Ադրբեջանի հետ բանակցութիւնների առարկայ փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտւող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է
Երեք տարի է Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղութեան պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարեւոր սկզբունքների հիման վրայ, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են.
1) Ադրբեջանը պէտք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականութիւնը 29.800 ք/կմ.,
2) տարածաշրջանի կոմունիկացիաները պէտք է բացւեն` չսահմանափակելով երկրների սուվերենութիւնը եւ իրաւազօրութիւնը,
3) պէտք է ձեւաւորւեն պայմանագրի իրագործումը երաշխաւորող միջազգային մեխանիզմներ։
Ի պատասխան` Ալիեւը նախօրէին յստակ յայտարարել է.
1) Ադրբեջանի զօրքերը որեւէ յետ քայլ չեն կատարելու այն տարածքներից, որոնք զբաղեցրել են 2020 թ․ նոյեմբերի 9-ից յետոյ,
2) միջանցք պէտք է լինի, այն պէտք է անցնի Մեղրիով եւ Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ եւ բեռները պէտք է անցնեն առանց ստուգման,
3) Ադրբեջանը չի ընդունում միջազգային երաշխիք ամրագրելու հայկական կողմի պահանջը։
Աւելին` Ալիեւը նաեւ յայտարարել է, որ դէմ է 1970 թ. քարտէզների հիմքով դելիմիտացիա սկսելուն եւ պահանջում է ՀՀ տարածքւոմ գտնւող 8 գիւղերը։
Փաստացի սա Բաքւի բռնապետի պաշտօնական հրապարակային պատասխանն է մեր պետութեան կադաստրի վկայական աղերսող Նիկոլ Փաշինեանին։
Սա Բաքւի բռնապետի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են` Արցախը տանք, որ Հայաստանի Հանրապետութիւնը փրկենք։
Սա Բաքւի բռնապետի պատասխանն է միջազգային հանրութեանը, ովքեր շաբաթը մի քանի անգամ արձանագրում էին «խաղաղութեան» պայմանագրի շուրջ առաջընթացի մասին։
Իրականում գործընթացի այս փուլում Ադրբեջանը ցանկանում է․
ա) լիգիտիմացնել եւ անշրջելի դարձնել իր մինչեւ օրս արձանագրած ձեռքբերումները՝ Արցախի բռնազաւթման եւ ՀՀ տարածքների օկուպացիայի մասով,
բ) որեւէ պարտաւորութիւն չստանձնելով` չսահմանափակել իր հետագայ գործողութիւնները։
Այս պարագայում Ադրբեջանի հետ «խաղաղութիւն» բառը պարունակող վերնագրով պայմանագրի ստորագրումը նշանակում է.
1. պաշտօնապէս ընդունել, որ ՀՀ-ն պատերազմի մէջ է գտնւել Ադրբեջանի հետ,
2. լեգիտիմացնել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանի ձեռքբերումները,
3. ոչնչացնել Արցախի հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան հնարաւորութիւնները։
Փաստն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցութիւնների առարկայ փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտւող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը մեր հասարակութեանը ներկայացւում է իբրեւ խաղաղութեան պայմանագիր:
Ստեղծւած իրավիճակից դուրս գալու, մեր առաջ կանգնած մարտահրաւէրները յաղթահարելու, իրական խաղաղութեան հասնելու մի ճանապարհ կայ՝ ազատւել այս ոչ հայկական կառավարութիւնից, ձեւաւորել ազգային իշխանութիւն, կառուցել նոր որակի ազգային, մրցունակ պետութիւն, որն ի վիճակի կը լինի յաղթահարել ներքին եւ արտաքին մարտահրաւէրները:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր