Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գրիգորի Այւազեան. «Զգօն է պէտք լինել ու դիմակայել այս վտանգաւոր գործընթացին»

«ԱԼԻՔ» – Բաքւի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ հայ միւս գերիների շինծու դատավարութիւնից յետոյ, մեղադրող դատախազները պահանջել են, որպէսզի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտի Արցախի նախկին երեք նախագահներին, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանին։ Միւս հայ գերիների համար էլ պահանջել են 16-19 տարւայ ազատազրկում։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Գրիգորի Այւազեանը վստահ է՝ Բաքւի դատարանը բաւարարելու է դատախազների պահանջը, քանի որ այս շինծու դատական ամբողջ գործընթացի նպատակը հէնց դա է եղել։

«Սա Ալիեւի բռնատիրական ռեժիմի կազմակերպած բեմականացումն է, որի նպատակն է ոչ միայն այդ անձանց դատելը, այլեւ ամբողջ հայ ազգին։ Ես բազմիցս եմ ասել, որ Ալիեւը հասնելու է նրան, որ Հայաստանից բազմաթիւ փոխհատուցումներ ստանայ, սրա մասին Ադրբեջանում բազմիցս խօսել են։ Նրանք խօսում են «իրենց տարածքները բռնազաւթելու», «իրենց ընդերքն օգտագործելու» եւ մի շարք ծանր յանցագործութիւնների մասին։

Հետեւել եմ այս ամբողջ շինծու դատական գործընթացին, այս ողջ ընթացքում մեր հայրենակիցների վրայ յատուկ ներգործութեամբ փորձում էին կորզել ցանկացած վկայութիւն, որը կը նպաստի ադրբեջանական դիրքորոշմանը, առ այն, որ «Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները»։ Այս ուղղութեամբ Ադրբեջանում բաւականին երկար աշխատանք են կատարել»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Գրիգորի Այւազեանը։

Ըստ փորձագէտի՝ Ադրբեջանում ամէն ինչ արել են, որպէսզի շինծու դատավարութեան ընթացքում հասնեն նրան, որ Արցախն «օկուպացւած» է եղել Հայաստանի կողմից, այլ ոչ թէ եղել է մի անկախ պետութիւն, որն անկախացել է Խորհրդային Միութեան բոլոր օրէնքներին համապատասխան։ Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանի քրէական օրէնսդրութեան համաձայն, կայ որոշակի տարիք, որի պարագայում արգելւում է մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտելը։ Հետեւաբար, դատախազները շատ լաւ գիտեն, թէ ում համար են ցմահ ազատազրկում պահանջել։

«Օրերս Ալիեւն իր կազմակերպած «ռազմական շքերթի» ժամանակ կրկին սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի նկատմամբ, դրանից առաջ էլ յայտարարել էր, որ այսօրւայ «Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական է»։ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները, ինչը Հայաստանի համար մահաբեր է։ Բաքւի դատարաններում շինծու դատավարութիւններն էլ դրա բաղկացուցիչ մաս են կազմում, ցաւօք, մեզանում աննկատ է մնում, թէ այդ գործընթացները որքան վտանգաւոր են մեր պետականութեան համար։ Ադրբեջանը նաեւ հասնելու է նրան, որ Արցախում ծառայած իւրաքանչիւր մարդ դառնալու է «ահաբեկիչ», մեծ փոխհատուցումների պահանջը, որը կը դնեն Հայաստանի դէմ, եթէ չկարողանանք հատուցել, ապա կառաջակեն հայկական տարածքներ յանձնել»,- յաւելել է Գրիգորի Այւազեանը։

Նա շեշտել է՝ այս գործընթացներին հետեւելու է յստակ պահանջը՝ «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու վերաբերեալ։

«Վստահ եմ, Բաքւի դատարանը բաւարարելու է դատախազների պահանջը եւ Արցախի նախկին նախագահներին դատապարտելու է ցմահ ազատազրկման։ Ի սկզբանէ այս բեմականացումն այս նպատակն էր հետապնդում։ Իզուր չէր, որ ամբողջ այս գործընթացներում ներգրաււել էին անտեղեակ անձանց, իբր թէ «տուժածներ»։ Անշուշտ, սա իրաւունքի եւ միջազգային իրաւունքի հետ որեւէ կապ չունի։ Արդեօք իրաւունք ունի՞ բռնապետական երկրի իրաւակարգը դատապարտել անմեղ մարդկանց, սա աբսուրդի ժանրից է։

Յիշէք, Բաքւում դատապարտում են իւրաքանչիւր հայ մարդու, ով պայքարել է Արցախի ազատագրման համար։ Զգօն է պէտք լինել ու դիմակայել այս վտանգաւոր գործընթացին»,- ընդգծել է Գրիգորի Այւազեանը։

Յիշեցնենք՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դէմ սկսած պատերազմից յետոյ խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարութեանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին եւ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դաւիթ Մանուկեանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը յայտարարութիւն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։

Այս պահին Բաքւում գերութեան մէջ են նաեւ Արցախի Հանրապետութեան նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը,  ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր յօդւածներով մեղադրանքներ են առաջադրւած։

Related Articles

Back to top button