ՄԱԿ. «Արտաքին ֆինանսաւորումը սառեցնելու ԱՄՆ որոշումը կարող է յանգեցնել HIV-ից միլիոնաւոր մահւան դէպքերի»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի արտաքին ֆինանսաւորումը դադարեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կարող է յանգեցնել ՁԻԱՀ-ից եւս միլիոնաւոր մահւան դէպքերի, կիրակի նախազգուշացրել է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դէմ պայքարի ծրագրի ղեկավար Վինի Բեանիման,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Միացեալ Նահանգները զարգացման նպատակով պաշտօնական օգնութեան աշխարհի խոշորագոյն մատակարարն է, որի միջոցների մեծ մասն ուղղւում է Միացեալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) միջոցով:
Յունւարին իշխանութեան վերադառնալուց յետոյ Թրամփը կարգադրեց երեք ամսով սառեցնել ԱՄՆ-ի արտաքին օգնութեան հիմնական մասը, ինչի հետեւանքով ամբողջ աշխարհի մարդասիրական կազմակերպութիւնները ստիպւած եղան պայքարել դրա հետեւանքների դէմ:
«Ես պէտք է ահազանգեմ, որպէսզի բոլորը հասկանան, որ սա (HIV-ով հիվանդների ֆինանսական օգնութիւնը) կարեւոր մաս է։ Եթէ սա դադարի, մարդիկ կը մահանան»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի գործողութիւնները ներառում էին HIV-ի դէմ պայքարի նախագահական արտակարգ ծրագրի շրջանակներում բոլոր աշխատանքների 90-օրեայ դադարեցում, թէեւ աւելի ուշ նրա վարչակազմը այդ ծրագրի շրջանակում հրաժարւեց դեղամիջոցներից։
HIV-ի հետազօտութիւնների հիմնադրամի վերլուծութեան համաձայն, ծրագիրն աջակցում է ՄԻԱՎ-ով վարակւած աւելի քան 20 միլիոն մարդու եւ 270,000 բուժաշխատողների:
«ԱՄՆ-ի արտաքին ֆինանսաւորումը դադարեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կարող է յանգեցնել ՁԻԱՀ-ից եւս միլիոնաւոր մահւան դէպքերի:
Մենք կարող ենք տեսնել մահւան դէպքերի տասնապատիկ աճ՝ հասնելով 6,3 միլիոնի հինգ տարւայ ընթացքում: Կամ կարող ենք ականատես դառնալ նոյն ժամանակահատւածում վարակւածութեան նոր դէպքերի թւի աւելացմանը մինչեւ 8,7 միլիոնի»,- կիրակի նախազգուշացրել է ՄԱԿ-ի HIV-ի դէմ պայքարի ծրագրի ղեկավար Վինի Բեանիման:
Յիշեցնենք, որ ԱՄՆ-ն աւելի վաղ յայտարարել էր, որ սառեցումը չի անդրադառնայ «կենսական նշանակութիւն ունեցող դեղամիջոցների վրայ», թէեւ Աֆրիկայում առաջնագծում աշխատողներն ասում են, որ բժշկական հաստատութիւններն արդէն փակւած են: Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկեան միութեան գագաթնաժողովի շրջանակներում Բեանիման ասել է, որ քննարկել է այդ հարցը առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց արտաքին ֆինանսաւորումից անցնել ներքին եկամուտների օգտագործմանը: