ԹեհրանՀամայնք

Արա Շահվերդեանը բարձր գնահատեց «ԱԼԻՔ»-ի դերակատարութիւնը

Մշակոյթի շաբաթւան ընդառաջ, Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանն այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն։

Պատգամաւորը հանդիպման ընթացքում բարձր գնահատեց օրաթերթի աշխատակազմի գործունէութիւնը՝ կարեւորելով «ԱԼԻՔ»-ի դերակատարութիւնը իրանահայ համայնքի մշակութային կեանքի զարգացման, պահպանման եւ արժեւորման գործում, յատկապէս՝ Սփիւռքի պայմաններում։

Հանդիպման ընթացքում Արա Շահվերդեանը գնահատագրեր յանձնեց «ԱԼԻՔ»-ի լրագրողներին եւ աշխատակազմի անդամներին՝ նշելով, որ համայնքային կեանքի անցուդարձերի հետեւողական լուսաբանումն ու արձանագրումը ոչ միայն պահպանել է համայնքի հարուստ պատմութիւնը, այլեւ կարեւոր դեր է ունեցել իրանահայութեան՝ Հայաստանի եւ Սփիւռքի տարբեր համայնքների հետ կապերի պահպանման ու ամրապնդման գործում։

Պատգամաւորը յատկապէս անդրադարձաւ «ԱԼԻՔ»-ի 95-ամեայ պատմութեանը նշելով, որ այն վկայում է թերթի գիտակցաբար ստանձնած առաքելութեան մասին։ Նրա խօսքով այն տարիներին, երբ չկային հաղորդակցութեան ու տեղեկատւութեան տարածման այսօրւայ միջոցներն ու հնարաւորութիւնները, «ԱԼԻՔ»-ը հետեւողականօրէն իրականացրել է իր առաքելութիւնը դառնալով հայկական մամուլի հնաբնակներից մէկը։

Արա Շահվերդեանը որպէս այդ դերակատարութեան վերջին վառ օրինակներից մէկը նշեց նաեւ ԱՄՆ-իսրայէլական 40-օրեայ պատերազմի ընթացքում «ԱԼԻՔ»-ի իրականացրած աշխատանքը։ Նա ընդգծեց, որ ԲԱԼԷ-ի միջոցով, երբ այն փաստօրէն միակ լուսամուտն էր դէպի արտաքին լրահոս, «ԱԼԻՔ»-ը կարողացաւ համայնքին ապահովել պատերազմի ընթացքի մասին տեղեկատւութիւնը, շարունակելով տարիների իր առաքելութիւնը։

Related Articles

Back to top button