էԴԳԱՐ ԱԼԼԱՆ ՊՕ
Գեղանի Ելենա, ես հպւեցի շուրթերով Ձեր նամակին` թրջելով այն ուրախութեան արցունքներով կամ «աստւածային վհատութեամբ»։
Եթէ իսկապէս հաւատայի, կաղօթէի Աստծուն, անմիջապէս ծունր կիջնէի ու կաղաչէի (իմ կեանքի այս նշանակալից պահին), որ ինձ բառեր ներշնչի, որ կարողանամ Ձեր առաջ ամբողջովին բացել սիրտս։ Իմ բոլոր մտքերը, կրքերը դարձել են միացեալ մի ցանկութիւն, մի ցանկութիւն, որ հնար տայ Ձեզ տեսնել, հասկանալ այն, ինչի համար բաւական չի մարդկային ձայնը, իմ սիրոյ աներեւակայելի հուրը, քանզի այնքան լաւ գիտեմ Ձեր բանաստեղծական էութիւնը, որ եթէ Ձեր հոգու աչքերով թափանցէիք իմ հոգին, Դուք կը սիրէիք ինձ, գոնէ կը մեծարէիք իմ ՍԷՐԸ… Իսկ հիմա ամենահասարակ բառերով ուզում եմ նկարագրել այն տպաւորութիւնը, որ Ձեր արտաքինով թողեցիք ինձ վրայ։
Երբ դուք տատանւելով, շատ գունատ եւ սրտնեղած առաջացաք դէպի ինձ, յառեցիք Ձեր աչքերը ուղիղ իմ աչքերին, ես հաւատացի, որ գոյութիւն ունի հոգեկան ազդեցութիւն ու հասկացայ, որ իմ Ելենան էք, հազար երազներիս Ելենան…երբ խօսում էիք, ես չէի ընկալում բառերը, միայն լսում է թաւիշ ձայնը, որի մեղեդին ինձ աւելի հարազատ էր, քան իմ սեփականը…երբ քայլում էիք սենեակում եւ աթոռիս թիկնակին դնում ձեր ձեռքը, անկենդան փայտից անբնական դողը անցնում էր իմ էութեանը, ցնցում սիրտս, գլուխս սկսում էր պտտւել, Ձեր արբեցնող գոյութեամբ, այլ ոչ թէ իրական զգացմունքներով էի տեսնում ու լսում Ձեզ: Հոգիս էր Ձեզ նշմարում։
Թոյլ տւէք մէջբերել Ձեր նամակից մի հատւած. «Թէպէտ Ձեր ներկայութեամբ ես ինձ երեխայ եմ զգում ու խոնարհւում եմ Ձեր իմաստութեան առաջ, բայց չգիտէք, որ մի քանի տարով մեծ եմ…»։ Ասենք թէ դա ճիշտ է։ Չէ՞ք զգում, սիրելիս, հարցնում եմ Ձեր բանականութեանը, Ձեր սրտին, որ իմ աստւածային էութիւնը, իմ հոգին շնչահեղձւելով ձգտում է խառնւել Ձեր հոգուն։
ԵԼԵՆԱ, ՄԻ՞ԹԷ ՀՈԳԻՆ ՏԱՐԻՔ ՈՒՆԻ…Մի՞թէ չի մարել սիրտս Ձեր հրաշք ժպիտից, չե՞մ պահել Ձեր ձեռքը ափումս, չե՞մ սուզւել Ձեր հոգում՝ Ձեր բիւրեղեայ աչքերի միջով։ Եղե՞լ է այդ բոլորը։ Թէ ես երազում եմ, կամ էլ խենթ եմ։
Էդգար Ալլան Պօ (1809-1849), ամերիկացի գրող, պոէտ, Էսսեիստ, գրական քննադատ եւ խմբագիր, ամերիկեան ռոմանտիզմի ներկայացուցիչ, Ժամանակակից դետեկտիւի ձեւի եւ հոգեբանական արձակի ժանրի ստեղծողը: