Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Հայաստանը դեռեւս կառավարում է կապիտուլեանտը, որը որեւէ խնդիր չի տեսնում թուրքական ազդեցութեան՝ մեզ վրայ տարածման հետ»

«ԱԼԻՔ» – Ռուսաստան-Ադրբեջան եւ Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում լարւածութեան ֆոնին, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով, թէ ինչ է տեղի ունենում Հարաւային Կովկասում:

«Հարաւային Կովկասում 2020 թ. Արցախեան պատերազմից յետոյ սկսած ֆիզիկական ու ազդեցութեան գօտիների սահմանները վերաձեւաւորումը դեռ չի աւարտւել, չկայ այնպիսի ուժերի դասաւորւածութիւն, որը կապահովի երկարաժամկէտ ստատուս քւօ (ինչպէս եղել է 1994 թւականին՝ մեր յաղթանակից յետոյ)։

Հետեւաբար բոլոր կողմերը «խաղում են»՝ իրենց բաժինը պահպանելու, հնարաւորութեան դէպքում՝ մեծացնելու համար։ Այս պահին առաւել ակտիւ խաղացողը Թուրքիան է՝ Ադրբեջանի միջոցով։

Յատուկ չեմ մտնում ձերբակալութիւնների եւ այլ մանրամասների մէջ։ Մեծ պատկերում դրանք անիմաստ են։ Սակայն այս իրավիճակում կայ լաւ, վատ եւ շատ վատ նորութիւն։

Լաւը. Թուրքիայի (ուստի նաեւ Ադրբեջանի) հնարաւորութիւնները անսահմանափակ չեն՝ հաշւի առնելով բազմաթիւ հանգամանքներ (սկսած ներքին քաղաքական-տնտեսական ճգնաժամից մինչեւ Իրան-ՌԴ-ին դիմակայելու գործիքակազմի սահմանափակումներ)։ Սա մեզ համար խաղալու մեծ դաշտ է բացում։

Վատը. Թուրքիայի հնարաւորութիւնները դեռ բաւարար են՝ տարածաշրջանում խաղը թելադրելու, իր դիրքերն ամրապնդելու ու ազդեցութեան գօտին մեծացնելու համար։ Դրա առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխաւոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը։ Այս պահին այդ ծրագրի ենթակառուցւածքային հատւածը ամբողջ թափով կառուցւում է։ Զուգահեռ՝ ընթանում է քաղաքական բանակցութիւնը (Փաշինեանի վերջին այցը հէնց դրա մի մասն է)։

Ամենավատը. մեր երկիրը դեռեւս կառավարում է կապիտուլեանտը, որը որեւէ խնդիր չի տեսնում թուրքական ազդեցութեան՝ մեզ վրայ տարածման հետ, որը մեզ համար նշանակում է ոչ թէ ուղղակի կախում Թուրքիայից, այլ ինքնիշխանութեան տոտալ անկում, հայկական պաշտպանական համակարգերի ոչնչացում եւ ի վերջոյ՝ Արցախի ճակատագրի կրկնութիւն։

Իսկ ամենատխուրն այն է, որ այս իրավիճակում ազգային, կարող կառավարութիւնը արդէն իսկ բազմաթիւ յաջողութիւններ գրանցած կը լիներ ու մեր երկիրը դիրքերը ամրապնդած կը լինէր շնորհիւ ճիշտ աշխատանքի։ Այդ հնարաւորութիւնները դեռեւս կան»,- գրել է նա:

Related Articles

Back to top button