Հայաստան - ԱրցախՄշակութային

Հերթական ֆիլմը հերոսի մասին

«Եթէ Ղարաբաղը կործանւի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանւելու, քաղաքականութիւնն ամենասարսափելի գիշատիչն է»

ԱՇՈՏ ՂՈՒԼԵԱՆԲԵԿՈՐ

 

Կինոռեժիսոր Սամուէլ Թադէոսեանի նկարահանած մի քանի տասնեակ ֆիլմերը հիմնականում նւիրւած են Արցախեան գոյամարտին եւ այն հերոսներին, ովքեր իրենց խիզախումներով կերտեցին Ազատ ու Անկախ Արցախ՝ հերոսաբար զոհւելով բազում մարտական դիրքերում։ Նոյեմբերի 14-ին Երեւանում՝ Նարեկացի Արւեստի Միութիւնում, կայացաւ Ս․ Թադէոսեանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից «Աշոտ Ղուլեան» փաստագրական ֆիլմի ցուցադրութիւնը։

Հաղորդավար Մանուշակ Ստեփանեանը ներկայացրեց ռեժիսորին, կարեւորեց նրա աշխատանքը եւ ընթերցեց Համօ Սահեանի բանաստեղծութիւններից։ Մինչ ֆիլմի ցուցադրութիւնը՝ Ս․ Թադէոսեանը շնորհակալութիւն յայտնեց Նարեկացի Արւեստի Միութեանը՝ ցուցասրահը անշահախնդրօրէն տրամադրելու համար, ապա ողջունեց ներկաներին, ովքեր մշտապէս գնահատել են հեղինակի ֆիլմերը՝ նւիրւած՝ Հայրենիքն ազատագրած ու այն պահպանող հերոսներին։ Բեմադրիչը տեղեկացրեց, որ նախատեսած էր ցուցադրել միայն Աշոտ Ղուլեանին նւիրւած ֆիլմը, սակայն հանգամանքների բերումով, որոշել են նաեւ ցուցադրել Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասեանի մասնակցութեամբ նկարահանած «Ինչո՞ւ պատերազմ» կարճամետրաժ ֆիլմը:

2016 թ․ Ապրիլեան պատերազմի օրերին Աշոտ Մինասեանն իր երկու որդիների հետ մարտնչել է Թալիշ-Մատաղիս մարտագծի դիրքերում։ Աշոտ Մինասեանի կրտսեր եղբայր Աղւանը՝ տաղանդաւոր բանաստեղծ էր, ով Արցախեան առաջին պատերազմի ժամանակ եղբ0ր հրամանատարութեամբ գործող ջոկատի մարտիկ էր, եւ քաջաբար զոհւեց 1993 թ. օգոստոսի 30-ին՝ Քաշաթաղի շրջանի Հակարի գիւղի ազատագրական մարտերում:

Ս․ Թադէոսեանի նկարահանած «Չկրակւած փամփուշտներ» գեղարւեստական լիամետրաժ ֆիլմը նւիրւած է պոէտ եւ մարտիկ Աղւան Մինասեանի սխրանքին ու մարտական ուղուն: Ներկայացնելով Աշոտ Մինասեանին՝ Ս․ Թադէոսեանն նշեց․ «Մարդիկ կան, ովքեր անառարկելիօրէն Արցախեան ազատամարտի կենդանի լեգենդներ են: Այդ լեգենդներից մէկն էլ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասեանն է, երկաթեայ կամքով աննահանջ զինեալը, ով բազում մարտերից զատ, Քարվաճառի ազատագրման հարւածային ուղղութիւններից մէկի հրամանատարն էր»:

Աշոտ Մինասեանի մասնակցութեամբ ներկայացւած ֆիլմը Մատաղիսի դիրքերից մէկում է, որը մշտապէս հրետակոծւում էր թշնամու կողմից։ Դժւարութեամբ է ռեժիսորն իր թիմով յայտնւել այդ դիրքում 2016-ի ապրիլին, հանդիպել Աշոտ Մինասեանին։ Զարմանալի է, որ անգամ անդադար հրետակոծութիւնների ժամանակ այստեղ կեռնեխ թռչնի բոյն է եղել։ Եւ կինովաւերագիրը նկարահանել է պատերազմող ջոկատի հրամանատարին, ով պատերազմական բազում խնդիրներից զատ, հոգ է տանում նաեւ, որ պահպանւի թռչնի բոյնը։

Կարճ դադարից յետոյ ցուցադրւեց «Աշոտ Ղուլեան» ֆիլմը, որը իւրովի ներկայացրեց բոլորի կողմից սիրւած հերոսին՝ ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեան-Բեկոր-Ասկոլկային: Դահլիճում էր նաեւ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների առաջին հրամանատար Արկադի Կարապետեանը, որը նոյնպէս յուշեր պատմեց իր մարտական ընկերոջ մասին։

Աշոտը Բեկոր անունն ստացել է այն պատճառով, որ ինքնաշէն զէնք փորձարկելիս վիրաւորւել էր տասնեակ բեկորներով։ Երբ սկսւեց Արցախեան շարժումը, շուտով պարզ դարձաւ, որ Արցախի ազատագրումը լինելու է միմիայն զէնքով։ Եւ շատերի նման Աշոտն էլ իր զինակիցների հետ սկսեց զէնք ձեռք բերել։ 5 հոգով Շահումեանից Ստեփանակերտ էին բերել այն ժամանակ «Ալազան» կոչւող ականանետը։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ է եղել, եւ միմեանց տարբերելու համար որոշում են բոլորին մականուն տալ։ Քանի որ այդ ժամանակ Ղուլեան Աշոտն արդէն իր մարմնում ունէր բեկորներ, կոչւել է Բեկոր-Ասկոլկա։

Աշոտ Ղուլեանը ամուսնացած էր եւ ունէր երեք որդի, երրորդ տղան ծնւել է Աշոտի զոհւելուց յետոյ:

Հերոսի մարտական ուղին բազմազան է. Ասկերան, Հադրութ, Շահումեան, Կրկժան, Վերին Շէն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբէյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղաւուզ, Սրխաւենդ, Բաշ-Գիւնեփայա, Օրթա-Գիւնեփայա, Դրմբօն։ Նրա հրամանատարութեամբ գործող վաշտը Արցախում շատ բնակավայրեր է ազատագրել։ Ա․ Կարապետեանը պատմեց նաեւ՝ ինչպէս են ազատագրել Շուշի քաղաքը, որին մասնակցել է նաեւ առաջին վաշտը, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլեանը:

1992 թ․ մայիսի 8-ի կէսօրին Աշոտը կապւել է հրամանատարութեան հետ եւ տեղեկացրել, որ ինքն ու իր մարտիկները Շուշիի պարիսպների վրայ են, եւ շուտով կը մտնեն քաղաք։ Ֆիլմում հերոսի նահատակութիւնը թաքստոցից հնչած անհասցէ ու անյայտ մէկի կրակոցից է. 1992 թւականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբօն գիւղի մարտական դիրքում:

Ֆիլմը անչափ յուզել էր հանդիսատեսին, եւ ինքնաբուխ ցանկութեամբ ցուցադրւեց Ս․ Թադէոսեանի «Խրամատային գեղարւեստ» ֆիլմաշարից եւս երկու հոլովակ: Պատերազմի բովում եղած անձը գիտի՝ ինչի մասին է խօսքը։ Մարտերից առաջ կամ յետոյ մարտիկները յաճախ այլ տրամադրութիւն են ունենում. երգում են, պարում, ասմունքում, նոյնիսկ կատակում:

Այս ֆիլմերով մեր ժողովուրդը մշտապէս կը յիշի իր Հերոսին, կը ճանաչի իսկական մարտիկին, հայրենասէրին, հայի արժեհամակարգի տէր անհատին։ Իսկ այդ հերոսները շատ են՝ հազարներ, ովքեր ընկան Արցախի համար մղւող տարբեր մարտադաշտերում՝ իրենց արիւնով սրբացնելով Հայոց Հող-Հայրենին։

Միջոցառման վերջում, պատահական չէր, որ հաղորդավարն իր խօսքում ասաց․ «Եթէ քամենք Հայոց հողը, մեր Հերոսների արիւնը կը կաթի…»։ Արցախեան բոլոր մարտերում զոհւած տասնեակ հազարաւոր նահատակ քաջորդիների, եւ վիրաւորների արիւնով սրբացած Արցախեան Սուրբ հողն այսօր գերութեան մէջ է։ Գերութեան մէջ են նաեւ հազարաւոր քաջորդիների շիրիմները… Պարտքի ու պարտականութիւն հրամայականը փոխանցւել է մեզ՝ հերոսների հետնորդներիս, եւ մենք գիտենք, որ պատերազմն աւարտւած չէ, եւ մենք պիտի չդադարենք փառաբանել մեր Հերոսներին եւ ազատագրենք Արցախ Հայրենիքը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԵԱՆ

«Առաւօտ»

Related Articles

Back to top button