Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումի մասնակիցներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մէկ կազմակերպւող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։

Նորին Սրբութիւնը, Հայրապետական իր սէրն ու օրհնութիւնը փոխանցելով ներկաներին, գոհունակութիւն է յայտնել հայրենիքում աշխարհասփիւռ հայորդիների համախմբման, ինչպէս նաեւ բանակումի շրջանակում կազմակերպւող կրթական, մշակութային ու հոգեւոր ծրագրերի առիթով։ Վեհափառ Հայրապետը կարեւոր է նկատել հայրենաճանաչութեան նմանօրինակ ծրագրերը, որոնք կոչւած են զօրացնելու երիտասարդների ազգային գիտակցութիւնը եւ ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամութիւնը։

Հայոց Հայրապետն ընդգծել է, որ գտնւելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականութեանը, ծանօթանում հայ ժողովրդի պատմութեանը, մշակոյթին, հոգեւոր ժառանգութեանն ու նւիրական սրբութիւններին եւ առաւել խորութեամբ ճանաչում իրենց ինքնութիւնը։ Նորին Սրբութիւնը վստահութիւն է յայտնել, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կը դառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգեւոր ապրումներով, ջերմ տպաւորութիւններով ու բացայայտումներով։

Իր խօսքում Վեհափառ Հայրապետն ուրախութեամբ է անդրադարձել երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստւածսիրութեանն ու եկեղեցասիրութեանը՝ նշելով, որ հէնց այդ արժէքներն են ամուր պահում ազգային կեանքը, միաւորում աշխարհասփիւռ հայութեանը եւ զօրացնում հայ ժողովրդի հաւատն ու յոյսը ապագայի հանդէպ։

Անդրադառնալով հայ ժողովրդի եւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրներին՝ Նորին Սրբութիւնն ընդգծել է, որ ներկայ ժամանակներում առաւել քան երբեւէ անհրաժեշտ են ազգային միասնականութիւնը, եղբայրասիրութիւնն ու անսակարկ նւիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խօսքով՝ միայն սիրով, միաբանութեամբ եւ համախմբւած ջանքերով հնարաւոր կը լինի յաղթահարել առկայ փորձութիւնները եւ կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։

Այնուհետ Նորին Սրբութիւնը պատգամել է հայորդիներին իրենց հոգիներում մշտավառ պահել ազգային ոգին, անսասան՝ հաւատն առ Աստւած եւ աննւազ՝ սէրն առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին։ Հայոց Հայրապետը մաղթել է, որ այդ սիրով առաջնորդւեն իրենց կեանքում, ուսման ու աշխատանքի մէջ եւ իրենց շնորհներն ու կարողութիւնները ծառայեցնեն հայ ժողովրդի բարօրութեանն ու առաջընթացին եւ հայրենիքի շէնացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է յայտնել ՀՄԸՄ կենտրոնական վարչութեան անդամներին, բանակումի կազմակերպիչներին եւ ազգային կառոյցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց նւիրեալ ծառայութիւնն են բերում երիտասարդ սերնդի կրթութեան, ազգային ու հոգեւոր դաստիարակութեան եւ հայեցի նկարագրի կերտման նւիրական գործին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Related Articles

Back to top button