ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը չի բացառել Վենեզուէլլայում ցամաքային ռազմական գործողութիւնը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ չի բացառում Վենեզուէլլայի հետ կապւած որեւէ տարբերակ, այդ թւում՝ ցամաքային ռազմական գործողութիւնը: Նա նման յայտարարութիւն է արել Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս,- հաղորդում է News.am-ը:

Լրագրողի հարցին՝արդեօք նա պատրա՞ստ է «այս փուլում բացառել որեւէ բան», այդ թւում՝ ցամաքային զօրքերի կիրառումը, Թրամփը պատասխանել է. «Ես ոչինչ չեմ բացառում, մենք պարզապէս պէտք է լուծենք Վենեզուէլլայի հետ կապւած խնդիրը»:

Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս զգուշացրել է, որ իր երկիրը բախւում է վերջին 100 տարւայ ընթացքում ԱՄՆ ներխուժման ամենալուրջ սպառնալիքին: Վաշինգտոնը Վենեզուէլլայի իշխանութիւններին մեղադրում է թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի համար բաւարար ջանքեր չգործադրելու մէջ: ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբեան ծով են տեղակայել ութ նաւ, մէկ միջուկային սուզանաւ եւ աւելի քան 16 հազար զինծառայող, իսկ սեպտեմբերից ի վեր ոչնչացրել է առնւազն 20 մոտորանաւակ եւ 76 մարդ միջազգային ջրերում՝ Վենեզուէլլայից թմրանիւթեր մաքսանենգութեան մէջ անհիմն մեղադրանքներով: Նոյեմբերի 16-ին Պենտագոնը յայտնել է, որ ամերիկեան նաւերի հարւածային խումբը՝ Gerald R. Ford աւիակիրի գլխաւորութեամբ, մտել է Կարիբեան ծով։

Ըստ The New York Times-ի՝ Թրամփը ԿՀՎ-ին լիազօրել է գաղտնի գործողութիւններ իրականացնել Վենեզուէլլայում։ Ամերիկեան լրատւամիջոցները բազմիցս հաղորդել են, որ Միացեալ Նահանգները շուտով կարող է սկսել հարւածներ հասցնել Վենեզուէլլայում թմրամիջոցների կարտելների թիրախներին։ Նոյեմբերի 11-ին Թրամփին ներկայացւեցին Վենեզուէլլայի դէմ հնարաւոր գործողութիւնների, դրանց թւում՝ ցամաքային թիրախների վրայ հարւածների թարմացւած ծրագրերը։ Այդ ծրագրերը վերանայելուց յետոյ ամերիկացի առաջնորդը լրագրողներին յայտնել է, որ ինքը կարծիք է կազմել այն գործողութիւնների վերաբերեալ, որոնք Վաշինգտոնը պէտք է ձեռնարկի Վենեզուէլլայի դէմ։

Related Articles

Back to top button