Սիրանուշ Սահակեան. «Արցախի նախկին ղեկավարութեան վերաբերեալ իրաւական որոշումներն արդիւնաւէտ գործօններ են, որպէսզի գեներացւի քաղաքական ճնշում»
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողութիւններ սկսեց 9 ամիս բլոկադայի մէջ պահւող Արցախի Հանրապետութեան եւ խաղաղ բնակչութեան դէմ, արցախահայութիւնը ցեղասպանութեան սպառնալիքի տակ բռնի տեղահանւեց։
Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին եւ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դաւիթ Մանուկեանին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը յայտարարութիւն տարածեց, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։
Ադրբեջանն այնուհետեւ գերեվարել էր Արցախի նախկին երեք նախագահներին՝ Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին եւ Արայիկ Յարութիւնեանին, ԱԺ ներկայիս նախագահ Դաւիթ Իշխանեանին եւ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին։ Նրանց բոլորին մի քանի յօդւածով անհեթեթ մեղադրանքներ են առաջադրւել։
168.am-ի հետ զրոյցում Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանն ասաց, որ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դէպքում խնդիրներն աւելի ծանր ու բարդ են։
«Նրանց ձերբակալումը չի ունեցել իրաւական նախադրեալներ, քաղաքական նպատակներով իրագործւող գործընթաց է։ Հասկանալի է, որ եթէ Ադրբեջանը գլխագին է պահանջել անմեղ քաղաքացիների՝ ռազմագերիների կամ գերիների առնչութեամբ, ապա պարզ է, թէ ինչպիսի մեծ ախորժակ ու յաւակնութիւններ կունենայ Արցախի բարձր ղեկավարութեան պարագայում»,- նշեց Սիրանուշ Սահակեանը։
Իրաւապաշտպանի գնահատմամբ՝ Արցախի ղեկավարութեան ձերբակալումը նաեւ ուժի ցուցադրութեան եւ վերջնական յաղթանակի սիմւոլիկա ունի։ Այն լուրջ ուղերձ էր թէ՛ Ադրբեջանի ներքին լսարանին, որպէսզի ամրապնդէր հասարակութեան ռազմատենչ հոգեբանութիւնը, թէ՛ հայերին, որպէսզի վերջակէտ դրւի Արցախի ինքնորոշման իրաւունքին։
«Հասկանալի է, որ այստեղ շատ բարդ լուծելի են հարցերը, քանի որ գործ ունենք նախկին ղեկավարութեան հետ, անցեալ ու կշիռ ունեցող մարդկանց, պետականութեան կայացման մէջ ներդրում ունեցած ուժեղ անհատների հետ։ Իրաւական գործընթացներն անպայմանօրէն իրենց ազդեցութիւնը թողնելու են, երաշխաւորւած չէ, որ իրաւական որոշումներն անմիջապէս կամ արագ կատարման են ենթարկւելու Ադրբեջանի կողմից։ Անգամ այս պարագայում իրաւական որոշումները շատ լաւ ու արդիւնաւէտ գործօններ են՝ որպէսզի գեներացւի քաղաքական ճնշում։ Եթէ իրաւական ակտերին համակցեն պատժամիջոցների կիրառում, վստահ եմ՝ Ադրբեջանի վարքը կը դառնայ կառավարելի։ Այստեղ անհրաժեշտ է միջազգային աջակցութիւն։ Եթէ կամք դրսեւորեն՝ Հայաստանին իրապէս աջակցելու, եւ միջազգային հանրութիւնն օգտւի իր զինանոցի այնպիսի գործիքներից, ինչպիսիք պատժամիջոցներն են, ապա Ադրբեջանի վարքը խիստ կանխատեսելի կը լինի, որի պարագայում կապահովւի պատանդների ազատ արձակումը»,- շեշտեց Սիրանուշ Սահակեանը։
Ինչ վերաբերում է պատանդներին պահելու պայմաններին, իրաւապաշտպանն ասաց՝ նրանց վերաբերեալ որոշակի տեղեկատւութիւն տրամադրւում է ընտանիքի անդամներին։
«Հասկանալի է, որ Բաքւում պահւող պատանդների պահման վայրի վերաբերեալ ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարները չեն արտացոլում իրերի իրական պատկերը՝ թէ՛ ռազմագերիների, թէ՛ բարձրաստիճան պաշտօնեաների պարագայում։ Ադրբեջանը ցուցադրական լուսանկարներ է հրապարակել՝ հիմնականում դրա մասնակիցն է դառնում Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպանը։ Նրանք փորձում են ձեւացնել, որ Ադրբեջանը յարգում է միջազգային մարդասիրական նորմերը։ Առնւազն հայրենադարձւածների վկայութիւններից մեզ յայտնի է, որ նրանց տարել են գեղեցիկ կահաւորւած սենեակներ, գրադարաններ, տեսակցութիւնների սրահներ, արւել են լուսանկարներ, սակայն դա նրանց մշտական պահման վայրը չի եղել։ Աւելին՝ լուսանկարահանումներից առաջ եւ յետոյ, անգամ ընթացքում, նրանք ենթարկւել են հոգեբանական ու ֆիզիկական բռնութիւնների»,- եզրափակեց Սիրանուշ Սահակեանը։