ՄիջազգայինՔաղաքական

Տիմոֆէյ Երմակով. «Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ժամանակի հարց էր»

«ԱԼԻՔ» – Ռուս լրագրող եւ ռազմական թղթակից Տիմոֆէյ Երմակովը Alpha News-ի հետ զրոյցում վերլուծել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում առկայ լուրջ ճգնաժամը՝ Եկատերինբուրգում ռուս ուժայինների գործողութիւնների ֆոնին։

«Կարծում եմ՝ առաջին հերթին պէտք է փնտրել տնտեսական պատճառներ այն ամէնի հետեւում, ինչ տեղի է ունենում եւ շրջապատում է մեզ։ Կարծում եմ եւ յոյս ունեմ, որ ոչնչացւել է Կրեմենչուգի նաւթավերամշակման գործարանը, որը մասնակցային բաժնով պատկանում է Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեանը՝ SOCAR-ին։ Նրանք Ուկրաինայի հետ ստորագրել են պայմանագիր՝ 1,300,000 տոննա ադրբեջանական նաւթի փոխադրման վերաբերեալ։ Բացի այդ, նրանց են պատկանում նաեւ մեր կողմից ռմբակոծւած Իլեիչովկայի, Օդեսայի նաւթալցման ձեռնարկութիւնները։

Եւ, իհարկէ, մեր կողմից, ես՝ որպէս Ռուսաստանի քաղաքացի, դա գնահատում եմ որպէս մաքսիմալ դրական քայլ, քանի որ մենք անցել ենք որոշակի սահմաններ, երբ մեզ համար յատուկ ռազմական գործողութեան յաղթանակը եւ Ուկրաինան նաւթից, նաւթամթերքներից ու վառելիքից զրկելն աւելի կարեւոր է, քան Ադրբեջանի հետ պայմանաւորւածութիւնների պահպանումը, որոնք, անկասկած, եղել են՝ դատելով այն փաստից, որ մենք սկսել ենք ռմբակոծել նրանց միայն պատերազմի չորրորդ տարում։

Իհարկէ, դա ցաւոտ է ընկալւել ադրբեջանական կողմից, բայց այստեղ նրանք պէտք է իրենք իրենցից նեղանան, իմ կարծիքով, որովհետեւ եթէ որոշել են խաղալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Ստանդարտ օյլ» ընկերութեան դերը, որը մեզ եւ գերմանացիներին վառելիք էր մատակարարում՝ շահոյթ ստանալով երկու պատերազմող կողմերից էլ, ապա պէտք է պատրաստ լինեք ռիսկերին։ Եթէ ուզում եք գումար վաստակել մեր թշնամիներին նաւթի եւ նաւթամթերքի մատակարարումից, ապա ռիսկերը բաւականին զգալի կը լինեն»,- յայտարարել է Երմակովը։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թէ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, ապա Երմակովը մատնանշել է նրա անվստահելի լինելը։,

«Ադրբեջանը զզւելի դաշնակից է։ Եւ, բնականաբար, վաղ թէ ուշ այս ամէնը պէտք է բացայայտւէր։ Բացայայտւել են բազմաթիւ փաստեր նաեւ Ադրբեջանից զենիթային կայանքների գնումների մասին։ Դրա մասին մենք իմացանք Կիեւի դատարանում դատական քննութեան ընթացքում։ Բացայայտւել է Ադրբեջանում ուկրաինական բանակի համար անօդաչու թռչող սարքերի եւ միաժամանակ զինամթերքի արտադրութեան սխեման։ Կարծում եմ՝ դա միակ ձեռնարկութիւնը չէ։ Ես եւ իմ գործընկերները զգուշացրել ենք, թէ ինչով կաւարտւի Հայաստանի ջախջախումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի օկուպացիան։ Հայ ժողովրդի ողբերգութիւնից, աւելի քան 100000 մարդու հերթական տեղահանումից բացի, մենք կը ստանանք Ադրբեջանի ուժեղացում եւ խնդիրներ այստեղ։ Եթէ այնտեղ զիջենք, այստեղ հետեւանքները կը զգանք։ Ահա եւ արդիւնքը։ Մենք ճիշտ էինք…»,- նշել է լրագրողը։

Նրա խօսքով՝ միանգամայն հնարաւոր է, որ սպառնալիքը (Ռուսաստանի համար) կը գայ ոչ միայն դիւանագիտական գծով, այլեւ Ադրբեջանի տարածքում ռուսական անձնագրեր ունեցող որոշ մարդկանց ձերբակալութիւններով։

«Միանգամայն հնարաւոր է, որ Ադրբեջանը՝ որպէս արդէն թուրքական վիլայեթի տարածք եւ փաստացի Թուրքիայի արբանեակ՝ ամբողջութեամբ թուրքական զինւած ուժերով, ամէն դէպքում՝ հրամանատարութեամբ, կարող է օգտագործւել որպէս հարւածային ուժ, ինչպէս Ուկրաինան։ Մենք ունենք 300 կիլոմետր սահման։ Այնտեղ Դաղստանն է։ Եւ այն պահին, երբ մենք արդէն կը սկսենք ճնշել ուկրաինացի նացիստներին մարտի դաշտում, մեզ համար երկրորդ ճակատ կը բացւի»,- նկատել է փորձագէտը։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յարձակումները Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դէմ, Երմակովը նշել է, որ եկեղեցին եւ Կաթողիկոսը հայերի միակ յոյսն են՝ դուրս գալու ծանր ժամանակներից։

«Եկեղեցին իսկապէս հեղինակութիւն է։ Աւելին, պատերազմում պարտւելուց յետոյ, յատուկ պարտութիւնից յետոյ, մարդիկ ընկճւած են, ազգը բարոյապէս ընկճւած է։ Եկեղեցին այս դէպքում հայերի համար հանդէս է գալիս որպէս փրկիչ, փրկութիւն։ Պէտք է վերադառնալ արմատներին։ Ինչ են հայերը սիրում անել՝ իմանալ իրենց պատմութիւնը, հպարտանալ անցեալի յաղթանակներով, դրանում ոչ մի վատ բան չկայ։ Պարզապէս պէտք է վերջապէս յիշել այն, ինչն ուժեղացրել է հայ ժողովրդին, ինչն է նրան միաւորել, եւ ինչ է նա կրել բոլոր փորձութիւնների միջով եւ համախմբւել Կաթողիկոսի շուրջ. նա է հիմա միակ մարդը, ով կը կարողանայ ժողովրդին տանել իր հետ դէպի լոյս՝ ընդդէմ չար ուժերի»,- ասել է Երմակովը։

Ռազմական թղթակիցը նշել է` տպաւորութիւն է ստեղծւում, թէ Փաշինեանը շտապում է․ «Ահա զգացւում է այդ շտապողականութիւնը որոշումների, գործողութիւնների մէջ, դրանք դառնում են աւելի կտրուկ, աւելի կոպիտ։ Ընդհանրապէս, բացարձակապէս նրբանկատ չեն։ Իսկ Սամուէլ Կարապետեանի բիզնեսը զաւթելու նպատակը ակնյայտ էր։ Նա փաստացի չէզոքացւել է։ Պէտք է հասկանալ եւս մի բան՝ ընտրութիւնները մօտենում են, կարծում եմ, որ նա շտապում է այդ պատճառով։

Հակայայտնիութիւնն ու հակառէյտինգը, որը Փաշինեանը ձեռք է բերել, պարզապէս այլ ընտրութիւն չեն թողնում։ Բայց նա կարող է անել հետեւեալը՝ գնալ որոշակի քաղաքական արկածախնդրութեան, որը թոյլ կը տայ նրան արտահերթ ընտրութիւններ անցկացնել։ Դրանում նրան կարող է օգնել, օրինակ, Ադրբեջանը։ Կամ ինչպէս Զելենսկու դէպքում, ռազմական դրութիւն մտցնել մինչեւ լաւագոյն ժամանակները, երբ Ադրբեջանը ռազմական կոնֆլիկտ կը սկսի։ Եւ դա շատերի վրայ կազդի, ցաւօք։ Եւ նա չի վերընտրւի։ Զելենսկին ցոյց տւեց, որ այդպէս կարելի է անել»,- եզրափակել է Երմակովը։

Related Articles

Back to top button