ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վլադիմիր Շապովալով. «Հայաստանը զրկւում է հարեւան Իրանի հետ բարիդրացիական յարաբերութիւններից»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի ԱԳՆ-ին կից ՄԳԻՄՕ-ի համեմատական քաղաքագիտութեան ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցութիւնների արդիւնքները։

«Նախ պէտք է նշել, որ խաղաղութեան պայմանագիր չի ստորագրւել, ուստի վաղ է խօսել որեւէ արդիւնքի մասին։ Դեռ կայ միայն մեդիա պատկեր, եւ դա դեռ չի նշանակում խաղաղութեան պայմանագրի ստորագրում։ Եթէ հնչեցւած գաղափարները գործնականում իրականացւեն, ապա Հայաստանի համար դա ոչ մի լաւ բան չի նշանակում։ Բացի Ադրբեջանին եւ Թուրքիային տրւած ակնյայտ զիջումներից, ձեւաւորւում է նաեւ ԱՄՆ-ից լուրջ կախւածութիւն։ Փաստացի Հայաստանը կորցնում է իր ամբողջական ինքնիշխանութիւնը, քանի որ նրա տարածքի մի մասը կանցնի ինչ-որ ամերիկեան ընկերութեան սեփականութեանը, թէեւ ասում են՝ ժամանակաւորապէս, բայց մենք գիտենք, որ 99 տարին համարժէք է տարածքի ամբողջական օտարմանը։ Մենք յիշում ենք, որ, օրինակ, Հոնկոնգը Չինաստանից Մեծ Բրիտանիայի կառավարմանն էր անցել նոյնպէս 99 տարով եւ ի վերջոյ դարձաւ բրիտանական գաղութ, այստեղ մօտաւորապէս նոյն ռեժիմն է Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ»,- ասել է Շապովալովը։

Քաղաքագէտի կարծիքով՝ ինքնիշխանութեան կորուստը սարսափելի հարւած է հայկական պետականութեանը։

«Հայաստանը զրկւում է իր ինքնիշխան իրաւունքների մի մասից, ինչը ոչ մի աշխարհաքաղաքական ու նպատակայարմարութեան հարցով հնարաւոր չէ արդարացնել։ Բացի այդ, Հայաստանը զրկւում է հարեւան Իրանի հետ բարիդրացիական յարաբերութիւններից, որը հակամարտութեան ողջ երեսունհինգ տարւայ ընթացքում եղել է Հայաստանի կարեւոր գործընկերը եւ փաստացի արտաքին աշխարհի հետ միակ բաց պատուհանը։ Փաստացի «Թրամփի երթուղին» փակում է այդ պատուհանը Հայաստանի համար, եւ նա դառնում է խաղալիք ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի եւ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի ձեռքում։ Սա է այս համաձայնագրերի գինը»,- եզրափակել է Շապովալովը։

Related Articles

Back to top button