Վարդան Ղուկասեանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից. ««Եօթ Վէրք» եկեղեցին չի ներելու Տիրամօր ութերորդ վէրքը բացnղին»

«ԱԼԻՔ» – Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանը ուղերձ է յղել ԱԱԾ մեկուսարանից՝ 1988 թւականի դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի յիշատակի օրւայ կապակցութեամբ.
«Դեկտեմբերի 7-ը՝ սգոյ, ողբերգութեան, մեր անմեղ զոհերի յիշատակը խնկարկելու օրն է։
37 տարի առաջ հէնց այս օրը Հայաստանի հիւսիսը ցնցւեց երկրաշարժից։ Արդիւնաբերական հսկայ Գիւմրի քաղաքը, վայրկեանների ընթացքում, վերածւեց աւերակների։ Մայր հողն իր մէջ առաւ հազարաւոր գիւմրեցիների, հազարաւորներն էլ դարձան հաշմանդամ, զրկւեցին բնակարանից ու աշխատատեղից։ Ողբերգական այդ օրւանից մի ողջ կեանք է անցել, սակայն մեր ցաւը չի մեղմւել, մեր վէրքն արիւնահոսում է ցայսօր։
Երբ դուք առաջին անգամ ինձ վստահեցիք Գիւմրիի քաղաքապետի պաշտօնը, ձեր ուղերձը մէկն էր՝ ուժերի գերլարումով, անկոտրում կամքով եւ ամենօրեայ աշխատանքով դիմափոխել տառապանքից հիւծւած քաղաքը։ Տարիների իմ աշխատանքը ձեր աչքի առջեւ է՝ սկսած ճանապարհաշինութիւնից, բնակարանային շինարարութիւնից, բնակարանների թափանցիկ բաշխումից մինչեւ պայքար անօթեւանների իրական, ճշմարիտ թւի ներկայացում Հայաստանի կառավարութեանը, նոր բնակարանաշինութիւն, մարզամշակութային, կրթական օջախների կառուցում եւ վերակառուցում։ Իմ ղեկավարման տարիներին կառուցւել էր շուրջ 17.000 բնակարան, քաղաքն ազատւել է շուրջ 40.000 տնակից։
Աւերւած քաղաքից մինչեւ նրա վերածնունդը մենք եղել ենք միասին, ձեր կամքն է ձուլւել իմ կամքին։
Այսօր (դեկտ. 7-ին, ԽՄԲ.) Գիւմրին կրկին անտեսւած է. օրւայ իշխանութիւնների 8 տարւայ կառավարման ընթացքում գէթ մէկ բնակարան չի կառուցւել Գիւմրիում։
Մէկ տարի առաջ այս նոյն օրը՝ դեկտեմբերի 7-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերաօծեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր զարդերից մէկը՝ Սուրբ «Ամենափրկիչ» եկեղեցին։ Ինչպէս «Ամենափրկիչը», այնպէս էլ «Սուրբ Նշանը» վերականգնւել են իմ կողմից, ինչպէս ասւում է Սուրբ Գրքում, ոչ թէ աւելցուկից, այլ՝ վերջինով։ «Ամենափրկիչը» խոնարհւած ու վեր յառած հոգեւոր այն բացառիկ կոթողներից է, որը վկայում է մեր հոգեւոր սխրանքների, քրիստոսադաւանութեան, առաքելական անսասան հաւատքի, մնայուն յոյսի եւ անսահման սիրոյ մասին։
«Մինչեւ Ամենափրկիչը չվերականգնւի, Գիւմրին չի վերականգնւի»՝ իմ արտայայտած միտքն իրականութիւն է, չնայած այն հանգամանքին, որ, տարիների անտարբերութիւնից յետոյ, քաղաքի զարգացման տեմպերը եւ առկայ անելիքները դեռեւս շատ են։
Հէնց դրանցով էլ պայմանաւորւած՝ ես կրկին առաջադրւեցի քաղաքապետի պաշտօնում՝ վերստին ստանալով ձեր եւ Գիւմրու աւագանու ընդդիմադիր ուժերի վստահութեան քւէն։ Այսօր ես ձեզ դիմում եմ Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութեան զնդանից՝ իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ պլանաւորւած քաղաքական հալածանքի եւ ծրագրւած հետապնդման հետեւանքով։
Հայաստանի ինքնիշխանութեան դէմ յայտարարութիւններ անելու ինձ ներկայացւած մեղադրանքը ոչ թէ նողկալի է, այլ՝ ծիծաղելի։ Դուք բոլորդ գիտէք ինձ, իմ գործունէութիւնը, մեր պաշտելի հայրենիքի նկատմամբ իմ անհատակ սէրն ու նւիրւածութիւնը։
Այսօր Գիւմրու «Սուրբ Եօթ Վէրք» եկեղեցի է ոտք դնելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Աստւածուրացի տարիներին Հայաստանում երկու եկեղեցու զանգերը չեն լռել՝ Մայր Տաճարինը եւ «Եօթ Վէրքինը» կամ Աստւածածնինը։ Երիցս նզովեալ է նա, ով կեղծ պատարագ կը կազմակերպի Տիրամօր Եօթ վէրքերը խորհրդանշող մեր սուրբ եկեղեցում։
Ես գիտեմ՝ Աստծոյ բարկութիւնը երկնքից յայտնւում է նրանց վրայ, ովքեր անիրաւութեամբ եւ անբարշտութեամբ ճնշում են ճշմարտութիւնը։
«Եօթ Վէրք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամօր ութերորդ վէրքը բացողին։
Ուզում եմ յիշեցնել, որ 1918 թւականին, երբ թուրք գեներալ Մեհմեդ Վեհիբ փաշան ցանկացել է քանդել «Եօթ Վէրք» եկեղեցին, վախից ուշագնաց է եղել։ Տիրամայրը թուրքին տեսիլքով սպառնացել է կուրացնել։ Ուշքի գալուց, թշնամի ջարդարարը գոռացել է «Մայրամանայ», այսինքն՝ «Աստւածածին», ինչից յետոյ թուրք գեներալը խոնարհւել է Աստւածամօր պատկերի առջեւ՝ իր թիկնազորով պաշտպանելով «Եօթ Վէրք» եկեղեցին։
Քաղաքական դիւիդենտների համար Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, թշնամու պատւէրով, հալածողին, ուզում եմ յիշեցնել Անյուշ բերդում Արշակ թագաւորի աքսորի պատմական փաստը։
Ինձ ու Սրբազաններին բանտում հանիրաւի պահող, յիշի՛ր՝ Գիւմրիից սկսեցիր քո քայլարշաւը, բայց «Սուրբ Եօթ Վէրքը», իմ կառուցած «Սուրբ Նշանն» ու «Ամենափրկիչը» քո կործանման պատիժն են տալու, իսկ ես ու շատերը կաղօթենք քո անթիւ մեղքերի թողութեան համար։
Սիրելի հայրենակիցներ…
Յիշատակի այս օրն ես ձեզ մաղթում եմ տոկունութիւն, ուժ, ներքին եւ արտաքին թշնամիներին դիմագրաւելու միասնականութիւն: Չվախենաք ոչնչից եւ ոչ մէկից: Աստւած մեզ հետ է, եւ, ուրեմն, ո՞վ կարող է մեզ հետ մենամարտել»,-ասւած է ուղերձում։



