Ճանաչենք Հայոց աշխարհը

Խաչիկ, գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, գտնւում է հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։
Բնակավայրի տարածքում առկայ են բազմաթիւ հայկական պատմամշակութային յուշարձաններ։
Խաչիկ գիւղի անւան ծագման վերաբերեալ գոյութիւն ունեն մի քանի վարկածներ։
Այժմեան գիւղատեղիից 1.5 կմ արեւմուտք գտնւել է մի քար, որի վրայ գրւած է եղել. «Հիմնադրեցի գիւղը եւ այն իմ անունով կոչեցի Խաչիկ։ Յիշեցէք Խաչիկ վարդապետին»։ Մելիորատիւ աշխատանքների ժամանակ այդ քարը ոչնչացւել է։ Հետագայում՝ Քարակոփի Խոտակերաց վանքի շրջակայքի պեղումների ժամանակ, գտնւել է մի տապանաքար, որի քայքայւած գրութեան մէջ դեռ կարդացւում էր «Խաչիկ» անունը։ Ենթադրւում է, որ սա հէնց գիւղի հիմնադիր Խաչիկ վարդապետի գերեզմանն է։
Վարկածներից մէկի համաձայն՝ երբ Թադէոս եւ Բարդուղիմէոս Առաքեալները Հայաստան եկան քրիստոնէութեան լոյսը տարածելու, իրենց հետ բերեցին Քրիստոսի խաչափայտից մի մասունք, որը պահւել է Քարակոփի (Խոտակերաց) վանքում։ Հէնց այս սրբութեան պահման հանգամանքով է հնարաւոր, որ գիւղը ստացել է Խաչիկ անունը։
Միջնադարում՝ մօտ 1010 թ., ընդունւած է եղել սահմանագլխերին խաչքարեր շարել, եւ այս տեղանքը յայտնի էր որպէս Խաչերի խոռ։
1604 թ., երբ Շահ Աբբասը բռնագաղթի ենթարկեց տեղի բնակչութեանը, այս տարածքը դարձրեց իր ամառանոցը։ Նա ունէր շատ սիրելի բազէ, որը մի օր փախչում է վանդակից ու խճճւում է խիտ տանձուտում։ Շահ Աբբասի համհարզները չեն կարողանում ազատել բազեմէին, եւ Շահը շատ է վշտանում։ Նա մեծ պարգեւ է խոստանում այն մարդուն, ով կազատի եւ կը վերադարձնի իր բազէին։ Խաչիկ անունով մի առնական ու գեղեցկադէմ երիտասարդ կարողանում է դա անել։ Շահին խնդրում է՝ գիւղն իր անունով կոչել։
Ասում են՝ շատ տարիներ առաջ Արցախի Խաչէն գաւառից բռնի ուժով այստեղ են տեղափոխւել բազմաթիւ մարդիկ։ Որպէսզի չմոռանան իրենց ծագումը, հիմնադրել են գիւղն ու այն անւանել Խաչիկ։
Վայոց Ձորի տեղաբնիկ բարբառում՝ Ճահուկ-Վայքի միջբարբառում, որն օգտագործւում է նաեւ Խաչիկում, խաչ բառը ունի նաեւ «սրբավայր» իմաստ։ Հնարաւոր է՝ վանքի մերձակայքում գտնւելու պատճառով տարածքը սկզբում կոչւել է «Խաչի գիւղ», որից էլ առաջացել է Խաչիկ անւանումը։
Խաչիկ գիւղը գտնւում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքից 40 կմ արեւմուտք, ծովի մակերեւոյթից 1800-1900 մ բարձրութեան վրայ։ Գիւղը գտնւում է բարձր լեռնային գօտում եւ ունի մօտ 250 ընտանիք։ Երեք կողմերից՝ հարաւարեւելքից, հարաւից եւ արեւմուտքից, սահմանակից է Ադրբեջանի՝ Նախիջեւանի տարածաշրջանին։
