Հայաստան - ԱրցախՄշակութային

Մշակութաբան. «Ադրբեջանը պատմական շուրջ 6 գերեզմանոց է վերացրել, որտեղ առկայ են 12-13-րդ դարերի խաչքարեր»

2020 թւականի Արցախեան 44-օրեայ պատերազմի ժամանակ եւ 2023 թ. սեպտեմբերի 19-ից արցախցիներին իրենց հայրենիքից բռնի տեղահանելուց յետոյ Ադրբեջանը շարունակեց պատմամշակութային ժառանգութեան ոչնչացումը՝ խախտելով միջազգային բոլոր նորմերը: Ի՞նչ նորմեր են խախտւել, ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել եւ այլ հարցերի վերաբերեալ 168.am-ը զրուցել է մշակութաբան Արմինէ Տիգրանեանի հետ:

 Ադրբեջանը, այսպէս ասած՝ մարսեց Ջուղայի խաչքարերի վերացումը, Գանձակի, Շահումեանի, Նախիջեւանի պատմամշակութային ժառանգութեան ոչնչացումը, որոշ չափով՝ նաեւ սեփականաշնորհումը, եւ նոյնը հիմա շարունակում է Արցախի դէպքում: Ի՞նչ է արւում այս ուղղութեամբ:

– Այն, որ Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն Հայաստանի տարածքային իւրացման ճանապարհով հասնել իր գերնպատակին, այլեւ ոչնչացնել այդ տարածքում ապրող հազարամեայ պատմութիւն ունեցող ժողովրդի ինքնութիւնը, պատմութիւնը, լինելիութեան ապագան, արձանագրւած փաստ է, որի մասին խօսում են ոչ միայն հայկական իրականութեան, այլեւ Եւրոխորհրդարանի տիրոյթում, եւ 2023 թ. հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ բանաձեւով յստակ արձանագրւեց, որ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգութեան ոչնչացումը նոր իրողութիւն չէ, եւ այն Ադրբեջանի 100-ամեայ քաղաքականութեան բաղկացուցիչ մի մասն է:

Բացի այդ, բանաձեւը յստակ նշեց, որ Ադրբեջանի քաղաքականութիւնը համակարգւած յանցագործութիւնների շարք է, այդ թւում կան կասկածներ՝ էթնիկ զտման հիմքով: Այս կտրւածքով կարող ենք ասել, որ Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է նիւթական կառոյցները եւ վնաս հասցնում նիւթական օբիեկտներին եւ արժէքներին, այլեւ դրանց ոչնչացմամբ ցանկանում է հերքել տարածաշրջանում Արցախի ժողովրդի ապրելու պատմութիւնը եւ շարունակականութեան հնարաւորութիւնը: Այդ պատճառով Ադրբեջանը փորձեց բռնի տեղահանութեան, տոտալ հայաթափման ենթարկել ողջ Արցախը, որպէսզի հնարաւորութիւն չտայ վերստեղծելու մշակութային ինքնութիւնը:

 Շինարարութեան անւան տակ էլ վերացնում են հայկական գերեզմանոցները:

– Այո, սա նոր քաղաքականութիւն չէ: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից յետոյ, երբ Ադրբեջանի կողմից բռնազաւթւեց Արցախի տարածքի մեծ մասը, Ադրբեջանը գլոբալ ճանապարհաշինարարական աշխատանքների անւան տակ փորձեց ոչնչացնել պատմական մի շարք գերեզմանոցներ, այդ թւում՝ Շուշիի, Սղնախի գերեզմանոցները: Վերջերս Ադրբեջանը ոչնչացրեց Շուշիի երկու պատմական գերեզմանոցներ՝ 18-19-րդ դարերի, որտեղ առկայ են 12-13-րդ դարերի խաչքարեր, բազմաթիւ տապանաքարեր, որոնք փաստում էին ոչ միայն արցախահայերի գոյութիւնը, այլեւ հարուստ տեղեկատւութիւն՝ արցախեան կենցաղի, հարուստ պատմութեան մասին: Սա ծանր կորուստ է, որովհետեւ պատմական գերեզմանոցների ոչնչացումը հէնց այն թիրախային ուղղութիւնն է, որով Ադրբեջանը փորձում է վերացնել հայերի ներկայութիւնը փաստող նիւթական ապացոյցները: Վերացւել է շուրջ 6 պատմական գերեզմանոց:

 Օկուպացւած Արցախում կան մի շարք թանգարաններ, պատկերասրահ, շատ ցուցանմուշներ, բնականաբար, հանել հնարաւոր չի եղել: Այս ամէնն Ադրբեջանը սեփականաշնորհելու է, ու իրենց գոյութեան 100 տարին մոռանալով՝ ներկայացնելու են, որ չգիտես՝ որ դարից է ու իրենցն է: Շատ մասնագէտներ ունենք, գրքեր ենք տպագրում, բայց պայքարը նաեւ սոցիալական ցանցերում է: Ի՞նչ են անում մեր մշակութաբանները:

– Այն, ինչ Ադրբեջանը չի կարողացել պատմականօրէն ստեղծել՝ այսօր փորձում է արդէն իսկ ստեղծւածը իւրացնել եւ վերագրել իր պետութեանը: Այն, որ օկուպացւած տարածքներում թողել ենք բազմաթիւ թանգարաններ, հազարաւոր ցուցանմուշներով՝ մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական օկուպացիայի ժամանակահատւածը, կարող էինք խօսել շուրջ 20.000 թանգարանային ցուցանմուշների ու 12 թանգարանի մասին, բայց, ցաւօք, պէտք է արձանագրենք, որ սեպտեմբերի 19-ից յետոյ թանգարանների, ցուցանմուշների թիւը համալրւեց: Կորուստը ոչ միայն այդ արժէքաւոր ժառանգութիւնն է, այլեւ այն, որ վտանգւում է մշակոյթի իրաւունքի իրացման կոնցեպտը, որը սերտօրէն առնչւում է ինքնութեան, կրթութեան իրաւունքին:

Նշեմ, որ 44-օրեայ պատերազմից յետոյ ակադեմիական հանրոյթը՝ հնագէտ Համլետ Պետրոսեանի ղեկավարութեամբ, սկսեց Արցախի մշակութային ժառանգութեան մոնիտորինգ նախաձեռնութիւնը, ստեղծւեց կայք, որը համագործակցում է միջազգային տարբեր գործընկերների հետ, այդ թւում՝ Կովկասի ժառանգութեան միջազգային կենտրոնի, որն արբանեակին տւեալներ է փոխանցում: Կայքում ներկայացւում է Արցախի մշակութային հարուստ ժառանգութիւնը, ցոյց է տրւում, թէ Ադրբեջանն ի՞նչ ուղղութիւններով է փորձում դա ոչնչացնել, եւ դրան տրւում է համարժէք պատասխան: Պայքարը գնում է նաեւ իրաւաբանական ոլորտում: 2021 թ. դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը որոշում հրապարակեց՝ փորձելով Ադրբեջանին արգելել ոչնչացնել հայկական ժառանգութիւնը:

Այսօր, երբ Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի եւ հայկական պատմական այլ քրիստոնէական եկեղեցիների պատմութիւնը կեղծւում է, եւ դրանք համարւում են աղւանական, սա հարւած է ոչ միայն Արցախի ժողովրդին, այլեւ քրիստոնէական ողջ հանրութեանը, եւ սա յանցագործութիւն է՝ ուղղւած ողջ մարդկութեանը, քանզի Արցախի ժառանգութիւնը մոլորակի մշակութային ժառանգութեան իւրօրինակ գոյնն է, իսկ ժողովուրդն այսօր հնարաւորութիւն չունի վերստեղծել իր ժառանգութիւնը: Սա մոլորակի մշակութային աղքատացում է: Հռոմի ստատուտը նշում է, որ ժառանգութեան ոչնչացումը նաեւ մարդկութեան արժանապատւութեան դէմ ոտնձգութիւն է համարւում:

Կարծում էք՝ փաստաթղթերը կամ դատարաններն ազդեցութիւն կունենա՞ն Ադրբեջանի վրայ:

– Երբ Հաագայի դատարանը 2021 թ. յորդորեց զերծ մնալ ոչնչացումներից, Ադրբեջանը որոշ իմաստով փորձեց զսպել ժառանգութեան ոչնչացման եւ պատմութեան իւրացման իր քաղաքականութիւնը եւ բացայայտ դա չանել: Իսկ երբ Ադրբեջանի մշակոյթի նախարար Քերիմովը յայտարարեց, որ պատրաստւում է յանձնաժողով ստեղծել՝ եկեղեցիների արձանագրութիւնները ոչնչացնելու հետ կապւած, միջազգային կոշտ արձագանգը ստիպեց, որ Ադրբեջանը յետ կանգնի այդ որոշումից եւ յանձնաժողովի գոյութիւնը բացայայտ դադարեցւի: Լաւագոյն լուծումը կը լինի, եթէ ԻՒՆԵՍԿՕ-ն անկախ փորձագիտական այց կազմակերպի Արցախ: Գործընթացը դադարեցւում է, եւ ԻՒՆԵՍԿՕ-ն իր առաքելութիւնն իրականացնելու փոխարէն՝ շարունակում է Ադրբեջանին «խրախուսել» ու նրան նշանակել իր գլխաւոր կոնֆերանսի փոխնախագահող երկիր: Միջազգային օրէնքների ոչ ճիշտ գործարկումը չի նշանակում, որ մասնագէտները չպէտք է շարունակեն աղաղակել այս ոչնչացումների մասին:

Միջազգային կառոյցների ներկայացուցիչներն են ուզում գնալ Արցախ, ԻՒՆԵՍԿՕ-ի դէպքում Ադրբեջանն իր ճանապարհն էր առաջարկել, բայց նրանք հրաժարւել էին: Այդ փորձագէտները որքանո՞վ են անկախ, ճիշտ չէ՞ր լինի, որ նրանց թւում նաեւ հայ լինի:

– Ազգային կողմնորոշումը գիտութեան մէջ այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ գիտնականը պէտք է վեր լինի ազգային պատկանելութիւնից, չէզոք ու արդարացի քննի հարցը, բայց ճիշտ էք. այն ներկայացուցիչները, որոնք ՄԱԿ-ի կողմից ներկայացւած էին եւ սեպտեմբերի 19-ից յետոյ եկել էին տարածաշրջանում իրողութիւնը գնահատելու, կարելի է ասել, որ քաղաքականացւած յայտարարութիւն տարածեցին՝ նշելով, որ այդքան էլ բռնութեան հետքեր չկան, ու զարմացել են, թէ ինչո՞ւ է Արցախի ժողովուրդը լքել այն: ԵԽԽՎ բանաձեւում էլ նշւել էր, որ Արցախի ժողովուրդն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդիւնքում, կեանքի տոտալ սպառնալիքից ելնելով, վախի մթնոլորտում լքել է իր պատմական հայրենիքը: Ունենք իրարամերժ երկու ուղղութիւն: Բայց օրակարգում մնում է հարցը, որ իսկապէս անկախ փորձագէտներ են պէտք, ու եթէ նրանց թւում հայեր լինեն՝ դա կը նպաստի երեւոյթի ճշմարտացի ներկայացմանը: Իսկ եթէ լինեն միջազգային փորձագէտներ, որոնք չեն ներկայացնի խաւիարային դիւանագիտութիւն, այս պարագայում կարող ենք խնդրի փոքր-ինչ լուծման որոշակի յոյսեր ունենալ:

Ունենք նաեւ Արցախի բարբառի պահպանման խնդիր: ԿԳՄՍ նախարարութիւնը նշեց, որ Հադրութի բարբառը ցանկանում են գրանցել ԻՒՆԵՍԿՕ-ում, բայց դա հարցի լուծո՞ւմ է:

– Բարբառը համարւում է ոչ նիւթական մշակութային ժառանգութիւն, ու այն պահպանելու համար անհրաժեշտ է կիրառել, փոխանցել սերունդներին: Այդ արժէքի հանրահռչակումը կարող է որոշակի դերակատարում ունենալ: Հադրութի բարբառը շատ իւրայատուկ, կոլորիտային ինֆորմացիա է պարունակում, կարծես թէ կոդաւորել է այդ համայնքի կարեւոր մշակութային առանձնայատկութիւնները:

Related Articles

Back to top button