Յակոբ Բադալեան. «Չորքոտանի ռոբոտով հիացողները գուցէ հարցնեն՝ իսկ ինչո՞ւ նպատակայարմար չէ մարտունակ բանակը»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի «շքերթի» մասին խօսելու շատ բան կայ մի կողմից, եւ ըստ էութեան խօսքերն աւելորդ են թւում միւս կողմից, որովհետեւ թէ շքերթի անտուրաժը՝ Էրդողանի ու Շարիֆի (Պակիստանի վարչապետ-ԽՄԲ.) մասնակցութեամբ (բացակայում է թերեւս Նեթանիահուն), թէ Ալիեւի հռետորաբանութիւնը ընդհանրապէս՝ ինքնին խօսուն են»: Ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը՝ շարունակելով.
«Տխուր խորհրդանշականութեամբ, Ադրբեջանի այդ ռազմական ցուցադրութեան ֆոնին Հայաստանի վարչապետը հայ հանրութեանն է ներկայացնում «Հայաստանի զինւորների նոր ընկերոջը»՝ ինչ որ «չորքոտանի ռոբոտի», եւ կոչ անում քաղաքացիներին յիսուն հոգանոց խմբեր կազմել, որպէսզի նրանց տանի եւ ցոյց տայ նոր դիրքային ինժեներիան եւ սպառազինութիւնը:
Մարդը, որ պատերազմի ժամանակ քաղաքացիներին կոչ էր անում հանդերձանք «ճարել» ու կամաւորական խմբեր կազմել պատերազմ գնալու համար՝ այդ ընթացքում փաստօրէն լաւ իմանալով, որ պատերազմն էլ գնում է դէպի անփառունակ պարտութիւն, այժմ կոչ է անում կազմել 50 հոգանոց խմբեր, որպէսզի նրանց ցոյց տայ դիրքային նոր ինժեներիան ու սպառազինութիւնը:
Եւ դա այն պարագայում, որ աւելի ճիշտ կը լինի թերեւս քաղաքացիների հարցը, թէ ինչո՞ւ օրինակ պէտք է Հայաստանում հրաժարւենք «մարտունակ բանակ» բառակապակցութիւնից՝ ինչպէս օրերս յորդորում էր Նիկոլ Փաշինեանը, եւ օգտագործենք՝ «պաշտպանունակ բանակ» արտայայտութիւնը: Ինչո՞ւ չի կարելի կամ նպատակայարմար չէ «մարտունակ բանակը»: Գուցէ չորքոտանի ռոբոտով հիացողները այդ հարցն ուղղեն այդ ռոբոտի պատկերը ներկայացնող վարչապետ Փաշինեանին:
Որովհետեւ, եթէ չի կարելի «մարտունակ բանակ» ասել, գուցէ չի կարելի նաեւ, որ այդ ռոբոտը հաչա՞:
Սա իհարկէ կատակի թեմա չէ, որովհետեւ հարցը իսկապէս շատ էական է: Ադրբեջա՞նն է դժգոհ «մարտունակ բանակից», թէ՞ Նիկոլ Փաշինեանն ինքն է համարում, որ դա «կոնֆլիկտային» է, իսկ ահա «պաշտպանունակը»՝ խաղաղատենչ:
Այդ դէպքում, յարգելի 50 հոգանոց խմբեր, երբ գնաք նոր ինժեներիան տեսնելու, գուցէ խնդրէք ձեզ ցոյց տան նաեւ ձեր տեսածի համար Ադրբեջանի արտօնագիրը: Որովհետեւ, եթէ «արտօնւած» չէ նոյնիսկ «մարտունակ բանակ» արտայայտութիւնը, այդ դէպքում մեծ հարց է՝ ձեր ցոյց տրւողը արտօնւա՞ծ է, եւ որպէս ի՞նչ՝ որպէս իրական մարտունակութիւն ապահովելու կոչւած գործոն, թէ՞ զուտ նախընտրական ցուցանմուշ»:



