Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ալեքսանդր Իսկանդարեան. «Հայաստանին առաջադրւող Թուրքիայի պահանջները Բաքւի պահանջներն են»

«ԱԼԻՔ» – 2020 թւականի պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը պարտւեց, իսկ Թուրքիայի դաշնակիցը՝ յաղթեց։ Ինչպէ՞ս կարող է դա չազդել Թուրքիայի ներկայութեան վրայ տարածաշրջանում։ Միեւնոյն ժամանակ, Թուրքիան մեր տարածաշրջանում գոյութիւն ունի վաղուց, այն գոյութիւն ունի տնտեսական իմաստով՝ առաջին հերթին Վրաստանում եւ Ադրբեջանում։ Այս մասին յայտարարել է քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը՝ News.am-ի «Ուժի գործօն» հաղորդմանը։

«Ռազմավարական առումով Թուրքիան աւելի ու աւելի շատ տեղ է զբաղեցնում տարածաշրջանում։ Գործիքը Ադրբեջանին ուղղակի եւ միանշանակ աջակցութիւնն է։ Թուրքիան չի զբաղեցնում տարածաշրջանը չլքած Ռուսաստանի տեղը, բայց Անկարան այստեղ շատ լուրջ տեղ է զբաղեցրել։ Եւ սա միանգամայն նոր իրավիճակ է՝ այն առումով, որ մինչեւ 2016 թւականը Ռուսաստանը Հարաւային Կովկասում օժտւած էր անվտանգութեան մենաշնորհով, մինչդեռ հիմա այլեւս այդպիսին չէ։ Թուրքիան Ռուսաստանի փոխարէն մենաշնորհ չունեցաւ, բայց Թուրքիան բաւական լրջօրէն մեծացրեց իր մասնաբաժինը։

Հէնց դա է հիմնական պատճառներից մէկը, որ Ադրբեջանը կարող է իրեն թոյլ տալ նման կերպ վարւել։ Եւ այդ հանգամանքը փոխում է եւ կը շարունակի փոխել տարածաշրջանը։ Միեւնոյն ժամանակ, ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանը որեւէ «երկրորդ ճակատ» չի բացի»,- յաւելել է քաղաքագէտը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականութիւնը որոշւում է ոչ թէ Անկարայում, այլ Բաքւում։

«Եւ դա ցոյց տւեց Փաշինեանի վերջին այցը Թուրքիա։ Այդ այցերն արդիւնք չեն տալիս, ոչ թէ որովհետեւ Թուրքիան նման պահանջներ ունի, այլ որովհետեւ Ադրբեջանն ունի նման պահանջներ։

«Հայաստանի առջեւ դրւող Թուրքիայի պահանջները Բաքւի պահանջներն են, այլ ոչ թէ Անկարայի»,- նշել է փորձագէտը։

Ըստ նրա՝ Հարաւային Կովկասի համար Թուրքիան բաւարար ռեսուրսներ ունի. «Եւ դա Վրաստանը նկատի ունենալով հանդերձ, Ադրբեջանը նկատի ունենալով հանդերձ եւ այն դիրքորոշումը, որը զբաղեցրել են Երեւանի վերնախաւը։ Թուրքիան հետաքրքրւած է ոչ միայն Հարաւային Կովկասով, այլեւ՝ Սիրիայով, Իրաքով եւ ամբողջ Մերձաւոր Արեւելքով։ Միեւնոյն ժամանակ, Կովկասը Թուրքիայի համար ամենեւին էլ  առաջնահերթային տարածաշրջան չէ»:

 

Ռուսաստանը կորցրել է Ադրբեջանի վրայ ազդելու լծակները

Մեկնաբանելով ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում խորացող լարւածութիւնը, Ալեքսանդր Իսկանդարեանը նշել է, որ Բաքուն բաւական կոշտ է արձագանքում Մոսկւային, որովհետեւ դա կարող է թոյլ տալ իրեն։

«Ալիեւը կարող է իրեն թոյլ տալ այսպէս խօսել Ռուսաստանի Դաշնութեան հետ։ Ինձ թւում է, որ մինչեւ Արցախեան պատերազմը, մինչեւ ուկրաինական պատերազմը, մինչեւ Արցախից հայերի տեղահանումը եւ մինչեւ ռուս խաղաղապահների հեռանալը աւելի դժւար էր։ Բաքւի ազատութեան աստիճանը բարձրացել է։ Ի դէպ Հայաստանինը նոյնպէս, բայց հակառակ պատճառով, քանի որ վերջինս պարտւել է եւ նրան անհրաժեշտ չէ այդքան շատ բան ստանալ Ռուսաստանից անվտանգութեան ոլորտում։

Ռուսաստանի համար Ադրբեջանն ու Հայաստանը «սիամական երկւորեակներ» էին։ Ադրբեջանի վրայ ազդելու համար անհրաժեշտ էր Հայաստանը, իսկ Հայաստանի վրայ ազդելու համար՝ Ադրբեջանը։ Դրա գործիքը Լեռնային Ղարաբաղն էր՝ որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, որպէս սուբիեկտ։ Այս գործիքը, սակայն, այլեւս չկայ։  Եթէ Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում լուրջ դերակատար մնալն էր, ապա 2020 եւ 2023 թւականներին արւած քայլերը սխալ էր։ Հայաստանի եւ Ադրբեջանի վրայ ազդեցութեան այս գործիքակազմի անհետացումից յետոյ բնական է, որ Ադրբեջանի գործողութիւնների ազատութեան աստիճանը կաճէր։ Այն, ինչը մենք հիմա տեսնում ենք Ադրբեջանում, դրա ցուցիչն է։ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել նշաձողը, եւ իր խաղն է խաղում։ Նրանք բազմիցս ասել են, որ փոքր երկիր չեն, այլ միջին ուժ, ուստի փորձում են իրենց դիրքաւորել որպէս Հարաւային Կովկասի հեգեմոն։

Հարցին՝ արդեօ՞ք ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում շատ աւելի լուրջ խնդիրներ կառաջանան, Իսկանդարեանը նկատել է. «Իսկ ինչպէ՞ս պէտք է յարաբերութիւններն աւելի վատանան։ Ռուսաստանը զօրքեր չունի Ադրբեջանում, որ ինչ-որ քայլ անի։ Դիւանագիտական յարաբերութիւննե՞րն է խզելու՝ դժւար թէ։ Սահմաննե՞րն է փակելու՝ դժւար, յատկապէս, որ հարց է՝ հիմա բա՞ց են դրանք, թէ՞ ոչ։ Այդուհանդերձ, խնդիրն ինչ-որ կերպ կը կարգաւորւի, եւ որեւէ աղէտալի վիճակի չի յանգեցնի։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը սպանւեց, ռուսական ռազմական ինքնաթիռը խոցւեց, բայց, այդուհանդերձ, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները պահպանւում են, քանի որ իրադրութիւնը ստիպում է այս երկրներին մի կողմից միմեանց անվստահութեամբ վերաբերւել, իսկ միւս կողմից, երբ նրանք միմեանց կարիքն ունեն, համագործակցել։

Ինձ թւում է, որ ե՛ւ Կրեմլը, ե՛ւ Բաքուն գիտեն, թէ ինչպէս կարելի է անձնականը տարանջատել քաղաքականից։ Ռուսաստանի համար ակնյայտօրէն ձեռնտու չէ կտրուկ փչացնել յարաբերութիւնները յետխորհրդային որեւէ երկրի հետ ուկրաինական պատերազմի պայմաններում։ Միեւնոյն ժամանակ, մեր տարածաշրջանում ռուսական ազդեցութեան անկում է տեղի ունենում եւ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր դա տեղի է ունենում շատ աւելի ակնառու կերպով։ Այս գործընթացը շարունակւում է, Ռուսաստանի ազդեցութիւնը յետխորհրդային տարածքում նւազում է», – եզրափակել է քաղաքագէտը։

Related Articles

Back to top button