են յոյները, ովքեր մեր երկրում ապրել են դեռ հնագոյն ժամանակներից:
Յոյների առաւել մեծ հոսք դէպի Հայաստան եւ Արցախ, սակայն, տեղի է ունեցել 18-րդ դարում: Առաջին յոյները Հայաստան եւ Արցախ են եկել Տիգրան Մեծի օրօք, որոնց Կիլիկիայից դէպի նոր կառուցւած մայրաքաղաք Տիգրանակերտ եւ մի շարք այլ բնակավայրեր բերեց Տիգրան Մեծը: Յոյների ամենամեծ հոսքը Հայաստան եղել է 1760-ականներին:
Յոյների Հայաստան ներգաղթի, լեզւական առանձնայատկութիւնների եւ մեր օրերում նրանց թւաքանակի մասին կան հետեւեալ տեղեկութիւնները.
«Ինչպէս ողջ Անդրկովկասի, այնպէս էլ Հայաստանի յոյները խօսում են յունարէնի պոնտական բարբառով, որը հնագոյն յունարէնի` իոնական յունարէնի տարաձեւութիւնն է։ Շատերը Տրապիզոնից եւ Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթածներ են (ինքնանւանում` Ռոմէյուս)։ Հայաստանի բոլոր յոյները վարժ խօսում են եւ հայերէն։ Ներկայումս Հայաստանում բնակւում է 1000-1500 յոյն եւ եւս 100-ը Արցախի Հանրապետութիւնում»: (Տե՛ս՝ Գ. Ասատրեան, Վ. Առաքելովա, «Հայաստանի ազգային փոքրամասնութիւնները», Երեւան, 2002, էջ 11):
Արդէն իսկ 18-րդ դարում յոյների՝ Արցախում հաստատւելու մասին գրում է հայ մեծանուն գրող Րաֆֆին: Նա 1881 թւականի յուլիսին ուղեւորութիւն է սկսում դէպի Սիւնիք եւ Արցախ։ Րաֆֆու ճանապարհորդութիւնը տեւում է մօտ 2 ամիս։ Այդ ճանապարհորդութեան մասին գրելիս Րաֆֆին գրում է նաեւ Արցախում տեսած յոյների մասին, ովքեր զբաղւում էին հանքի շահագործմամբ.
«Վերջապէս հասանք Մեհմանայի հանքերին: Այդ հարուստ հանքերը գտնւում են Հայոց Մեհմանա գիւղի աւերակներից ¾ վերստ հեռաւորութեան վրայ: Երեւում է, մի ժամանակ հանքերի մերձակայքում եղել է Հայոց խիտ ազգաբնակութիւն, որպէս ցոյց են տալիս Սովուկ-Բուլաղ եւ Սամբակ գիւղերի աւերակները, որոնք ծածկւած են անտառի տակ: Աւերակ եկեղեցիների մէջ ահագին ծառեր են աճել: Հանքերը բովագործում են յոյներ, որոնք ընտանիքով բնակւում են անտառի խլութեան մէջ փոքրիկ փայտաշէն խրճիթներում. ինձ շատ բարի մարդիկ երեւացին այդ գործաւորները. մէկը համարեայ ուժով մեզ տարաւ իր խրճիթը եւ հիւրասիրեց թէյով: Նրա կինը ազգով հայ էր, բոլոր երեխաները խօսում էին հայերէն: Հանքը պղնձի է, բովագործում են բոլորովին նահապետական ձեւով, այսուամենայնիւ, մէկ պուդից ստացւում է 7 ֆունտ զուտ պղինձ: Պղնձի հանքին շատ մօտ գտնւում է մի արճիճի հանք, որ խառն է արծաթի հետ, բայց վարպետները այնքան անհմուտ են, որ չեն կարողանում արծաթը բաժանել արճիճից: Հանքերը գտել են յիշեալ յոյները, մի մասը վաճառել են մի շուշեցի վաճառականի եւ նրա փողով բովագործում են»: (Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 9-րդ, էջ 284-285):
Րաֆֆիի յիշատակած Մեհմանա գիւղը գտնւում է Արցախում՝ Մարտակերտի շրջանում: Մեհմանա գիւղի անունը յունական է, որը թարգմանաբար նշանակում է հանքատեղի: Գիւղն ունեցել է նաեւ Բերզենի անւանումը:
Գիւղի հիմնադրման մասին կայ մէկ հետաքրքիր պատմութիւն.