1828 թ., երբ Արեւելեան Հայաստանը միացաւ Ռուսաստանին, տարբեր վայրերից հայեր տեղափոխւեցին եւ բնակութիւն հաստատեցին Խաչիկում։
1896 թ. մարդահամարի տւեալներով՝ գիւղն ունեցել է 320 ընտանիք եւ 1350 բնակիչ։
20-րդ դարի սկզբին՝ մօտ 1900-ականներին, գիւղում հաշւում էր շուրջ 290 ընտանիք եւ մօտ 1300 բնակիչ։ Այդ շրջանում էլ վերջնականապէս ձեւաւորւեցին գիւղի սահմանները՝ մօտ 800 քառակուսի կմ տարածքով։
1918-1920 թթ. համատարած սովն ու հիւանդութիւնները (տիֆ, խոլերա) բազմաթիւ զոհեր են խլում։ Կրկնւող երաշտները, ճանապարհների անանցանելիութիւնը, արօտավայրերի պակասը վատթարացնում են իրավիճակը։
Գիւղի առաջին կառոյցը եղել է ցեխից պատրաստւած մի բերդ՝ այսօր Ժամ կոչւող հատւածի արեւմտեան կողմում։ Նրան կից կառուցւել է մի անշուք եկեղեցի։ Հետագայում այդ եկեղեցու փլատակների վրայ 1888 թ. կառուցւել է ներկայիս եկեղեցին։ Մինչեւ 1960-ական թթ. գիւղում տանիքապատ տներ չեն եղել. օգտագործւում էին չորս սիւների վրայ կառուցւած տափակ կտուրով բնակարաններ։
1921 թ. գիւղ են ժամանում բոլշեւիկները։
1922 թ. տեղի է ունենում հողաբաժանում, ինչպէս նաեւ անցկացւում է գիւղական խորհրդի ընտրութիւն, որի արդիւնքում Խաչիկի գիւղական խորհրդի առաջին նախագահ է դառնում Կիրակոս Մարգարեանը (պաշտօնավարել է 1922–1927 թթ.)։
Նոյն թւականին անյաջող փորձ է արւում ստեղծել առաջին կոլեկտիւ տնտեսութիւնը։ Մի քանի տնտեսութիւններ միաւորւում են, սակայն շուտով ցրւում։
1931-1932 թթ. սկսւում է համատարած կոլեկտիւացումը, եւ առաջին կոլտնտեսութեան նախագահ է ընտրւում Մամիկոն Գրիգորեանը։
1972 թ. Խաչիկի կոլտնտեսութեան հիման վրայ հիմնւում է Խաչիկի ոչխարաբուծական սովետական տնտեսութիւնը, որի տնօրէնը ղեկավարում էր ամբողջ կառոյցը։
•Գիւղատեղեր
Խաչիկ գիւղի շրջակայքում կան մի քանի հին գիւղատեղիներ, որոնք ժամանակի ընթացքում մաքրւում, հերկւում են եւ անհետանում։ Դրանցից մէկը գտնւում է գիւղի եւ Քարակոփի վանքի միջեւ։ Այստեղ պահպանւել են գերեզմանոց, խաչքար, ինչպէս նաեւ ձիթահանքի մնացորդներ, որոնց քարի վրայ պահպանւել է Կուկեցի վարպետի արձանագրութիւնը։ Քարակոփի վանքին մօտակայքում պահպանւել է նաեւ մէկ այլ գիւղատեղիի մնացորդներ, որոնք այժմ անւանում են Ղարղաբազար (թարգմանաբար՝ «Ագռաւների շուկայ» թուրքերէնից), այնտեղ եւս կան տապանաքարեր եւ մի արձանագրւած խաչքար՝ Սարգիս Կրօնաւորի յիշատակագրութեամբ։ Դէպի Ամաղու տանող ճանապարհին, մի ձորի մէջ գտնւում է Առնետ կոչւող գիւղատեղին, որի եզրին պահպանւել է Խաչիկ կրօնաւորի կանգնեցրած խաչքարը։
