Սփիւռքի զօրաշարժը՝ Հայաստանը Փաշինեանի կործանարար քայլերից փրկելու համար

2026 թւականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացաւ Սփիւռքի ազգային զօրաշարժին նւիրւած խորհրդաժողով՝ համախմբելով 26 երկրներից, ներառեալ Հայաստանից եւ Արցախից ժամանած 160 քաղաքական գործիչների, համայնքային առաջնորդների, միջազգային իրաւաբանների, հոգեւորականների եւ մտաւորականների։
Խորհրդաժողովի նպատակը Հայաստանի եւ Սփիւռքի յարաբերութիւնների համապարփակ գնահատումն էր շարունակւող ազգային մարտահրաւէրների եւ փոփոխւող աշխարհաքաղաքական իրողութիւնների պայմաններում, միաժամանակ ընդգծելով համահայկական միասնական օրակարգի շուրջ համակարգւած զօրաշարժի անհրաժեշտութիւնը։
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմութեան մէջ։ Ամէն անցնող օր վարչապետ Նիկոլ Փաշինեանը զգալի վնաս է հասցնում Հայաստանի ազգային շահերին այնպիսի չափով, որ եթէ նա շարունակի պաշտօնավարել յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, ապա հայրենիքի գոյութիւնը կարող է յայտնւել մեծ վտանգի տակ։ Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար, որը կը պաշտպանի երկրի ազգային շահերը բոլոր կողմերից եկող արտաքին միջամտութիւններից՝ Արեւելքից, Արեւմուտքից, Հիւսիսից, թէ Հարաւից։
Հայերը, որոնք այս վճռորոշ պահին անտեսում են հայրենիքի տհաճ իրավիճակը եւ ձեռքները ծալած նստում, նպաստում են նրա անկմանը։ Անկախ բնակութեան վայրից, իւրաքանչիւր հայ ունի սուրբ պարտականութիւն՝ պաշտպանելու Հայաստանը նրա թշնամիներից՝ թէ՛ երկրի ներսում, թէ՛ նրա սահմաններից դուրս։
Ցաւօք, Հայաստանի գրանցւած ընտրողների մօտ կէսը յայտնել է, որ չի մասնակցելու առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին: Այսպիսի անտարբերութիւնը հնարաւորութիւն է տալիս շարունակելու այն քաղաքականութիւնը, որին մեծամասնութիւնը դէմ է: Իւրաքանչիւր գրանցւած հայ ընտրող ունի քաղաքացիական պարտականութիւն մասնակցելու ընտրութիւններին եւ քւէարկելու յունիսի 7-ին: Նոյնիսկ Սփիւռքում ապրող Հայաստանի քաղաքացիները պէտք է ժամանեն Հայաստան՝ մասնակցելու քւէարկութեանը:
Քարոզարշաւի ռազմավարութեան տեսանկիւնից ընդդիմադիր քաղաքական ուժերը պէտք է իրենց ջանքերը կենտրոնացնեն այն ընտրողների վրայ, որոնք նախատեսում են չմասնակցել ընտրութիւններին, այլ ոչ թէ ժամանակն ու ռեսուրսները վատնեն Փաշինեանի նւազող աջակիցներին համոզելու վրայ։ Նրա հետեւորդները շարունակելու են աջակցել նրան, քանի որ իրենց ապրուստը կախւած է նրանից, նրանք կամ պետական ծառայողներ են, որոնք ստանում են մեծ պարգեւավճարներ, կամ օգտւում են մենաշնորհային բիզնես արտօնութիւններից։
Քաղաքական իրավիճակի հրատապութեան պայմաններում Փարիզի խորհրդաժողովը ստացաւ առանձնայատուկ կարեւորութիւն։ Մասնակիցների մեծ մասը, որոնք որեւէ կուսակցութեան հետ կապ չունէին, համատեղ արձանագրեցին Հայաստանի առջեւ ծառացած վտանգները եւ պարտաւորւեցին տուն վերադառնալուն պէս ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց համայնքների անդամներին զօրաշարժելու նպատակով։ Յատկանշական է, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգէն Մանուկեանը, Խոսրով Յարութիւնեանը եւ Հրանտ Բագրատեանը։
Ֆրանսիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը մասնակիցներին դիմեց տեսաուղերձով: Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնակատար եւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիէլեանն անձամբ ելոյթ ունեցաւ խորհրդաժողովում:
Խորհրդաժողովում 19 բանախօսներ ելոյթ ունեցան չորս պանելային քննարկումներում.
- 1. Սփիւռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման մէջ. ո՞րն է Սփիւռքի քաղաքական օրակարգը։
- 2. Ազգային արժէքների եւ Հայոց եկեղեցու կարեւորութիւնը Սփիւռքում՝ հայկական ինքնութեան պահպանման համար. նոր իրավիճակի մարտահրաւէրները։
- 3. Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հիմնահարցեր եւ հորիզոններ։
- 4. Սփիւռքի զօրաշարժ եւ վերաշխուժացում՝ յանուն համազգային նպատակների։
Որպէս խորհրդաժողովի բանախօսներից մէկը՝ իմ ելոյթում ափսոսանք յայտնեցի, որ Հայաստանի իրարայաջորդ կառավարութիւնները Սփիւռքը լիարժէք չեն օգտագործել որպէս թանկարժէք ռեսուրս։ Փաշինեանի վարչակազմի կողմից Սփիւռքի նախարարութեան փակւելուց յետոյ Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները հասել են իրենց ամենացածր մակարդակին՝ Հայաստանի անկախութիւնից ի վեր։ Փաշինեանը յաճախ նսեմացնում եւ հակադրում է Սփիւռքին, այդպիսով իր կառավարութեանը հեռացնելով Սփիւռքի մտահոգութիւններից։
Փաշինեանի տեսակէտներն ու դիրքորոշումները էականօրէն շեղւում են հայկական արժէքներից եւ առաջնահերթութիւններից։ Նա բացայայտօրէն քննադատել է ազգային խորհրդանշանները՝ Արարատ լեռը, պետական զինանշանը եւ ազգային օրհներգը։ Վերանւանելով «Հայոց պատմութեան» դասագրքերը «Հայաստանի պատմութեան»՝ նա փոքրացրել է հայկական ինքնութեան պատմական ընդգրկումը։ Փաշինեանը կասկածի տակ է դրել Հայոց Ցեղասպանութեան իսկութիւնը, իսկ կրծքին կրում է «Իրական Հայաստանի» քարտէզը՝ փորձելով մոռացութեան մատնել պատմական Հայաստանը։
Անվտանգութեան եւ ինքնիշխանութեան հարցերում՝ Փաշինեանը յանձնել է Արցախը Ադրբեջանին, հրաժարւել է Հայաստանի Հանրապետութեան 220 քառակուսի կիլոմետր տարածքից՝ յօգուտ Ադրբեջանի, Արցախի հարցը համարում է փակւած, մինչդեռ Արցախի ղեկավարները շարունակում են մնալ Բաքւի բանտում, եւ կազմել է սեւ ցուցակ այն սփիւռքահայերի, որոնք պարզապէս նրա քաղաքականութեան հետ անհամաձայն լինելու պատճառով զրկւել են Հայաստան այցելելու իրաւունքից։
Բացի այդ, նա ձեռնարկել է առճակատման քայլեր Հայ Առաքելական Եկեղեցու դէմ՝ ներառեալ բարձրաստիճան հոգեւորականների կալանաւորումը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը յայտարարել է պաշտօնական համաժողով կազմակերպելու ծրագրերի մասին՝ բացառապէս «Սփիւռքի պետականակենտրոն կազմակերպութիւնների» համար։
Եզրափակելով իմ ելոյթը՝ առաջարկեցի մեխանիզմ, որը կը կարողանայ միաւորել միլիոնաւոր սփիւռքահայերի մէկ միասնական կառոյցի մէջ՝ ձեւաւորելով սփիւռքահայերի Խորհրդարան, որը կընտրւի Սփիւռքի տարբեր համայնքների անդամների կողմից։
Խորհրդաժողովի աւարտին, ի զարմանս ինձ, Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիէլեանն ինձ յանձնեց Արցախի Հանրապետութեան շնորհակալագիր, որտեղ նշւած էր. «Խորին երախտագիտութիւն եմ յայտնում Ձեզ, բռնի տեղահանւած արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան եւ իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիւ վերադարձի ապահովման գործում ներդրած մեծ աւանդի համար»:
Պատիւ էր ճանաչումը, սակայն աւելի կարեւոր է այն պատասխանատւութիւնը, որ կիսում են աշխարհասփիւռ հայերը՝ վճռականօրէն գործելու այս առանցքային պահին։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



