Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սեւակ Նազարեան. «Ինչի միջեւ կատարել ընտրութիւնը՝ Ալիեւի կողմից անարգւողի՞, թէ՞ Ալիեւին խեղճացնողի»

ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը գրում է.

«Իւրաքանչիւր հայ անհատ, ով գնալու է ընտրութեան պէտք է հասկանայ, թէ ինչի մէջ է կատարում ընտրութիւնը. ստախօս առաջնորդի, թէ ծանրակշիռ խօսքի: Բարեկամներին թշնամի սարքողի, թէ դաշնակիցներ գտնողի: Սխալների համար մեղաւորներ փնտրողի, թէ սխալների համար պատասխան տւողի: Թշնամիների հետ եղբայրութիւն քարոզողի, թէ թշնամուն յաղթել ուզողի:

Քծնանքով Թուրքիայից սէր աղերսող, թէ Թուրքիայի դիմաց ամուր պետութեամբ կանգնողի: Ալիեւի կողմից անարգւողի, թէ Ալիեւին խեղճացնողի: Սփիւռքի հանդէպ պատասխանատւութիւնից հրաժարւողի, թէ Սփիւռքը հայրենիքին կապողի: Ներդրումների համար հայրենիքի տարածք օտարողի, թէ ներդրումները երկրում պահողի: Դատական համակարգը իրեն ծառայեցնողի, թէ արդարադատութիւն կառուցողի: Ոստիկանութիւնը որպէս թիկնազօր օգտագործողի, թէ յանցաւորութիւնը վերացնողի:

Նոր սերնդին թմրամիջոցները հասանելի դարձնողի, թէ դրանց ներքին տարածումը վերացնողի: Աչք մտցնելու համար գիւղերում ասֆալտ անողի, թէ գիւղացուն անվտանգ արօտավայրեր ու հողեր տւողի: Աչք մտցնելու համար մի քանի դպրոց թանկով վերանորոգողի, թէ կրթական համակարգ կառուցողի: Գիւղերում դպրոցներ փակելով գիւղերը դատարկողի, թէ գիւղացու համար հաւասար պայմաններ ստեղծողի: Դատարկ հիմքով ասֆալտ անողի, թէ կամուրջներ, թունելներ եւ այլ ենթակառուցւածքներ սարքողի: Դիրքեր յանձնելով «ամուր սահման» կառուցողի, թէ ամուր դիրքերով սահման պահողի: «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ը անցեալ սարքողի, թէ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ը իրականցնողի:

Արցախը յանձնողի, թէ Արցախը ազատագրողի, պահողի եւ զարգացնողի: Պատերազմ բերողի, թէ պատերազմ զսպողի: Խաղաղութիւն մուրացողի, թէ խաղաղութիւն պարտադրողի: Արցախը հայրենիք չհամարողի, թէ Արցախը հայրենիքի անբաժան մաս համարողի: Ցեղասպանութեան պատճառը հայերին համարողի, թէ Ցեղասպանութեան հարցը որպէս անժամանցելի հարց բարձրացնողի: Արմաւիրն ու Արագածոտնը Արեւմտեան Հայաստան կոչողի, թէ Սասունն ու Մուշը միացեալ Հայաստանի մաս համարողի:

Հասարակութեանը պառակտողի, թէ միաւորողի: Ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու գաղափարին կողմ լինողի, թէ դրա դէմ պայքարողի: Հայ Առաքելական Եկեղեցուն եւ հոգեւորականութեանը թիրախ դարձնողի, թէ Եկեղեցին բացարձակ արժէք ընկալողի: Սրբազաններ բանտարկողի, թէ եկեղեցի կառուցողի: Արցախցիներին փախստական սարքողի, թէ Արցախցիների համար տուն կառուցողի: Եւ վերջապէս յիշողութիւն չունեցող անասունի, թէ մարդկանց միջեւ:

Յ. Գ. – Կարող էք ինքներդ էլ աւելացնել այս շարքը:

Յ. Գ.1. – Ձախ կողմը պարզ է, աջ կողում կարող են լինել տարբեր թեկնածուներ: Սա ոչ մի ուժի կամ մարդու մասին չէ, սա ընտրելու պատճառի մասին է»:

Related Articles

Back to top button