«Թուրքական կառավարութեան հաւատափոխ լինելու պահանջին հակառակ, Տրապիզոնի հարաւից մի խումբ յոյն եւ երկաթագործներ, յոյն Խարալամպիի առաջնորդութեամբ գաղթում են դէպի Հայաստան։ Անիի աւերակների մօտ 147 տարեկան Թագուհի անունով մի կին նրանց խորհուրդ է տալիս գնալու Արցախ։ 1740-ական թւականներին նրանք հասնում են Շուշի։ Իսկ երբ անգլիացի երկրաբանները 1752 թւականին Արցախի Մեհմանա գիւղի մերձակայքում, անտառապատ լեռան լանջերին յայտնաբերում են մեծ պաշար ունեցող բազմամետաղների հանքավայր, յատկապէս արծաթահանքերը, հանքի շահագործումը սկսելուց յետոյ աշխատող, հիմնականում յոյն բանւորները այստեղ իրենց բնակւելու համար տներ են կառուցում։ Յետոյ անգլիացի կառավարիչը իր փոխարէն կառավարիչ նշանակելով մի յոյնի, մեկնում է հայրենիք։ Յոյնը Յունաստանից աշխատանքի եւ բնակւելու է հրաւիրում իր ազգակիցներին, որոնք էլ, հայերի հետ միասին, բնակութիւն հաստատելով այդ տարածքում, կառուցում են բնակավայր, այն անւանելով Մեհմանա»: (Տե՛ս Մանուկեան Մ., Արցախի (Լեռնային, Ղարաբաղ) Հանրապետութեան Շրջանները, Քաղաքները, Գիւղերը. Երեւան, 2020, էջ 290):
Արցախի Մեհմանա գիւղում վերջին մարդահամարը տեղի է ունեցել 2015 թւականին: Այդ ժամանակ գիւղում ապրել է 26 մարդ: Արցախում յոյներ ապրել են նաեւ Ստեփանակերտում: Պատմական եւ յուշագրական փաստերը համադրելով՝ տեսնում ենք, որ յոյների մեծ հոսք Հայաստան եւ Արցախ սկսւեց 18-րդ դարից եւ շարունակւեց նաեւ 19-րդ դարում: Արցախ եկած յոյները սկսեցին զբաղւել հանքարդիւնաբերութեամբ:
Նոյն արդիւնաբերական գործը արեցին նաեւ այն յոյները, ովքեր եկան Հայաստան: Րաֆֆիի յուշը փաստում է այն իրողութիւնը, որ Արցախում յոյները զբաղւում էին հիմնականում պղնձի եւ արճիճի հանքարդիւնաբերութեամբ: Հիմնադրւած գիւղի՝ Մեհմանա անունը եւս փաստում է, որ այդ շրջանում Արցախի մետաղական հանքարդիւնաբերութեան կարեւոր գործով զբաղւում էին նաեւ յոյները: Յոյները Հայաստանում եւ Արցախում հաստատւելով՝ բերեցին նաեւ իրենց կրօնական, ճարտարապետական մշակոյթը: Դա յատկապէս իրագործւեց Հայաստանում: Յաջորդիւ յօդւածում կանդրադառնանք Սիւնիքի մարզում յոյների վարած հանքարդիւնաբերական եւ եկեղեցաշինական գործունէութեանը:
168.am