Հայաստան - ԱրցախՔաղաքական

Զատուլին. «Փաշինեանի կառավարութիւնն այս պահին Երեւանում Բաքւի եւ Անկարայի համար ամենաձեռնտուն է»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանն այսօր զարգացնում է յարաբերութիւններն Ադրբեջանի հետ, եւ Հայաստանին սա դժւար թէ շատ դուր գայ, բայց նման յարաբերութիւններ զարգացնում է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Փաշինեանի կառավարութիւնը: Ինձ թւում է՝ Փաշինեանի կառավարութիւնն այս պահին Երեւանում Բաքւի եւ Անկարայի համար ամենաձեռնտու իշխանութիւնն է. այս մասին Rusarminfo-ի հետ զրոյցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ինչ վերաբերում է 2020, 2023 թւականներին տեղի ունեցած դէպքերին՝ կապւած Լեռնային Ղարաբաղի խնդիրների, ռազմական հակամարտութեան, դրա հետեւանքների հետ, այո, ցաւօք, դա արտացոլումն է այն բանի, որ Ռուսաստանն ամենակարող չէ։ Որ նա ստիպւած է յարմարւել հանգամանքներին: Նա, փաստացի, ներգրաււած է Ուկրաինայում Արեւմուտքի հետ շատ աւելի լուրջ եւ կարեւոր առճակատման մէջ: Եւ եթէ այս առումով այժմ ինչ-որ փոփոխութիւններ տեղի ունենան, եւ եթէ Ռուսաստանը դուրս գայ այս հակամարտութիւնից այնպէս, ինչպէս իր համար հնարաւոր է համարում, ես վստահ եմ, որ Ռուսաստանը կը սկսի ամրապնդել իր դիրքերը, այդ թւում՝ Անդրկովկասում։ Ռուսաստանը հիմա էլ է դա անում։ Բայց, այո, համաձայն եմ, Ռուսաստանը վերջին տարիներին միշտ չէ, որ Կովկասում այնքան վճռական է հանդէս եկել, որքան մենք սովոր ենք տեսնել նախորդ դէպքերում»,- ասել է պատգամաւորը:

Խօսելով ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների մասին՝ Զատուլինն ընդգծել է, որ շատ կուզենար, որ այդ յարաբերութիւնները սկզբունքային ու օբիեկտիւ լինէին։

«Որպէսզի Ադրբեջանից չփորձեն մեզ պարտադրել այն տեսակէտը, որ Ադրբեջանը Ռուսաստանի գլխաւոր դաշնակիցն է տարածաշրջանում, ինչը փաստ չէ։ Ադրբեջանը տարածաշրջանում Թուրքիայի գլխաւոր դաշնակիցն է։ Նա չի թաքցնում այդ փաստը Թուրքիայի հետ յարաբերութիւններում, բայց միշտ փորձում է ինչ-որ կերպ քողարկել դա Ռուսաստանի հետ յարաբերութիւններում։ Այսինքն՝ նա իրեն պահում է երկերեսանի, ոչ միանշանակ։ Բայց սա, ինչպէս գիտենք, յաճախ ուղեկցում է ցանկացած արեւելեան քաղաքականութեան»,- ասել է պատգամաւորը:

Անդրադառնալով ռուս-հայկական յարաբերութիւններին՝ Զատուլինն ընդգծել է, որ ՌԴ-ին «պէտք չէ, որ Հայաստանը թոյլ լինի, որ չկարողանայ պաշտպանւել»։

«Եւ սա է մեր բազան այնտեղ պահելու պատճառը, որն այս առումով պէտք է օգնի Հայաստանին։ Անկախ նրանից, թէ ինչպիսի իշխանութիւն է Հայաստանում, շահագրգռւած ենք, որ Հայաստանը ուժեղ պետութիւն լինի»,- ասել է պատգամաւորը:

Լուրը հաղորդում է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button