Միջամտութիւն, թէ՞ նոր ստեղծագործական իրականութիւն

Ամէն բան սկսւեց YouTube-ում լայն տարածում գտած մէկ տեսանիւթից, որից յետոյ համացանցում սկսւեց բաց քննարկում՝ արհեստական բանականութեամբ ստեղծւած երաժշտական համարների շուրջ։ Տեսանիւթում ներկայացւած էին թեթեւաբարբառ երգերի մեթալ տարբերակներ՝ կատարւած ռոքային լեգենդ Ռամշտայնի ոճով ու ձայնային նմանակումով։
Թեման աւելի սրացաւ, երբ համացանցում տարածւեց Ռամշտայնի ջղայարոյց արձագանքը՝ ուղղւած AI-ով իրենց ձայնի եւ կերպարի օգտագործմանն առանց արտօնութեան։ Ի պատասխան՝ AI բովանդակութեան ստեղծողները հրապարակեցին հերթական երգ-պարոդիան՝ այս անգամ «Barbie Girl»-ը՝ Ռամշտայնի ձայնային ու տեսողական ձեւաչափով։
Մասնագիտական շրջանակներում դիտարկւում է, որ նման օրինակները կրկին առաջացնում են հեղինակային իրաւունքների եւ AI-ստեղծած բովանդակութեան սահմանները որոշելու հարցը։
Արհեստական բանականութիւնը (AI) եւ արւեստը
Արհեստական բանականութիւնն (ԱԲ) այսօր կարող է գրել սիմֆոնիա, նկարել կտաւ եւ նոյնիսկ գրել նամակ «ձեզանից լաւ» արտիստի ոճով։ Իսկ մենք՝ մարդ կոչւածներս, դեռ փորձում ենք հասկանալ՝ սա ստեղծագործական յեղափոխութիւն՞ է, թէ՞ ընդամէնը մեքենաների փոքրիկ «խելացի խաղը» մեր բարի հին ուղեղների վրայ։ Մեքենաներն արդէն «թակում են» մեր ստեղծագործական պատուհաններն ու դռները, իսկ մենք՝ լուրջ դէմքով, կանգնել ենք դիլեմայի առաջ՝ բացե՞լ, թէ՞ ձեւանալ, թէ չենք լսում, որպէսզի չվնասենք արւեստում մեր սրբութիւնները։
Բայց, իրաւի, արւեստի եւ սրբութեան սիրավէպն իսկապէս անհամատեղելի է. արւեստը ծնւում է կասկածից, ցնցումից, ներքին անհանգիստ փնտռտուքից, մինչդեռ սրբութիւնը հէնց այդ կասկածն է սպանում։ Իսկ առանց կասկածի, առանց ճեղքւածքի՝ ոչ մի արւեստ չի ծնւում։
Յօդւածս կը փորձի հասկանալ եւ զգուշաւորութեամբ ուղեկցել այն միտքը, որ՝ երբ արւեստի աշխարհը սկսում է համագործակցել ԱԲ-ի հետ, մենք ի՞նչ դեր պիտի ստանձնենք, եւ ի՞նչը կը մնայ բացառապէս մարդկային։ Այս իրավիճակը բերում է բուն հարցին․ Արհեստական բանականութեան ներկայութիւնը արւեստում միջամտութիւն՞ է, թէ՞ նոր ստեղծագործական իրականութիւն։
ԱԲ-ը որպէս գործիք:
շարունակութիւն, այլ ոչ խզում
Արւեստի պատմութիւնը լի է արհեստագիտական նորարարութիւններով, որոնք սկզբում վախ ու դիմադրութիւն են առաջացրել։ Սինթեզատորի յայտնւելը կամ կինոխցիկի զանգւածային օգտագործումը առաջինում որոշ մտահոգութիւններ էին առաջացնում, սակայն ի վերջոյ դրանք դարձան ստեղծագործողի նոր գործիքներ՝ ընդլայնելով, այլ ոչ սահմանափակելով մարդկային երեւակայութիւնը։
Նոյնը վերաբերում է ԱԲ-ին, երբ այն օգտագործւում է որպէս օժանդակ ուժ՝ արագացնելու կոմպոզիցիայի գործընթացը, փորձարկելու հարմոնիկ կամ ձայնային նոր լուծումներ, ստեղծագործողին մատուցելու այնպիսի հնարաւորութիւններ, որոնք մինչ այսօր չկային։
Այս պարագայում ԱԲ-ը միջամտութիւն չէ, այլ շարունակութիւն, նոր գործիք, որը հնարաւորութիւն է տալիս մարդուն աւելի ազատ ստեղծագործել։
Փիլիսոփայական եւ արւեստագիտական դիտարկումներ
Դոկտ. Աշքան Ռաշեդը չի կիսում այն կարծիքը, որ ԱԲ-ն կարող է մրցակցել մարդու հետ ստեղծագործական առումով․
«Արւեստը, ի մասնաւորի երաժշտութիւնը, մարդու յոյզերի եւ պահի տակ առաջացող զգացուղութեան արտացոլանքն է, ինչը մեքենայի համար անհասկանալի տարածութիւն է նրա ալգորիտմային յատկանիշներից ելնելով: Եղածը կրկնելու առումով գուցէ անթերի կատարումներով հանդէս գայ արհեստական Բանականութիւնը, սակայն նոր բան ստեղծելու համար նա դեռ գտնւում է նախապատմական դարաշրջանում» – Աշքան Ռաշեդ, փիլիսոփայութեան դոկտոր, երաժշտութեան տեսաբան:
Էդմոնդ Արեանը եւս շեշտում է, որ ԱԲ-ն կարող է փոխանցել զգացմունքներ, բայց չի ստեղծում իրական մարդկային պատմութիւններ:
«Օրինակ, Բեթհովէնի 10-րդ սիմֆոնիայի տարբերակը, որը ԱԲ-ն ամբողջացրել է, ցոյց է տալիս, որ այն ճանաչում է մեղեդային մտածողութիւնը, կառուցւածքները եւ ոճը։ Սակայն ԱԲ-ն չի կարող ստեղծել նոր պատմութիւններ, որոնք երաժշտութեան հիմքն են:
Արւեստը ծնւում է անհատական, եզակի ապրումներից՝ ինչպէս Մոցարտի, Բեթհովէնի, Շեքսպիրի կամ Մունկի դէպքում։ Իսկ ԱԲ-ն, լինելով ալգորիթմային, երկար ժամանակ չի կարող ունենալ այդպիսի ընկալում եւ ներքին փորձառութիւն։ Այն պարզապէս գործիք է, որը կարող է հեշտացնել արւեստագէտի աշխատանքը» – Էդմոնդ Արեան, երաժիշտ- ռաք եւ բլիւզ թէքումով երաժիշտ
Այս տեսակէտները ընդգծում են, որ, թէեւ ԱԲ-ն կարող է արտայայտել զայրոյթ, վախ, տխրութիւն կամ ուրախութիւն, այն չի կրում մարդկային պատմութիւնը, որը երաժշտութեան էութեան հիմքն է։
Երբ մեքենան սկսում է «ստեղծագործել»: վտանգ, թէ՞ հնարաւորութիւն
Երբ ԱԲ-ն սկսում է ստեղծել ինքնուրոյն երաժշտական գործեր, շատերի մօր վախ է առաջանում, որ մեքենան կարող է փոխարինել մարդուն։ Սակայն իրականում ԱԲ-ն չունի ապրում, զգացմունք կամ կեանքային փորձ, որոնք ձեւաւորում են իրական արւեստի հիմքը։
Այսպիսով, ԱԲ-ի ստեղծագործական կարողութիւնը կարելի է ընկալել որպէս մարդկային ստեղծագործութեան արտացոլում, նոր հնարաւորութիւն՝ առաւել ճշգրիտ, յաճախ անսպասելի ձեւերով, բայց առանց իրական ներքին փորձառութեան համարների։
Ապագան կը դառնայ համատեղ ստեղծագործութիւն, որտեղ՝ մարդը բերում է ապրում, միտք, լեզու եւ ներքին պատմութիւն, ԱԲ-ն՝ արագութիւն, հաշւարկային հզօրութիւն եւ ձեւերի բազմազանութիւն։
Եզրահանգում
Արհեստական բանականութեան ներկայութիւնը արւեստում միաժամանակ միջամտութիւն է եւ բնական զարգացում։ Այն միջամտութիւն է այն իմաստով, որ խախտում է մեր աւանդական պատկերացումները ստեղծագործողի՝ որպէս բացառապէս մարդկային կերպարի մասին, բայց այն նաեւ բնական զարգացում է, քանի որ արւեստը դարեր շարունակ ձգտել է նոր ձեւերի, նոր ձայների եւ նոր մեթոդների։
Այս համադրութիւնը կը ստեղծի նոր երաժշտական ու արւեստածին աշխարհներ, որտեղ մարդն ու արհեստական բանականութիւնը կաշխատեն միասին՝ ստեղծելով այնպիսի ստեղծագործութիւններ, որը մինչ այս չենք պատկերացրել։
Միեւնոյն ժամանակ մի բան յստակ է․ մարդկային զգացմունքն ու ներքին պատմութիւնը, այն շերտերը, որոնք ձեւաւորում են իրական արւեստ, չեն կարող մեքենայով փոխարինւել։
«Երբեք մի ասա՛ երբեք»…
Շախմատում, օրինակ, մեքենան վաղուց է գերազանցել մարդուն։ ԱԲ-ն այնտեղ ոչ միայն ուժեղ մրցակից է, այլ իրաւամբ՝ եղանակ թելադրող։ Տեւական ժամանակ է, որ գրոսմայստերները խաղերի նախօրէին պատրաստւում են հենց մեքենաների օգնութեամբ՝ վերլուծելով դրանց առաջարկած կոմբինացիաները։ Սա այն դէպքում, որ մեքենան այլեւս մեզնից սովորելու ոչինչ չունի։ Մարդը նոյնիսկ պատրաստ է վճարել մեքենայի աշխատանքի դիմաց՝ սեփական պարտիաները նրա աչքով տեսնելու համար։
Օրինակ՝ այսօր որեւէ միջազգային վարպետի կոչում ունեցող շախմատիստ, յատկապէս եթէ դեռ չի լրացրել գրոսմայստերի նորմերը, գրեթէ անհնար է յաղթական դուրս գայ Stockfish-ի (ամենահզօր բաց կոդով շարժիչը, աշխարհի թիւ 1-ը) դէմ։ AlphaZero-ն՝ Google DeepMind-ի ինքնուսուցմամբ հսկան, որոշ պարագաներում յաղթել է Stockfish-ին, իսկ Houdini-ն ու Leela Chess Zero-ն (յայտնի բաթերից) վաղուց են կանգնած էլիտար մակարդակում։
Շախմատը աստիճանաբար դարձել է այն տարածքը, որտեղ մարդկային ներքին զգացումը հետզհետէ զիջում է սառնասիրտ, երբեք չզարմացող, անսխալ հաշւարկին։
Բայց արւեստում (դեռ) այս մոդելը չի գործում։ Արւեստը կոմբինացիաների խաղ չէ, ոչ ալգորիթմի բիւրեղացում։ Այն չի ենթարկւում «դասական պարտիայի» տրամաբանութեանը, եթէ ազատ է։ Ազատ արւեստում ոչ մի մեքենայ չի կարող եղանակ թելադրել, որովհետեւ եղանակը ծնւում է այն ներքին պատմութիւնից, այն ապրումից, որ յատուկ է միայն մարդուն։
Երբ նոյն հարցն ես տալիս CHATGPT-ին
Նոյն հարցով դիմում ես այս անգամ Արեհստական բանականութեան ամենայայտնիին՝ CHATGPT-ին: նախ կրկնում է հարցադրումը, տպաւորութիւնն այնպիսին է, որ չէր սպասում դրան: Փաստօրէն սկսել է զարմանալ: «Ինքս ինչպէ՞ս եմ գնահատում: Արհեստական բանականութիւնը իրականում չի ստեղծում «իր» ներշնչմամբ, որովհետեւ չունի զգայական կամ կեանքի փորձ: Այն ստեղծում է՝ հիմնւելով իր ուսումնառած տւեալների վրայ։ Բայց ստեղծւող արդիւնքը արդէն կարող է լինել մարդուց անկախ esthetic form, նոր կառուցւածք, նոր ձեւ, երբեմն նոյնիսկ անսպասելի՝ եւ այդտեղից էլ կարծես «միջամտութեան» զգացողութիւնը»։
CHATGPT-ին ամփոփելով նշում է.
– Եթէ ԱԲ-ը ընդլայնում է մարդու հնարաւորութիւնը՝ դա գործիք է։
– Եթէ ԱԲ-ը տալիս է անսպասելի ստեղծագործական արդիւնք՝ դա արդէն ստեղծագործական դեր է, եւ միայն միջամտութիւն չէ։