Քարակոփի վանքից դէպի հարաւ գտնւում են մէկ այլ գիւղատեղի աւերակներ, ուր կայ նաեւ աւերակ ջրաղաց, որի քարէ նաւի վրայ պահպանւել է պատմագիր Ստեփանոս Օրբէլեանի յիշատակագրութիւնը։ Այս ջրաղացը յատկապէս հետաքրքիր է եւ ուսումնասիրութեան կարօտ, որովհետեւ նախ՝ նաւը շինւած է քարերից, ապա նրան աշխատեցնող ջուրը, որը մի փոքր առւակ է, քիչ է եղել։ Այդ պատճառով փորւել են հորեր՝ քեայրիզներ, որոնց ջրերը միանալով առւակի ջրին՝ աշխատեցրել են ջրաղացը։ Հաւանաբար այս առանձնայատուկ եւ ծանր աշխատանքները կատարւել են Ստեփանոս Օրբէլեան պատմագրի օժանդակութեամբ, որի համար էլ քարի նաւի վրայ գրւել է նրա յիշատակագրութիւնը։
•Թաղեր
Գիւղի թաղերի անունները վկայում են, որ Խաչիկի բնակիչները տարբեր տեղերից են եկել։
Հռոյի մահլա՝ Արեւմտեան Հայաստանից եկածներ, Քեարդգեարի թաղ՝ հայի եւ քրդի խառնուրդ, Զոկի թաղ՝ Նախիջեւանից եկածներ, Ասի քեանդ՝ փոքր գիւղ, եւ այլն։
Իհարկէ, հետագայում ստեղծւել են նաեւ այլ թաղեր՝ Փոսի թաղ, Չիլլոնց թաղ, Ուլակեր, Ժամի թաղ, Սպիտակ /Սիպտակ/ ձորի թաղ եւ այլն։
•Տոհմեր
Գիւղի հիմնադիրները եղել են Ճաղարենք, Մուրադենք, Եարանոնք, Մխսոնք, Սաքանենք, Դումանենք, Աթինենք, Էլիքսանենք։ Թւով՝ եօթ տոհմ։
•Պատմամշակութային յուշարձաններ
Բերդաքար (Սանսաղալասի, Մեղրաքար)
Գիւղի հիւսիս-արեւմուտքում գտնւող այս բերդն ունի քիչ նշմարելի հետքեր, բայց բնական դիրքը, որի մուտքը հնարաւոր է միայն մի կողմից, ինքնին խօսում է նրա անառիկութեան մասին։ Ըստ երեւոյթին գործել է շուրջ 1200-1500 տարի առաջ։ «Սանսաղալասի»՝ թուրքերէն անւանումն է։ Բերդի անմատչելի ծերպում կայ մեղւաբուն, որտեղից ժամանակին համարձակ մարդիկ մեղր են հանել։
•Ջրաղացների բերդ
Աւուշ գետի (Թամաշալղի ձոր, Խոր ձոր) եւ Ջրաղացներ տանող ներքին կեռմանների արանքում գտնւող այս բերդի հետքերն այնքան պարզ են երեւում, որ կարելի է հաշւել, թէ քանի բնակարան է եղել։ Բերդի պարիսպների հիմքում դրւած են հսկայ քարաբեկորներ։ Դժւար է ասել դրանց երբեմնի բարձրութիւնը, բայց անզէն աչքով էլ երեւում է, որ բերդը եղել է ապահով կառոյց՝ իր բոլոր ենթակառուցւածքներով։
Բերդից 500-600 մ հեռաւորութեան վրայ գտնւում է պահակակէտը, որի հիմքից 1.5-2 մ բարձրութեամբ պատեր դեռ կանգուն են։ Այն եղել է բաւականին բարձր, ինչի մասին վկայում են քանդւած պատերից ընկած քարերը։ Բերդից մինչեւ պահակակէտը շարւած է մօտ 1.5 մ լայնութեամբ պատշար։ Բերդի համար Թեղուտից կաւէ խողովակներով ջուր է բերւել։
•Ժամի Թիլ
Գիւղից մօտ մէկ կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւում է Հին գիւղը, իսկ քիչ հեռու՝ բլրի գագաթին՝ ընդարձակ շինութեան հետքեր։ Կողքին՝ բաւականին լաւ յղկւած տապանաքարեր, մի փոքր հեռու՝ սովորական գերեզմաններ՝ անմշակ տապանաքարերով։ Ժամի Թիլում եղել է եկեղեցի կամ ժամատուն, որի գաւթում թաղւել են երեւելի մարդիկ։
•Հնգզարաթ
Աստւածածին։ Շատ հաւանական է, որ 1604 թ. Շահ Աբբասի տեղահանութիւնից յետոյ հայերը կրկին վերադարձել են։ Այդ ժամանակ գիւղատեղին պարսիկները նւիրել էին վրաց թագաժառանգին։ Վերջինս կոպիտ անձնաւորութիւն էր, շահագործել է առանց այն էլ սակաւ ճորտերին, որոնք էլ, պայքարի որեւէ ձեւ չիմանալով, կառուցել են Հնգզարաթը։
Պատերը շարւած են կոշտ քարերով՝ առանց շաղախի։ Կտուրը ծածկելուց յետոյ քանդւել է։ Կրկին ծածկ են դրել, բայց՝ իզուր։ Մինչեւ հիմա էլ պահպանւել է «Հնգզարաթը ծածկ չի վերցնում» հաւատալիքը։
Փաստօրէն, այն եղել է ուխտատեղի, որտեղ տարւայ ընթացքում 3-4 անգամ ամբողջ գիւղը հաւաքւել է։ Ամենաշատը՝ «կաթնով» մատուցման օրը։
•Քարակոփ կամ Խոտակերաց վանք
Հայաստանի նշանաւոր վանքերից է, որի մասին կան բազմաթիւ գիտական տեղեկութիւններ։ «Խոտակերաց» անւանումը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն ճշմարտութիւնն այն է, որ վանքի համալիրի կառուցումը երկար տարիներ է տեւել։ Մի քանի անգամ աւերւել է եւ վերաշինւել։ Վերջին անգամ՝ 10-րդ դարում։ Պաւլիկեան շարժման ժամանակ, ըստ երեւոյթին, վանքի սպասաւորներն ապստամբել են եւ ապրել քարայրերում, որտեղ էլ սնւել են խոտերով։ Վանքը վերանորոգելուց յետոյ Սիւնեաց Շուշանիկ տիկինը հրաւիրում է բնակիչներին եւ առաջարկում նորաստեղծ պայմաններում շարունակել ծառայել Աստծուն։ Այստեղից էլ առաջացել է Խոտակերաց վանքի անունը։
•Պորտախաչ (կամ Պորտաւոր Խաչ)
«Քարակոփ» վանքն ունեցել է կից կառոյցներ, որոնց հետքերը դեռ պահպանւում են։ Դրանք կառուցւած են շրջապատի անտաշ քարերով, որից էլ առաջացել է վանքի անւանումը։ Վանքն ունեցել է ճորտեր եւ հողակտորներ։ Մինչ օրս պահպանւում է Հարթավայրում գտնւող հսկայական հողատարածքը՝ Քարկոփահանդ անւամբ։ Վանքին կից գործել են ձիթահան եւ ջրաղաց։ Վերջինս տեղակայւած է եղել աղբիւրից մօտ 200 մետր ներքեւ, որի հետքերն այսօր էլ տեսանելի են։ Ջրաղացն աշխատել է քահրիզներից եւ Չռանի տակից եկող ջրով։
13-րդ դարի սկզբին Քարակոփ է այցելում Ստեփանոս Օրբէլեանը, որի պատւին կանգնեցւել է Պորտախաչը՝ ծառերից ներքեւ։
•Ժամը
Գիւղամիջի ժամատունը թւագրւում է 1888 թւականով։ Դրա շինարար վարպետը եղել է Ուստա Բադամը, ով ձմռանը Ճատէյենց օթախում տաշում էր քարը, իսկ գարնանը սկսում շինարարութիւնը։ Ժամը կառուցւել է համայնքի միջոցներով։ Ծուխը երկու էշաբեռ անմշակ քար է բերել Աբազբչանակից, եւս մէկ բեռ՝ Քարակոփի աւերւած եկեղեցուց։
Ժամատանը առաջին ծիսակատարութիւնը տեղի է ունեցել 1901 թւականին։
Երկար ժամանակ պայքար է ընթացել Սաքանենց եւ Դումանէնց տոհմերի միջեւ, քանի որ երկու տոհմերն էլ ունեցել են օծւած քահանաներ եւ ցանկացել են իրենք դառնալ եկեղեցու սպասաւոր։ Վերջին քահանան եղել է Տարսայիչ Խաչատուրի Տէր-Սիմոնեանը, ով մահացել է 1944 թւականին։
Եկեղեցին ունեցել է գմբէթ եւ զանգակատուն, սակայն 1940 թւականի յունւարին կայծակի հարւածից փլուզւել է։ 1960 թւականին տանիքը թիթեղապատւել է եւ գմբէթը վերականգնւել, սակայն ձեան առատութեան պատճառով այն կրկին քանդւել է։
•Աղբիւրներ
(Մեսրոպի աղբիւր)
19-րդ դարի 70-ականներին Յակոբջանեանները բնակութիւն են հաստատում Խաչիկ գիւղում։ Տեսնելով, որ իրենց տնից քիչ հեռու բնական աղբիւր կայ, որի ջուրն իզուր հոսում է, դրա շուրջը տնկում են ընկուզենիներ։ Նրանց օրինակին հետեւում են նաեւ Սաղերէնց (Շիւարենց) տոհմի ներկայացուցիչները, եւ առաջանում է գեղեցիկ ընկուզենու պուրակ։ «Մեսրոպ» անւան ծագումը յստակ յայտնի չէ։
•Ուլակեր աղբիւր
Գտնւել է մօտ 200 մ հեռաւորութեան վրայ բնակավայրից։ Գիւղացիների նախաձեռնութեամբ աղբիւրը մօտեցւում է գիւղին։ Աշխատանքների յաջող աւարտից յետոյ մի ուլ են մորթում եւ աղբիւրի մուտքը նշում։ Սկզբում կատակով կոչւում է «ուլակերների աղբիւր», հետագայում՝ Ուլակեր։
•Շոր աղբիւր
Բխում է նոյն տեղից։ Յատկապէս ամռանը հնձւորները խմում էին այդ աղբիւրի ջուրը, որը համեմատաբար ուշ էր տաքանում։ «Շոր» անւանումը առաջացել է ջրի մէջ աղի քանակի շատ լինելու պատճառով։
•Յուշարձան՝ զոհւածների յիշատակին
1969 թւականին Խաչիկ գիւղի ղեկավարները նախաձեռնում են Հայրենական Մեծ պատերազմում զոհւածների յիշատակը յաւերժացնող յուշարձանի կառուցումը։ Նոյեմբերի 29-ին տեղի է ունենում աղբիւր-յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը։ Այն ամփոփում է Խաչիկցի 132 զոհւածների՝ կորած գերեզմանների յիշատակը։
•Ջրաղացներ
Չի կարելի ստոյգ ասել, թէ երբ են կառուցւել ջրաղացները, սակայն ականատեսների վկայութիւնները եւ մնացած հետքերը վկայում են, որ դրանք գոյութիւն են ունեցել առնւազն 180-200 տարի առաջ։ Ներկայումս գիւղի տարածքում կանգուն ջրաղաց չկայ։
Ջրաղացները հիմնականում կառուցւել են Խոր ձորում՝ Աւուշ-չայ գետակի վրայ։ Հետագայում այս ձորը եւ ողջ կանիոնը ստացել են «Ջրաղացների ձոր» անւանումը։ Այստեղ եղել են մի քանի ջրաղացներ՝
•Պետրոսենց ջրաղաց
Գտնւել է երկու ջրերի՝ Աւուշից եւ Խաչիկից եկող, միախառնման վայրից մօտ 500 մետր ներքեւ։ Կարճ է գործել, քանի որ կառուցման ժամանակ հաշւի չէր առնւել հարաւ-արեւելքից եկող ջրհեղեղը, որն էլ վտանգել է ջրաղացի գոյութիւնը։ Դէպի ջրաղաց տանող ճանապարհն էլ եղել է անանցանելի։
•Աքելենց (Առաքելեանների) ջրաղաց
Գտնւել է Պետրոսենց ջրաղացից մօտ 350 մետր ներքեւ՝ Բերդաքարի ստորոտում։ Գոյատեւել է երկար ժամանակ՝ իր հարմար դիրքի եւ լաւ ճանապարհի շնորհիւ։ Առաքելեանները եղել են հմուտ վարպետներ. ջուրը բարդ տեղանքով հասցրել են ջրաղացին՝ ապահովելով մեծ ճնշում եւ անխափան աշխատանք։ Այսօր էլ այդ տարածքում երեւում են խաղողի այգիների, պտղատու ծառերի եւ մարգագետինների հետքերը։
•Սեփոյի (Ստեփանի) ջրաղաց
Տեղանքի պատճառով 1940-ական թւականներին դադարեցւեց Դումանենց ջրաղացի աշխատանքը, բայց ջրաղացի վարպետները Դումանենց ջրաղացից 200 մետր ներքեւ կառուցեցին նոր ջրաղաց, որը յայտնի էր Սեփոյի (Ստեփանի) ջրաղաց անունով։ Այս ջրաղացն իր գոյութիւնը պահպանեց մինչեւ 1950-ական թւականները։
•Դումանենց ջրաղաց
Յարմարաւէտ վայրում (բոլոր առումներով) կառուցւած այս ջրաղացն ամենահեղինակաւորն էր։ Այս տոհմի՝ Ուստա Օհանենց ժառանգները, լաւ տիրապետելով մի քանի արհեստների, կառուցել էին նաեւ կատարեալ ջրաղաց։ Վարպետ Աթանը, Քրիստափորը, Սեդրակը, Գեղամը, Պարոյրը ճանաչւած վարպետներ էին ոչ միայն Խաչիկում, այլեւ հարեւան Նորաշէնում՝ յատկապէս ջրաղացաշինութեան բնագաւառում։
•Աւանեսենց ջրաղացները
Երկու ջրաղաց իրար կից՝ վերեւ-ներքեւ։ Հաւանաբար աւելի ուշ են կառուցւել՝ բաւականին բարդ տեղանքում։ Մինչ ջուրը ջրաղաց հասցնելը, պատրաստել են 450 մետր երկարութեամբ առու։ Ջրաղացն աշխատեցնող ջուրն իր ընթացքը շարունակել է եւս մի քանի հարիւր մետր՝ օգտագործւելով նաեւ ոռոգման նպատակներով։
Ըստ կոլտնտեսութեան կողմից հետագայում կատարւած հաշւարկների՝ ջրաղացին շրջապատող այգում եղել է շուրջ 90 ընկոյզի ծառ (որոնցից իւրաքանչիւրը համարժէք էր 3-4 միջին ծառի), 150 ծիրանի, 30 տանձի, 50-60 փշատի, աւելի քան 100 սալորի եւ դամբուլի ծառեր, չհաշիած վայրի սնձի, տանձի եւ այլ ծառերը։ Կար նաեւ մէկ հա բարձրորակ խաղողի այգի։ Բանջարանոցը զբաղեցրել է հսկայական տարածք։
1935 թւականին ջրաղացներն իրենց շրջապատով հանրայնացւեցին։ Կոլտնտեսութիւնը ոչ միայն չպակասեցրեց այգիները, այլեւ բարելաւելով հողը՝ աւելացրեց տնկարկների եւ դեկորատիւ ծառերի քանակը։ Ցաւոք, 1990-ականների յայտնի իրադարձութիւններից յետոյ ջրաղացները թողնւեցին անուշադրութեան, եւ այսօր այդ տարածքը վերածւել է անապատի։
•Այլ ջրաղացներ
Գիւղատեղի շրջակայքում եղել են մի քանի ջրաղացներ։ Ամենահինը գտնւել է Քարակոփի աղբիւրից 150 մետր դէպի Միքայէլեանների ընկուզենին, ծառին չհասած։ Երեք տասնամեակ առաջ դէռ պահպանւած էին քարէ տաշտերն ու նավմւերը։ Այժմ մնացել են միայն բեկորներ, որոնք վկայում են ջրաղացի գոյութեան մասին։
Չորոյենց տների վերեւում եղել է երկու ջրաղաց, որոնք պատկանել են Ղազարեաններին։ Գիւղի յայտնի ջրաղացպաններից էր Նիկոլայ Ղազարթանը։
Գեչաւուտում գտնւում էր Անտոնենց Առաքելի ջրաղացը, որը հիմնականում ձաւար էր անում։ Հետագայում այդ ջրաղացից 100 մետր վերեւ կոլտնտեսութիւնը 1949 թւականին կառուցեց եւս մէկ ջրաղաց, բայց այն գործեց ընդամէնը 5-6 տարի, քանի որ շուտով գիւղում կառուցւեց էլեկտրաղաց, որով էլ աւարտւեց ջրաղացների գործունէութիւնը։
Առաքելեան Գրիշայի տանից 20 մետր հեռու՝ թմբի տակ, եղել է Առաքելեան Սիմոնի ջրաղացը։ Այս ջրաղացի դոնղզլղից (որտեղից ջուրը պտտեցնում էր անիւը) Ս. Առաքելեանը կատարել է հերոսական սխրագործութիւն. նա այնտեղ տեղադրել էր մի քանի հրացան եւ, երբ թուրքերը յարձակւել էին՝ հիմնականում Նաւի կողմից, սկսել էր կրակել։ Թուրքերը չէին պատկերացնում, թէ որտեղից է կրակը։ Նրա կրակոցներից սպանւել էին բազմաթիւ ասկեարներ, իսկ հարիւրաւորները խուճապահար նահանջել էին։ Սա հնարաւորութիւն էր տւել այլ հատւածներում մեծ ուժեր կենտրոնացնել եւ պարտութեան մատնել թշնամուն։
•Մոտորաղաց
1947 թւականին Սիրիայից հայրենադարձւած վարպետ Գրիգոր Անտոնեանը հայրենիք էր բերել մի շարք սարքաւորումներ, որոնցից մէկն աղաց էր, որը տեղադրեց գիւղում։ Մոտորաղացքի յայտնւելը իսկական յեղափոխութիւն էր։ 1951 թւականին այն ապահուում էր նաեւ էլեկտրական լոյս շուրջ 50 ընտանիքների համար։ 1952 թւականին այն դարձաւ էլեկտրաղաց, որն անխափան աշխատում էր՝ սպասարկելով ինչպէս գիւղացիներին, այնպէս էլ հարեւան գիւղերից եկածներին։
Նախնիների մի մասը Խոյից է գաղթել 1829 թւականին։
Բնակչութիւն՝ 862 մարդ
Մակերես՝ 62.11 կմ²
Բարձրութիւն՝ ծովի մակերեւոյթից 1860մ
Խաչիկ գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է ընդամէնը 26 յուշարձան (7 միաւոր)։
Խաչիկի Սուրբ Աստւածածին եկեղեցի – եկեղեցի Հայաստանի Վայոց ձորի մարզի Խաչիկ գիւղում։ Թւագրւում է 1681 թւականով։ Եկեղեցին ներառւած է Խաչիկի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ցանկում։
Եկեղեցին գտնւում է գիւղի կենտրոնում։ Այն կառուցւել է 1681 թւականին վարպետ Ուստա Բադամի կողմից՝ համայնքի միջոցներով։ Վերականգնւել է 1888 թւականին։ Առաջին ծիսակատարութօւնը տեղի է ունեցել 1901 թւականին։
Եկեղեցին ունեցել է գմբեթ եւ զանգակատուն, սակայն 1940 թւականին կայծակի հետեւանքով շանթահարւել ու աւերւել է։ 1960 թւականին եկեղեցու տանիքը թիթեղապատւել է, վերաշինւել է գմբէթը, սակայն եղանակային պայմանների պատճառով այն կրկին քանդւել է։ Եկեղեցու խաչը օրհնւել եւ տեղադրւել է 2015 թւականի հոկտեմբերին։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