Հայասպանութիւն կամ Արմէնոցիդ*)

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Թէեւ 1915 թիւն ենք համարում Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական տարեթիւը, որովհետեւ այն ինչ կատարւեց հայութեան նկատմամբ 1915 թւի Ա Համաշխարային պատերազմի ընթացքում, իր նախադէպը չի ունեցել թէ՛ մեր բազմաչարչար ժողովրդի, եւ թէ՛ մարդկութեան պատմութեան մէջ որի համար էլ 2026 թւականը համարում ենք Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակը, սակայն Հայոց Ցեղասպանութիւնը շուրջ 600 տարւայ անցեալ ունի եւ գործադրւել է երկու փուլով, առաջին փուլը սկսել է 11-12-րդ դարից, երբ թուրքական ցեղերը գրաւում են հայոց հայրենիքը որը տեւում է 500 տարի՝ մինչեւ 1890 թիւը եւ երկրորդը տեւում է 100 տարի՝ 1890 թւից մինչեւ այսօր, Աբդուլ Համիդի ձեռքով 350000 հայերի ոչնչացումով, Բաքւի եւ Ադրբեջանի միւս հայաբնակ վայրերում, հայերի զանգւածային սպանութիւններով եւ Արցախի հայաթափումով եւ արցախցիների սպանութիւններով ու բռնագաղթով:
Հակառակ այն իրականութեան որ Սելջուկների եւ աւելի ուշ Մոնգոլների ու այլազան թուրք ցեղերի ասպատակութեանց պատճառով եւ հայերի մէկ մասի հայրենի երկրից արտագաղթի, մինչեւ Առաջին Համաշխարհային պատերազմը, Հայկական լեռնաշխարհի հիմնական բնակիչների 98%-ը հայերն էին:
1882-ի մարդահամարով, Թուրքիայի մէջ ապրում են եղել, 2 միլիոն 660 հազար հայեր:

Հայերի նկատմամբ թուրք կառավարութեան, պարբերաբար գործադրւած զանգւածային ջարդերն ու բռնագաղթերը, նւազեցնում էին հայերի թիւը երկրի մէջ, 1894-96-ին Արեւմտեան Հայաստանի եւ Պոլիսի կոտորածներին զոհ գնացին 300000 հայեր իսկ 1900-ին Կիլիկիոյ մէջ զոհւեցին 30 հազար եւ 200 հազար էլ տարագրւեցին օտար երկրներ որոնց հետեւանքով, 20-րդ դարի սկզբին հայերը արդէն, կազմում էին Արեւմտեան Հայաստանի բնակչութեան 38.9-ը, թուրքերը՝ 25.4-ը, քիւրդերը 24.6%-ը:
1915-ին Թուրքիայի պետութիւնը Արեւմտեան Հայասանում եւ Թուրքիայի այլ շրջաններում, կազմակերպեց հայերի Ցեղասպանութիւնը, որը 1918-1920 թւականներին շարունակեցին քեմալականները: Ցեղասպանութեան զոհ գնացին 1,5 միլիոնից աւելի հայ, մնացեալն էլ ցրւեցին ի սփիւռս աշխարհի, դառնալով գաղթական եւ ենթակայ ձուլման վտանգի եւ Արեւմտեան Հայաստանն էլ զրկւեց իր բնիկ հայ բնակչութիւնից:
Հայ բնակչութեան բնաջնջումով, Թուրքիայի կառավարող շրջանակները հետպնդում էին մի քանի նպատակներ.-
- Վերացնել Հայկական Հարցը, որով էլ վերջ պիտի գտնէր Եւրապական պետութիւնների միջամտութիւնները Թուրքիայի գործերին:
- Թուրքերը կը ձերբազատւէին տնտեսական մրցակցութիւններից հայերի հետ:
- Նրանց առջեւ կբացւէր դէպի Կովկաս եւ Միջին Ասիա տանող ճանապարհները, իրագործելու «պանթուքիզմ»-ի երազը:
Հայոց Ցեղասպանութիւնը համարւում է 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն, որն ըստ ՄԱԿ-ի 1948-ի կոնւենցիայի յօդւածների, պատժելի արարքներ են նկատւում: Ցաւօք, հայերի Ցեղասպանութեան փաստը դեռ միջազգային պաշտօնական ճանաչում չի ստացել (թէեւ Եւրոխորհրդարանը եւ աշխահի մի շարք երկրների խորհրդարաններ, կատարւածը որակել են Ցեղասպանութիւն), սակայն հեռու չէ այն օրը, որ մեր Հայ Դատի Յանձնախմբերի անկոտրուն ջանքերի շնոհիւ, աշխարհը միջազգային օրէնսդրութեան նորմերի հիման վրայ տալու է իր արդար վճիռը, թուրք ջարդարարների նկատմամբ եւ կատարելու վնասից հատուցում հայ ժողովրդին:
————————————-
- Արմէնոցիդ տերմինը, որ ցեղասպանութեան (գենոցիդի) դրսեւորում է, առաջին անգամ տեղ է գտել Լիբանանի իրաւագէտ՝ Մետր Մուսա Պրենսի զեկուցագրում ներկայացրած 1967-ի յուլիսին Փարիզում կայացած միջազգային 2-րդ համագումարին, որտեղ քննութեան է ենթարկւել հայկական Ցեղասպանութիւնը:
Նոր Ջուղա
24.4.2026 թ.



