
Սոյն թւականի փետրւարի 2-ին, իր մահկանացուն կնքեց համայնքիս կրթական-միութենական կեանքում երկար տարիների աշխոյժ մասնակցութիւն ունեցած Սեդա Շատիկեան-Աբրահամեանը:
Նա մէկն էր այն նւիրեալ անհատներից, ում կեանքում առաջնահերթ ու առանցքային էր հանրային-հասարակական գործունէութիւնը, ի մասնաւորի հայ դպրոցին ծառայելը:
Ծնւել էր 1933 թ. մարտի 23-ին, Թեհրանում՝ վանեցի ծնողներից: Հինգ հոգանոց ընտանիքի կրտսեր զաւակն էր: Մանուկ Սեդայի կրթական կեանքը սկիզբ առաւ «Սարվարեան» մանկապարտէզից, իսկ դպրոցական տարիքը զուգադիպում էր հայոց դպրոցների փակման վերջին տարիներին, որի հետեւանքով Սեդան երկու տարի յաճախեց պարսից դպրոց, ապա երրորդ դասարանից ընդգրկւեց արդէն վերաբացւած «Քուշեշ-Դաւթեան» ազգային դպրոցում: Միջնակարգի շրջանը սովորեց «Անուշիրւան Դադգեար» եւ «Նուրբախշ» դպրոցներում:
Երիտասարդ Սեդան ուսումը շարունակեց Փարիզի «Klytia» կենտրոնում՝ մաշկի խնամքի ու պահպանման ոլորտում: Ուսման տենչը եւ անշուշտ իր նախասիրութիւնը, նրան մղում էր նորանոր ասպարէզներ: 1975-ին նա մուտք գործեց Թեհրանի համալսարան ու հետեւեց ներքին դեկորացիայի մասնաճիւղը, որն աւարտեց լաւագոյն ուսանողի կոչումով: Սեդան լեզուներ սովորելու յատուկ ընդունակութիւն ունէր. տիրապետում էր հինգ լեզուների: Դասական երաժշտութեան սիրահար էր եւ փոքր տարիքից դաշնամուր էր նւագել:
Ամուսնացաւ Ժան Աբրահամեանի հետ: Նրանց ընտանեկան կեանքը լիացաւ իրենց երկու զաւակների՝ Արմէնի ու Անահիտի, իսկ հետագային նաեւ հինգ թոռնիկների շնորհիւ:
Որդու դպրոց յաճախելուն պէս՝ 1965 թւականից, Սեդան ընդգրկւեց ծնողական խորհուրդների կազմերում եւ տարիներ շարունակ նւիրւածութեամբ ծառայեց հայ դպրոցին ու մատաղ սերնդին: Հետագային ժամանակի Կենտրոնական հոգաբարձութեան կողմից նշանակւեց Վաչէ Յովսէփեան դպրոցի հոգաբարձութեան անդամ: Իսկ երբ փոխւեցին կարգերն ու դպրոցներում գործուղւեցին ոչ-հայ տեսուչներ, Սեդան ստանձնեց «Քուշեշ-Դաւթեան» դպրոցի հոգաբարձութեան նախագահի պաշտօնը՝ մինչեւ 1981 թ., ապա նշանակւեց որպէս Թեմական խորհրդի ներկայացուցիչ նոյն այդ դպրոցում: Տարիների ընթացքում նրա համար դպրոցը դարձել էր հարազատ տուն, ուր առաջինն էր մուտք գործում ու վերջինը՝ լքում:
1980-ական տարիներին, երբ հայոց դպրոցները կանգնած էին նիւթական ծանր իրավիճակի առջեւ, Սեդան հանդիսացաւ ժամանակի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած «Թ. Հ. Թ. ազգային դպրոցների պահպանման ֆոնդ»-ի ակտիւ անդամը: Այդ կազմի անխոնջ աշխատանքն իր դրական ազդեցութիւնն ունեցաւ յաղթահարելու հայոց դպրոցների ժամանակի նիւթական դժւարին իրավիճակը:
Սեդան ակտիւ է եղել նաեւ միութենական կեանքում: «Հայ կին» միութիւնում, 1985-91 թւականներին ընտրւել է հերթական վարչութեան կազմերում, իսկ 1997-2001 թթ. աշխատել է որպէս միութեան փոխնախագահ, ապա նախագահ: Նոյն միութեան կողմից մասնակցել է Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովին: 1999-ին եղել է հայ կնոջ տարազների ցուցահանդէսի պատասխանատուն: Երկարատեւ ու արգասաւոր գործունէութիւն է ունեցել նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնում՝ 1985-ից սկսած:
Ընկեր Սեդան ճանաչւած է եղել իր կարգապապահութեամբ ու յանձնառութեամբ, դրական լիցքերով յագեցւած բարեհամբոյր բնաւորութեամբ: Նրա համար չկային մեծ ու փոքր գործեր, չկար սեւ ու սպիտակ: Նա միշտ լինում էր այնտեղ, ուր որ նրա կարիքն էր զգացւում:
Երբ Հայաստանից, 1993 թւին, մեր համայնքի հիւրընկալ գիրկը ժամանեցին, զոհւած ծնողների ստւար թւով զաւակներ, Աբրահամեան ընտանիքը յանձն առաւ փոքրիկ Վլադիկի զոյգ աչքերի բարդ վիրահատութիւնը եւ փոքրիկին ընծայեց լուսաւոր աչքերով աշխարհ տեսնելու հնարաւորութիւնը:
Սեդա Շատիկեանի յուղարկաւորութիւնը կատարւեց փետրւարի 7-ին եւ դին ամփոփւեց Նոր Բուրաստան գերեզմանոցում:
Յարգանք եւ օրհնութիւն իր յիշատակին:
Է. Յ.