Ո՞ւմ է պէտք անթասիբ, առանց ազգային էքսպանսիոն նպատակի, ստամոքսով ապրող ստրուկների նիկոլական Հայաստանը

«ԱԼԻՔ» – «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրերն արեւելագէտ, իրանագէտ Արտեօմ Տօնոյեանն ու տնտեսագէտ, պետական կառավարման մասնագէտ Յովհաննէս Աւետիսեանն են։
Զրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
Արտեօմ Տօնոյեան.- Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանը շատ հետաքրքիր փոփոխութիւնների մէջ է։ Լարւածութիւն կայ Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Ռուսաստան յարաբերութիւններում, իրավիճակը կայուն չէ Վրաստանում, եւ այս ամէնի մէջ՝ ինչպէս է իրեն դիրքաւորում Հայաստանը, գնահատելը բաւականին բարդ է։
Յովհաննէս Աւետիսեան.- Միաբեւեռ աշխարհից անցում ենք կատարում բազմաբեւեռ աշխարհի։ Այսինքն՝ եթէ նախկինում աշխարհի ոստիկանի դերը կատարում էր ԱՄՆ-ը, հիմա՝ ուկրաինական կարգաւորումից յետոյ, ստիպւած է հաշւի նստել Ռուսաստանի հետ, ապա՝ Չինաստանի, ինչ-որ պահից նրանց կը միանայ Հնդկաստանը։
Ամերիկեան եւ եւրոպական աշխարհներն իրենց զարգացման ներկայիս տեմպը պահելու համար շատ մեծ քանակի ռեսուրսների կարիք ունեն։ Օրինակ՝ Գերմանիան, որ համարւում էր Եւրոպայի Չինաստանը՝ արտահանման մեծ ծաւալների համար, չի դիմանում։ Երկրի տնտեսութիւնը լուրջ խնդիրներ ունի այն բանից յետոյ, երբ պայմանաւորւած ռուս-ուկրաինական հակամարտութեամբ՝ հրաժարւեց ռուսական գազից։
Ռուսաստանը Հարաւային Կովկասում որոշումներ կայացնելու գերիշխող դիրք է ունենալու, որովհետեւ ԱՄՆ-ի այս վարչակազմը որոշել է, որ ռուսական ազդեցութեան գօտիներին մօտ չի գալու։
ԱՄՆ նախկին ադմինիստրացիան մտածում էր Հարաւային Կովկասում թուրքական ազդեցութեան գործօնը մեծացնելու վերաբերեալ։ Թրամփի ադմինիստրացիան այդպէս չի մտածում։
Երբ վերլուծում ենք Հայաստանի այս իշխանութեան՝ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան գործողութիւնները, տեսնում ենք, որ երկիրը ոչ թէ ԵՄ են տանում, այլ թուրքահպատակութեան։
Արտեօմ Տօնոյեան.– Թուրքական մեծացած ազդեցութիւն Հարաւային Կովկասում ու յատկապէս Ադրբեջանում՝ բարդ է ասել, որ այն ընկալւելու է՝ որպէս ռուսական ազդեցութեան գօտի։
Իրանը Թուրքմենչայի պայմանագրից յետոյ 200 տարի չի վիճարկել ռուսական հեգեմոնիան այս տարածաշրջանում, սակայն այլ կը լինի իրավիճակը, եթէ նման յաւակնութիւն ունենայ Թուրքիան։ Իրանը դա միանշանակ թոյլ չի տայ։ Հէնց այդ համատեքստում էր Սիւնիքում Իրանի հիւպատոսութեան բացման որոշման կայացումը։
Յովհաննէս Աւետիսեան.– Պետութիւնները մշտապէս իրար հետ հակամարտում են ռեսուրսների համար։ Եթէ նայենք 2020 թ․ պատերազմից առաջ եղած իրողութիւններին, կը տեսնենք, որ Ադրբեջանը բրիտանական ընկերութիւններին հանքարդիւնաբերութեան թոյլտւութիւններ էր տւել այն տարածքներում, որոնք դեռ Արցախի տիրապետութեան տակ էին։ Իսկ բռնապետները հէնց այնպէս ոչինչ չեն անում։
Զանգեզուրի միջանցքը առաջին հերթին ու բացառապէս պէտք է թուրքական աշխարհին ու այդ պատճառով մեծ ռիսկ է Ռուսաստանի համար։ Այդ պատճառով էլ Ռուսաստանը պնդում է, որ ինքը պիտի վերահսկի Միջանցքը, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում կարողանայ միջամտել։ Եթէ Զանգեզուրի միջանցքը բացւի, ապա քարտէզի վրայ կարող է լինել ձեւական Հայաստան, բայց Հայաստանի ղեկավարը կը նշանակւի Թուրքիայում։
Ընկալում կայ, որ ով ատոմային զէնք ունի, չի կարող պարտւել։ Սա է տրամաբանութիւնը, որ Իսրայէլն էլ ունի ատոմային զէնք։ Իրան-ԱՄՆ հակամարտութիւնը հէնց այս պատճառով է սրւել։
Շատ լուրջ գիտատեխնիկական կարողութիւններ պահանջող է ինքնաթիռների, սուզանաւերի արտադրութիւնը։ Թուրքիան, օրինակ, ինքնաթիռ չի կարողանում արտադրել, բայց աշխատում է այդ ուղղութեամբ։
ԱՄՆ-ին Թուրքիայի ուժեղացումը չի անհանգստացնում, քանի որ, քանի դեռ Թուրքիան չունի ատոմային զէնք, տեխնոլոգիապէս զարգացած արտադրութիւն, Թուրքիան կառավարելի է լինելու։
Արցախի հայկական լինելը համադրելի չէ Հայաստանի՝ ԵՄ անդամութեան հետ։ Հետեւաբար՝ այն մարդիկ, ովքեր քարոզում են ԵՄ անդամութիւն, ՆԱՏՕ-ի անդամութիւն, հակառուսականութիւն, հանդէս են գալիս ոչ հայկական դիրքերից։
Եթէ Հայաստանը ձգտի ինքնուրոյնութեան, կը հետաքրքրի աշխարհին, մասնաւորապէս՝ Ռուսաստանին, որովհետեւ միայն Հայաստանը կարող է Թուրքիայի էքսպանսիոն նպատակների դէմն առնել՝ ելնելով մեր գենետիկ ատելութիւնից։ Ռուսաստանին այս տարածաշրջանում պէտք է ուժեղ Հայաստան, բայց եթէ Հայաստանի իշխանութիւնն առանց դիմադրութեան յանձնում է ամէն ինչ ու համոզում է ժողովրդին հրաժարւել պետութիւնից, ոչ ոքի նման Հայաստանը պէտք չէ։
Արտեօմ Տօնոյեան.– Իրանը շատ յստակ է ասում՝ Զանգեզուրի միջանցքի բացումն իր համար մեծ խնդիր է։ Իրանը յայտնւում է, ինչպէս իրենք են ասում, ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի շրջափակման մէջ։ Գոյաբանական վախ կոչւածը կայ նաեւ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարութեան մօտ, ու պատահական չէ, որ պատերազմից անմիջապէս յետոյ դրւեց Սիւնիքում հիւպատոսութիւն բացելու հարցը։ Իրանի համար էական է սպառնալիքի չէզոքացումը ու Հայաստանի հետ անխափան կապի ապահովումը։
Թէ՛ Թուրքիան, թէ՛ Ադրբեջանը պատրաստւում են այդ պայմանական Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Դուք նայէք՝ ճանապարհային ենթակառուցւածքների ինչ ծաւալի շինարարութիւն է ընթանում այդ երկրներում։
Եթէ կարդանք Խատիսեանի յուշերը, այնտեղ յստակ կայ, որ 100 տարի առաջ էլ թուրքերը պահանջել են Հայաստանի հարաւը։ 100 տարի անց նրանց նպատակները չեն փոխւել։
Յովհաննէս Աւետիսեան.– Նիկոլ Փաշինեանի պատկերացրած Հայաստանը տարածաշրջանային հիւրատուն է, իսկ նրա ժողովորդը՝ անթասիբ, ստամոքսի համար ապրող ժողովուրդ, որը չունի ոչ մի ազգային նպատակ։
Արտեօմ Տօնոյեան.– Հայաստանը մի խնդրի պատասխան, այնուամենայնիւ, պէտք է գտնի։ Յաջորդ ազգային իշխանութիւնները պիտի ասեն, թէ ինչ են անելու մեր անվտանգային ճարտարապետութեան հետ, եթէ յանկարծ Ռուսաստանը հեռանայ այս տարածաշրջանից։ Ի՞նչ դերակատարում է ունենալու Իրանն այդ պարագայում։
Յովհաննէս Աւետիսեան.- Եթէ ազգն իր առաջ չունի դրւած էքսպանսիոն ազգային ծրագիր՝ Արցախ, Նախիջեւան, Կարս շարունակական ծաւալման հեռանկարով, մշտապէս հանդէս է գալու խեղճի, թոյլի դիրքերից։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայ համայնքը պիտի քաղաքականացւի, մենք պիտի անենք այն, Իսրայէլն արել է ԱՄՆ-ում՝ գրաւել քաղաքական միտքը։ Եթէ դու հրաժարւում ես քո իրաւունքներից, դառնում ես ստրուկ։
Պետութեան շուրջ պլանները չեն կարող չափւել մարդու կեանքի տեւողութեամբ, այն պիտի չափւի դարերով։ Եթէ Իսրայէլը նման կերպ մտածէր, չէր լինի այն, ինչ հիմա կայ։ Նայէ՛ք Ադրբեջանին։ Ոչ մի բան չունեն՝ ոչ պատմութիւն, ոչ լեզու, ու մի դինաստիա՝ Ալիեւի գլխաւորութեամբ, չեղած ազգից մեծ պետութիւն է դարձնում, իսկ մենք մեր ունեցածը փոշիացնում ենք։
Ռուսաստանը սիրով է մասնակցելու Հայաստանի էքսպանսիոն նպատակներին։ Հէնց հիմա Հայաստանի այս իշխանութիւնների գործունէութեան արդիւնքում մենք այն գծի վրայ ենք, որ դադարեցնում ենք մեր պետութեան գոյութիւնը՝ հրաժարւելով մեր իրաւունքներից։ Մենք դեռ հնարաւորութիւն ունենք Հայաստանն այս սարսափելի գծից հանելու։
Պէտք է սովորել ու սովորել, ու գիտութիւնը մեզ ուժ կը տայ՝ դիմագրաւելու այդ մարտահրաւէրներին։ Գերտէրութիւններին խեղճ պետութիւններ պէտք չեն։ Այն օրը, երբ Իսրայէլը հրաժարւի իր գերնպատակներից, ԱՄՆ-ը նրան դէն է շպրտելու։
Այս աղէտալի իշխանութեան գործունէութեան արդիւնքում երկիրը խրւել է պարտքերի մէջ, եւ տրւած պարտքի տոկոսները շարունակաբար աճելու են։ 2018 թ.-ից սկսած՝ մեր պարտքը կրկնապատկւել է եւ միւս տարի կը հասնի 14 միլիարդ դոլարի։ Ու ցաւալին այն է, որ այդ պարտքն ուղղւում է ընթացիկ ծախսերին։ Մեր պարտքն աւելի արագ է աճում, քան տնտեսութիւնը, ու սա աղէտալի է։ Ներդրում այստեղ չի լինելու, որովհետեւ ներդրողը տեսնում է, որ այդ երկրի վարչապետը շարունակաբար խօսում է զիջումների՝ տարածքներ յանձնելու, ուրիշի պահանջով Սահմանադրութիւն փոխելու մասին… Ո՞վ է վստահելու այսպիսի պետութեանը։
Արտեօմ Տօնոյեան.- Բաքւից գերիներին վերադարձնելու պատասխանատուն այսօրւայ իշխանութիւններն են, ու բնական է, որ մարդիկ հէնց նրանցից են պահանջում գործողութիւններ։ 1918 թ․ մենք մօտ 10000 ադրբեջանցի գերիներ ենք ունեցել, եւ Իրանի հիւպատոսն է խնդրել մեզ ազատ արձակել նրանց, միջամտել, որ մենք՝ որպէս բարի կամքի դրսեւորում, գնացել ենք այդ քայլին։ Այսօր էլ կարելի է դիմել Իրանին, յիշեցնել այս պատմական օրինակը, խնդրել, որ հիմա նոյնպէս դիմեն Ադրբեջանին՝ վերադարձնել մեր գերիներին։ Պէտք է դիմել նաեւ այլ բարեկամ երկրներին։
Յովհաննէս Աւետիսեան.- Երբ տւեալ պահի իշխանութիւնը չի զբաղւում մարդկանց անվտանգութեան հարցերով, որը պետութեան գլխաւոր գործառոյթն է, նա դնում է պետութիւն դադարեցնելու հիմքերը։ Գերիներին վերադարձնելն այդ գործառոյթներից է։ Ալիեւն այս պրոցեսը՝ դատավարութիւն կոչւածը, մեզ՝ հայերիս, ստորացնելու համար է անում։ Ցոյց է տալիս աշխարհին, որ Հայաստան պետութիւնը չի գալիս իր գերիների յետեւից, որ յաջորդ անգամ մարդիկ չգնան կռւելու։ Ալիեւն ու Փաշինեանը, ձեռք ձեռքի տւած, քանդում են մեր պետութիւնը։ Սրա դէմն առնելու համար թիւ մէկ խնդիրն իշխանութեան փոփոխութիւնն է։ Իսկ դա անելու համար պէտք է լուծել խմբային առաջնորդութեան խնդիրը։
Արտեօմ Տօնոյեան.- Մեր երկրում վերից վար չկայ պատասխանատւութեան ինստիտուտ։ Համատարած անպատասխանատւութիւն է։
Արցախի վերաազատագրումը պէտք է լինի մեր թիւ մէկ նպատակը։ Համաձայն եմ, առաջնորդութեան հետ մէկտեղ՝ պէտք է դրւի օրակարգի ու ազգային իղձի հարցը։ Իսկ Արցախի վերաազատագրումը պէտք է լինի գերնպատակ։ Չպէտք է թոյլ տալ, որ մեր աչքի դիմաց մեզնից խլւած հայկական տարածքն անցնի նոյն այն ճանապարհը, ինչ մեր պատմական հայրենիքի միւս տարածքները՝ Վանը, Իգդիրը, միւսները։ Արցախի վերաազատագրումը պէտք է լինի օրակարգ։
Յովհաննէս Աւետիսեան.- Արցախը վերաազատագրելու համար մենք նախ պէտք է վերականգնենք մեր իրաւունքները, նոր դրանից յետոյ իրացնենք դրանք: