Հայաստան - Արցախ

Ձիւնիկ Աղաջանեան. «Արեւմտեան վեկտորի փոփոխութեան իշխանութեան ծրագիրը ձախողւած է»

Ադրբեջանը ոչ մի երաշխիք Հայաստանից չի ակնկալում, եւ դա ակնյայտ էր Ադրբեջանի նախագահի օրերս ասուլիսի համատեքստից: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ Ադրբեջանը Հայաստանից, իսկ Հայաստանն Ադրբեջանից երաշխիքներ են ուզում, որ միմեանցից տարածքային պահանջներ չունեն:

«Նրանց միակ երաշխիքը սեփական ներկայութիւնն է հայկական ռազմավարական դիրքերում, ուժային պարտադրանքի լեզւով խօսելը եւ այն յաւակնութիւնները, որ նրանք շարունակաբար հնչեցնում են եւ շարունակելու են հնչեցնել:

Մեզ տարբեր համատեքստերում մինչ օրս խաբել են, ստի ու կեղծիքի միջոցով բերել հասցրել են մեր Հանրապետութեան գոյութիւնը հարցականի տակ դնելուն՝ թէ՛ իրաւական առումով, թէ՛ ֆիզիկական գոյութեան տեսակէտից: Այս իշխանութիւնների վերջին 1-1.5 ամսւայ խօսւածքից յստակ է դառնում, որ իրենց խոստացած, ակնկալւած արեւմտեան երաշխիքները, յանուն որի Արցախը զոհաբերւեց եւ ՀՀ ինքնիշխանութիւնը եւ հայոց պետականութիւնները դրւեցին զոհասեղանին, ուղղակի իրականութիւն չի դառնում: Եւ հիմա, որպէսզի ինչ-որ մի արդիւնք ցոյց տայ, իշխանութեան ղեկին նստած անձը փորձում է հանրութեան կերակրել էլի որոշակի երաշխիքների ակնկալիքով: Յիշենք, որ նա Ադրբեջանից ու Թուրքիայից կադաստրի թուղթ էր ուզում, այսօր նա խօսում է նոր Սահմանադրութեան մասին: Շատերը դեռ վաղուց էին ասում, որ բերելու է նրան, որ ջնջւելու են երրորդ Հանրապետութեան հիմքերը եւ այնտեղ ամրագրւած թէ՛ Արցախի հիմնախնդիր, թէ՛ Ցեղասպանութեան հարցը: Այս իշխանութեան մօտ տեսնում ենք քայլեր՝ ուղղւած հայ ազգի ինքնութեան, հայոց պետականութեան ոչնչացմանը, եւ դա ինչ-որ մի սպասարկու կառոյցի փոխարինման, որը հետագայում երեւի թէ կը դառնայ մի վիլայէթ թուրքական վերահսկողութեան ներքոյ»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանն անվտանգութեան փնտրտուքի մէջ, է Ձիւնիկ Աղաջանեանն ասաց. «Անվտանգութեան փնտրտուքի կարիք չկայ, պետութիւնն ինքը սեփական անվտանգութիւնը պէտք է կառուցի՝ իր գործընկերների, հարեւանների, բարեկամների հետ շահերի համադրման եւ դրանք ի շահ իրեն օգտագործման միջոցով: Անվտանգային համակարգերի տեսակէտից այս ամբողջ խոսոյթը վկայում է, որ արեւմտեան վեկտորի փոփոխութեան իրենց ծրագիրը ձախողւած է: Այն, ինչով նրանք կերակրւել էին, այն գեղեցիկ խոստումները, որ նրանք ստացել էին Արեւմուտքից՝ Հայաստանը ռուսական ազդեցութեան գօտուց դուրս բերելու եւ յանուն դրա Արցախը զոհաբերելու համար, այդ ակնկալիքներից ոչինչ իրականութիւն չի դառնում, եւ դա պատահական չէ: Արեւմուտքի համար դա սովորական գործելաոճ է: Նա խոստումներ է տալիս, դրա համար պատրաստ է վճարել, որպէսզի դու քո ազգի արեամբ եւ քո կորուստներով սպասարկես իր շահերը, բայց երբ պահը գալիս է եւ իրենց խնդիրները բարդանում են, իրենք գեղեցիկ կերպով կարող են շուռ գալ, թողնել քեզ կործանւած զոհասեղանին եւ ուղղակի հեռանալ, ասելով՝ կը ներէք, չստացւեց»:

Related Articles

Back to top button