Հայաստան - ԱրցախՄշակութային

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գաւառի Էրգեն (Գեչիմլի) գիւղում գտնւող հազարամեայ հայկական Սուրբ Յարութիւն եկեղեցին, որը յայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետեւանքով փլուզման եզրին է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քարաշէն ճարտարապետութեամբ, կամարակապ մուտքով եւ պատերի քանդակազարդերով աչքի ընկնող եկեղեցին համարւում է Դերսիմի բազմամշակութային անցեալի կարեւոր վկայութիւններից մէկը։ Սակայն այն տարիներ շարունակ չի վերանորոգւել եւ շարունակաբար վնասւում է թէ՛ բնական ազդեցութիւնների, թէ՛ գանձ որոնողների գործողութիւնների հետեւանքով։

Այսօր դրա քարերի մի մասը վնասւած կամ գողացւած է, իսկ միւսների վրայ տարբեր գրութիւններ են արւել։

Յիշեցնենք, որ դեռեւս 2012 թ. Էրզրումի մշակութային ժառանգութեան պահպանութեան խորհուրդը ընդունել էր եկեղեցու պահպանման անհրաժեշտութեան վերաբերեալ Թունջելիի նահանգի մշակոյթի եւ տուրիզմի վարչութեան ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղւած որեւէ աշխատանք չի կատարւել։

Քրդական «Rudaw» լրատւամիջոցի հաղորդմամբ՝ գիւղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցին վերականգնւի եւ վերածւի հաւատքի ու մշակութային զբօսաշրջութեան կարեւոր կենտրոնի։

Գիւղի բնակիչ Հայրի Եըլդըզը, խօսելով պետական մարմինների անտարբերութեան մասին, ասել է.

«Թող պահպանեն, հոգ տանեն դրա մասին։ Մենք՝ որպէս գիւղ, պէտք է պահպանենք այն։ Պետութեան մօտեցումն արդէն յայտնի է, բայց որեւէ քայլ չի ձեռնարկւում։ Չպէտք է թոյլ տանք, որ գանձագողերը մտնեն այստեղ։ Եթէ եկեղեցին պահպանւի, մարդիկ կը գան Եւրոպայից, Երեւանից, Ռուսաստանից։ Մեր գիւղը կը կենդանանայ»։

Մէկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Օղուզը, ընդգծել է մշակութային ժառանգութեան պահպանման կարեւորութիւնը.

«Սա պատմական եկեղեցի է, պատմական հաւատքի մաս է, արժէք է։ Այս արժէքները պէտք է պահպանել, հակառակ դէպքում դրանք կը վերանան։ Իրականում մենք ինքներս ենք ոչնչացնում մեր ժառանգութիւնը՝ նոյնիսկ դա չգիտակցելով»։

Էրգանի վանքը կառուցւել է 975 թւականին։ Այն համարւում է Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին։ Եկեղեցու պատերի ներսի հատւածում դեռեւս պահպանւում են հայատառ որոշ արձանագրութիւններ: Յայտնի է, որ Ցեղասպանութեան ժամանակ Էրգանի վերջին քահանան հրկիզւել է հէնց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թւականից ի վեր։

Related Articles

Back to top button