Քրիստինէ Վարդանեան. «Երբեւէ Ալիեւին դատապարտե՞լ էք. վախենո՞ւմ էք»
«ԱԼԻՔ» – «Երբեւէ Ալիեւին դատապարտե՞լ էք. վախենո՞ւմ էք»։ Այս մասին երէկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ-ում գերիների վերադարձի թեմայով ընդդիմութեան ներկայացրած նախաձեռնութեան քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:
«Յայտարարութիւն չեն ընդունում, որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ու գլուխ են գովում, որ հարիւրաւոր գերիներ են յետ բերել։ Կը ներէք, իսկ նախքան ձեր իշխանութիւնը քանի՞ գերի ենք մենք ունեցել։ Ռուբէն Ռուբինեանը հասցրել ա իր էդ մտքի գոհարով կիսւել, օրինակ, եւրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ, որ յայտարարութիւններով գերիներ չեն բերում։
Մեր քաղաքացիները յաճախ հարցնում են՝ լաւ, որն է այլընտրանքը, չէ՞ որ մենք պարտւած երկիր ենք, մենք ի՞նչ հնարաւորութիւններ ունենք։ Այս նախագիծը նաեւ դրան էր միտւած։ Մենք այս նախագիծը բերել էինք ասելու, որ չնայած էս վիճակում այո, Հայաստանը այլընտրանք ունէր եւ բանակցային գործիք ունէր։ Սիրելի քաղաքացիներ, օրինակ գերիների անյապաղ եւ ամբողջական կարող էր լինել նախապայման ցանկացած բանակցութիւնների համար։ Ու նախքան որեւէ հող յանձնելը, դիրք յանձնելը, պէտք է լուծւէին այս մարդասիրական հարցերը։
Հասկանալի՞ օրակարգ է սա բոլոր միջազգային գործընկերների համար։ Այո։ Իրենք է՞լ են դա պահանջում։ Այո։ Հնարաւո՞ր է սա անել նորմալ բանակցողների պարագայում։ Այո։ Կանե՞ն էս իշխանութիւնները նման բան։ Իհարկէ, ոչ»,- ասել է պատգամաւորը: