ՀամայնքՆոր Ջուղա

Հաղորդագրութիւն Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովը, 8-րդ հաշւետու նիստի գումարմամբ, եզրափակեց իր քառամեայ գործունէութիւնը: Նշւած նիստը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ օգոստոսի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, մասնակցութեամբ՝ Նոր Ջուղայի, Շահինշահրի, Շիրազի եւ Փերիոյ շրջանի պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ Հաշւեքննիչ մարմնի, Թեմական ու Կրօնական խորհուրդների, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների։

Ժողովին ներկայ էր նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը:

Նիստը բացւած յայտարարւեց Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի աղօթքով եւ Պատգ. ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանի բացման խօսքով, որտեղ ընդգծելով, թէ Իրանի վրայ կատարւած 12-օրեայ յարձակումները ոչ միայն հարւած էին երկրի հողային ամբողջականութեանը, այլ նաեւ ժողովրդավարութեան հիմքերին, ցաւակցեց այդ անմարդկայն յարձակման հետեւանքով զոհւածների ընտանիքներին: Նա անդրադարձ ունենալով նշւած ժամանակաշրջանում համայնքի ապահովութիւնը պահպանելու եւ առկայ վիճակը դիմագրաւելու ուղղութեամբ պետական մարմինների հետ համախորհուրդ ազգային մարմինների նախաձեռնութիւններին, շեշտեց՝ ինչպէս որ երկրի ղեկավարութիւնը պատրաստ է ցանկացած պահի արժանի հակահարւած տալ թշնամու ոտնձգութեանը, այնպէս էլ թեմի ազգային մարմինները պէտք է զգօն լինեն ցանկացած խոչընդոտի եւ ծանր պայմանների յաղթահարման համար:

Ընթացքում արտայայտւեց նաեւ պրն. Մանսուրեանը, հիմնականում անդրադարձ ունենալով թեմիս հայկական համայնքների խնդիրների լուծման ուղղութեամբ իր կատարած գործունէութեանը, սկսեալ պատկան պետական պաշտօնատարների հետ ունեցած հանդիպումներից մինչեւ իրականացւած նախագծերն այս շրջագծում։

Այնուհետեւ օրակարգի համապատասխան գլուխների ներքոյ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անցնող տարեշրջանի գործունէութեան զեկոյցների շուրջ տեղի ունեցան հարց ու պատասխաններ եւ հնչեցին ըստ էութեան արտայայտութիւններ՝ գործադիր մարմինների աշխատանքի վերաբերեալ:

Ընթացքում ժողովականները նաեւ յայտնեցին իրենց տեսակէտներն ու առաջարկները ազգային մարմինների գործունէութեան վերելքի շուրջ, որոնք բոլորը բանաձեււած փոխանցւելու են թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովին:

Նշելի է, որ նիստի աւարտին, որը տեղի ունեցաւ նոյն օրւայ երեկոյեան ժամը 8:00-ին, դիւանի միջոցով գնահատագրեր յանձնւեցին բոլոր պատգամաւորներին՝ չորս տարիներ շարունակ ազգային-հասարակական կեանքի բարելաւման ուղղութեամբ կատարած գործունէութեան համար: Վերոնշեալներին նւիրւեց նաեւ Պատգամաւորական ժողովի կողմից 2024 թւականի մայիսին կազմակերպւած «Ազգային կեանք, մարտահրաւէրներ եւ առաջադրանքներ» խորհրդաժողովում արծարծւած զեկոյցների գրքոյկը:

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւան

Related Articles

Back to top button