Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Քաղաքական վերլուծաբան. «Սամարղանդում հնչած յայտարարութիւնը Հայաստանում արժանացաւ գրեթէ զրօ ուշադրութեան»

«ԱԼԻՔ» – «Մի քանի օր առաջ Սամարղադում հնչել է մի բան, որը, թւում է, թէ այսօր պէտք է լինէր Հայաստանի հանրային օրակարգի առաջնային ուշադրութեան առարկաներից մէկը: Բայց դէ, գրեթէ զրօ ուշադրութիւն»,-գրում է քաղաքական վերլուծաբան Յակոբ Բադալեանը։

Նա մանրամասնում է.

«Ադրբեջանի նախագահ Ալիեւը յայտարարում է, որ Հայաստանը պէտք է տրամադրի անխոչընդոտ ճանապարհ՝ առանց մաքսային ու սահմանային հսկողութեան: Իհարկէ, այս յայտարարութիւնները մեր հանրութեան մէջ արդէն սկսել են «ընկալւել» սովորական: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այս ձեւակերպումներն ըստ էութեան օգտագործում է ոչ միայն Ալիեւը, այլ նաեւ Ուրսուլա ֆոն դէ Լայենը: Վերստին յիշեցնեմ, Սամարղանդում նրա յայտարարութիւնը, որ Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ Միջին միջանցքի շրջանակում Կենտրոնական Ասիայի եւ Հարաւային Կովկասի երկրների միջեւ պէտք է լինեն անխոչընդոտ սահմաններ, Հայաստանում արժանացաւ գրեթէ զրօ ուշադրութեան: Իսկ Ալիեւը «որսաց» պահն ու մի քանի օր անց օգտագործելով Բաքւում ինչ որ միջազգային ֆորումի առիթը, յայտարարում է, որ Հայաստանը պէտք է տա անխոչընդոտ հաղորդակցութեան հնարաւորութիւն: Սա խաղ է Բրիւսէլի հետ այսպէս ասած նոյն «ալիքի վրայ լինելու» հաշւարկով: Երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սամարղանդում ունենում էր իր ելոյթը, այդ ընթացքում Հայաստանում էր Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որի հանդիպումների առանցքում հայ-ադրբեջանական թեման էր: Գրոնոն չի մեկնել Բաքու: Ինչո՞ւ: Բաքւից ակնկալիքներ չկա՞ն, թէ՞ ակնկալիքը միայն գազն է, ինչի համար Ադրբեջան էր մեկնել էներգետիկայի հարցերով եւրայանձնակատարը: Ի դէպ, Ալիեւը նրա առաջ բարձրաձայնել էր, թէ Ադրբեջանին պէտք է երաշխիք, որ առաջիկայ տարիներին Եւրոպայում ադրբեջանական գազը կը լինի պահանջարկ ունեցող: Այլ կերպ ասած՝ երկարաժամկէտ նոր պայմանագիր: Եւ, դատելով յայտարարութիւններից, նա ստացել է այդ երաշխիքը՝ գոնէ նախնական տարբերակով: Գիտենք, որ 2022 թւականին նոյն ֆոն դէ Լայենը Ալիեւի հետ Բաքւում կնքում էր հնգամեայ գործակցութեան պայմանագիրը, որը լրանում է 2027-ին: Այժմ Ալիեւն ըստ ամենայնի փորձում է ցրցամ տալ դրանից յետոյ եւս մի հնգամեակի պայմանագիր, եթէ ոչ աւելի: Ամբողջ հարցն այն է, որ այդ յարաբերակցութիւնում աւելի ամուր դիրք ունի Ալիեւը, քան ԵՄ-ն, որքան էլ հնչի պարադոքսալ: Եւ այդ համատեքստում, մեծ է հաւանականութիւնը, որ ոչ թէ Ալիեւն է ինչ որ բան պարտաւորւում ԵՄ-ից գազի գնման երաշխիքի դիմաց, այլ Ադրբեջանն է գազի մատակարարման դիմաց ակնկալում ինչ որ բան ԵՄ-ից, այդ թւում գուցէ Հայաստանի հանդէպ ճնշում՝ «անխոչընդոտ ճանապարհի» համար: Իսկ ճնշումը, ինչպէս ասել եմ, միշտ չէ, որ լինում է կոշտ: Աւելին, երբ ձեզանից շատ ուժեղը ձեզ շատ է խնդրում անել կամ համաձայնել ինչ որ բանի, շատ շատ է խնդրում, դա եւս ճնշման ձեւ է, որովհետեւ նա ուժեղ է շատ, հետեւաբար խնդրանքը մերժելը ձեռնտու չէ: Սա փոքր ինչ պարզեցւած տրամաբանութեամբ, բայց ճնշման մեթոդոլոգիայի բազմազանութիւնը ներկայացնելու համար»։

Panorama.am

Related Articles

Back to top button