Եւրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կը քննարկի Բաքւում ապօրինաբար պահւող հայերի հարցը

«ԱԼԻՔ» – Ստրասբուրգում Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենայ քննարկում Բաքւում ապօրինաբար պահւող հայ գերիների վերաբերեալ։
Բրիւսէլում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ԵԽ լիագումար նիստում մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան խախտման դէպքերի վերաբերեալ դեբատների շրջանակում եւրախորհրդարանականների ուշադրութեան կենտրոնում կը լինեն նաեւ Բաքւում ապօրինաբար պահւող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագոյն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալութիւններն ու կեղծ դատավարութիւնները» խորագրի ներքոյ։ Նոյն հարցի առնչութեամբ հրատապ բանաձեւը քւէարկութեան կը դրւի մարտի 13-ին։
Աւելի վաղ «Արմէնպրես»-ը յայտնել էր, որ Եւրախորհրդարանի պատգամաւորները Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում նախատեսում են հրատապ դեբատներ անցկացնել եւ բանաձեւ ընդունել Բաքւում ապօրինի պահւող հայ գերիների հարցով։
Ադրբեջանը հաստատում է իր մօտ 23 հայ գերու առկայութիւնը:
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել եւ շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դաւիթ Իշխանեանին, արտաքին գործերի նախկին նախարար Դաւիթ Բաբայեանին, Պաշտպանութեան նախկին նախարար Լեւոն Մնացականեանին, Պաշտպանութեան նախարարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանին, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրւել նաեւ Վասիլի Բեգլարեանին, Էրիկ Ղազարեանին, Դաւիթ Ալահվերդեանին, Գուրգէն Ստեփանեանին, Լեւոն Բալայեանին, Մադաթ Բաբայեանին, Գարիկ Մարտիրոսեանին, Մելիքսեթ Փաշայեանին։
Ռուբէն Վարդանեանի նկատմամբ քրէական գործն անջատւել է միւսների գործից, դատաքննութիւնն անցկացւել է առանձին։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրութեանն ուղղւած իր յայտարարութիւնը՝ ի նշան Ադրբեջանում իր դէմ կեղծ դատավարութեան դէմ բողոքի: Փետրւարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբէն Վարդանեանի ինքնազգացողութիւնը վատացել է, ինչի պատճառով նիստը յետաձգւել է, այնուհետեւ շարունակւել։ Վերջին նիստը կայացել է մարտի 4-ին։ Ռուբէն Վարդանեանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպէս նաեւ նրան խոշտանգման ենթարկելու վերաբերեալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։
Բաքւում ապօրինի պահւող հայ գերիների հարցով փետրւարի 28-ին յայտարարութիւն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը։ Հաղորդում է yerevan.today-ը: