Հայաստան - Արցախ

Արման Թաթոյեան. «Այս իրավիճակում խաղաղութեանը սպասում է ոչ թէ խաչմերուկ, այլ` փակուղի»

Քանի դեռ Հայաստանի գիւղերի եւ քաղաքների հարեւանութեամբ, համայնքների միջեւ ճանապարհներին կան ադրբեջանական զինւած ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնւել վտանգի տակ, իսկ ադրբեջանական յանցաւոր արարքները շարունակւելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանութիւնը գործում է պատասխանատւութեան բացակայութեան պայմաններում: Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը։

«Որքա՞ն կարելի է յանուն իշխանութեան ձեւացնել, թէ ամէն ինչ լաւ է ու դուք էլ տիրապետում էք երկրի անվտանգութեան լուծումներին: Յանուն պաշտօնի՝ առաջ էք բերել անիրատեսական նպատակներ ու դրանք արդարացնելու համար կոծկել ու քողարկել էք ադրբեջանական յանցանքները։ Եւ այս ամէնն արել ու անում էք սեփական քաղաքական իշխանութիւնը պահելու համար մղձաւանջային վախերի պատճառով։

Այսպէս են բաց թողնւել կամ էականօրէն նւազեցւել մեր երկրի անվտանգութեան հիմնարար լուծումների (օրինակ՝ ՀՀ սահմանների շուրջ անվտանգութեան գօտու ստեղծումը) համար պայքարի հնարաւորութիւնները։ Շատ հարցերում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը, ստեղծել է սեփական քայլերի իրաւական [թէեւ արհեստական] հիմքերը, խաղաղութեան կեղծ շղարշի ներքոյ ամրապնդել է հայատեացութիւնը։ Հիմա էլ նոյն սանձարձակ պահւածքով շարունակում է յանցանքները մեր քաղաքացիների նկատմամբ, ինչպէս ցաւօք տեղի ունեցաւ դեկտեմբերի 4-ին։

Մեզ համար սրա գինը հայրենիքն է, մարդու կեանքն է՝ զինւորականի ու քաղաքացիական բնակչի կեանքը։ Մինչդեռ, Հայաստանի իւրաքանչիւր զինւորական ադրբեջանական յանցաւոր արարքներից պաշտպանում է իր հայրենիքը, այդ հայրենիքում ապրողին, ու նրանց կեանքը միջազգային պաշտպանութեան ներքոյ է։

Որքան ժամանակ է՝ փաստերով ապացուցում եմ, որ Ադրբեջանի իշխանութիւնը չունի խաղաղութեան մտադրութիւններ:

Ուստի, մէկ բան յստակ է. քանի դեռ Հայաստանի գիւղերի եւ քաղաքների հարեւանութեամբ, համայնքների միջեւ ճանապարհներին կան ադրբեջանական զինւած ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնւել վտանգի տակ, իսկ ադրբեջանական յանցաւոր արարքները շարունակւելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանութիւնը գործում է պատասխանատւութեան բացակայութեան պայմաններում:

Այս իրավիճակում խաղաղութեանը սպասում է ոչ թէ խաչմերուկ, այլ` փակուղի»,- գրել է նա։

Related Articles

Back to top button