«Խաղաղութեան փաստաթուղթ»-ը մինչեւ տարեվերջ կը ստորագրւի՞. ՀՀ կառավարութիւնը ամանորեայ «նւէր» է պատրաստել
Նոյեմբերի 28-ին Հայաստանի ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը յայտարարեց, որ Հայաստանն Արցախի ինքնորոշման իրաւունքի հարց այսօր չունի եւ որ Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ Լեռնային Ղարաբաղը մէջը։ Յետոյ նշում, որ առաջիկայ 15 օրերի ընթացքում հնարաւոր է ստորագրւի այսպէս կոչւած «Խաղաղութեան պայմանագիր»-ը, եթէ Բաքւից քաղաքական կամք դրսեւորեն։
Դէ, քանի որ Հայաստանի իշխանութիւնները քաղաքական կամք դրսեւորեցին ու բանաւոր ըմբռնմամբ նւիրեցին Արցախը Ադրբեջանին, հիմա գլուխները կախ սպասում են Ադրբեջանի քաղաքական կամքի դրսեւորմանն ու թելադրած խաղաղութեանը։
Մինչ Ալէն Սիմոնեանը հայ հանրութեանը համոզում էր, թէ խաղաղութիւնը մօտ է, պաշտօնական Բաքւից լիովին այլ խօսոյթով եւ այլ տրամադրւածութեամբ յայտարարութիւն տարածւեց։
Ալիեւի աշխատակազմից յայտնում են, որ Բաքւի բռնապետը դժգոհ է Հայաստանի պատրաստակամութիւնից: Իլհամ Ալիեւը նշել է, որ իրենք այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի տեքստի վերաբերեալ Հայաստանին առաջարկ էին փոխանցել 2023 թւականի սեպտեմբերի 11-ին, իսկ Հայաստանից դրան արձագանգել են նոյեմբերի 21-ին՝ 70 օր անց։ Այդ ձգձգումը, Բաքւի բռնապետի խօսքով, ցոյց է տալիս, որ Հայաստանը խաղաղութեան պայմանագրի տեքստն օգտագործում է որպէս պատրւակ՝ ձգձգելու բանակցային գործընթացը։
Հարց է առաջանում, Ալէն Սիմոնեանն ինչո՞ւ է այդքան վստահ, որ փաստաթուղթը կը ստորագրւի, յատկապէս այն պարագայում, երբ վերջին շրջանում միջնորդ կողմերից եւ ոչ մէկին հնարաւոր չի լինում նոյն սեղանի շուրջ նստեցնել Ալիեւին ու Փաշինեանին։ Աւելին, թէ՛ հայկական, եւ թէ՛ ադրբեջանական կողմից մշտապէս յայտարարում էին, որ առանցքային հարցերի շուրջ դեռ անհամաձայնութիւն կայ, հետաքրքրական է՝ 70 օրւայ ընթացքում, ո՞ր հարցերի շուրջ է Հայաստանը կոնսենսուսի եկել Ադրբեջանի հետ։
Սիմոնեանը յայտարարեց, որ առանցքային գրեթէ բոլոր հարցերի շուրջ համաձայնութեան են եկել։ Որոնք են այդ առանցքային հարցերը, բարդ չէ ենթադրել․ «Զանգեզուրի միջանցք»-ից մինչեւ անկլաւներ։
Ալէն Սիմոնեանը չբացառեց, որ անկլաւների հարցը նոյնպէս կարող է տեղ գտնել «խաղաղութիւն» կոչւող այդ փաստաթղթում, ու նշեց, որ ՀՀ-ն իր կողմից զիջումներն արել է ու գնդակը փոխանցել Ադրբեջանին։ Կեղծ խաղաղութեան փաստաթուղթը, փաստօրէն, ստորագրւելու է Հայաստանի զիջումներով, այլ ոչ փոխզիջումներով։
Այդ փաստաթղթի՝ մինչեւ տարեվերջ ստորագրւելու պարագայում Կառավարութիւնը ի՞նչ ամանորեայ նւէր կը մատուցի հայ ժողովրդին, ժամանակը ցոյց կը տայ։
Yerkir.am