AFD-ից Գերմանիայի կանցլերի թեկնածուն հանդէս է եկել Ռուսաստանի հետ «շատ լաւ» յարաբերութիւնների հաստատման օգտին

«ԱԼԻՔ» – «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) աջ արմատական կուսակցութիւնից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ալիս Վայդելը Bild-ին տւած հարցազրոյցում հանդէս է եկել Ռուսաստանի հետ «շատ լաւ» յարաբերութիւններ հաստատելու օգտին: Հաղորդում է Deutsche Welle-ն։
«Մենք ցանկանում ենք շատ լաւ յարաբերութիւններ ունենալ մեր եւրոպական հարեւանների հետ։ Բայց ցանկանում ենք նաեւ նոյնպիսի յարաբերութիւններ ունենալ մեծ տէրութիւնների, այդ թւում՝ Ռուսաստանի հետ։ Ընդամէնը երկու տարի առաջ «Հիւսիսային հոսք»-ով Ռուսաստանից էժան բնական գազ էինք ստանում։ Մենք ցանկանում ենք վերջ տալ պատժամիջոցների քաղաքականութեանը, որն առաջին հերթին վնասում է մեր երկրին։ Մենք ունենք էներգակիրների ամենաբարձր գներն աշխարհում։ Մենք այլեւս մրցունակ չենք»,- յայտարարել է Վայդելը:
Ի պատասխան զրուցավարի այն դիտողութեանը, թէ AFD-ից կանցլերի թեկնածուն չի քննադատում Ռուսաստանին, Վայդելն ասել է. «Դոնալդ Թրամփը նոյնպէս դա չի անում։ Մենք պէտք է նստենք բանակցութիւնների սեղանի շուրջ։ Ես դա լուրջ քաղաքականութիւն եմ համարում»։ Քաղաքական գործիչը նաեւ հանդէս է եկել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հասնելու օգտին՝ որպէս Գերմանիայի «խոշոր եւ նախկինի պէս կարեւորագոյն առեւտրային գործընկերների»:
Յիշեցնենք, որ յունւարի 11-ին սաքսոնական Ռիզա քաղաքում կուսակցութեան նախընտրական համագումարում ելոյթ ունենալիս Վայդելը խոստացել է, որ եթէ AFD-ին յաջողւի իշխանութեան գալ փետրւարի 23-ին Բունդեսթագի արտահերթ ընտրութիւնների արդիւնքում, «Հիւսիսային հոսք» գազատարի աշխատանքը կը վերսկսւի: