Սուրբ Սարգիս Զօրավարի տօնի առիթով հսկման արարողութիւն եւ սուրբ պատարագ՝ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում
Ամէն տարի Առաջաւորաց Պահքին յաջորդող շաբաթ օրը յիշատակւում է Ս. Սարգիս Զօրավարի տօնը։ Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին եւ պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։
Կարգադրութեամբ եւ հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի՝ ուրբաթ, յունւարի 26-ի երեկոյեան ժամը 18։00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, որի աւարտին տեղի ունեցաւ Աղի եւ Աղեբլիթի օրհնութիւն:
Շաբաթ, յունւարի 27-ին, Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ: Պատարագիչն էր Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։
Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում յայտնեց. «Այսօր սրբազան այս տաճարի կամարների ներքոյ ի մի ենք եկել, որպէսզի հայցենք բարեխօսութիւնը Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու՝ Մարտիրոսի ու տասնչորս զինւորների»: Նա անդրադառնալով սուրբ բառի իմաստին ընդգծեց, որ սուրբ բառը նշանակում է տարբերել. ուստի սուրբ մարդը այն է, որ իր հաւատքով եւ զոհաբերութեամբ միւսներից զանազանւում է։ Ապա ակնարկելով Տէրունի պատւէրին թէ՝ «Սուրբ եղէք, ինչպէս որ ձեր Երկնաւոր Հայրը սուրբ է» ասաց, սուրբը այն անձն է, որ իր ապրելակերպով ու կենցաղով կարողացել է Աստծու օրհնութեան եւ շնորհին արժանանալ: Նա յաւելեց, որ Սուրբ Սարգիս Զօրավարը, այն անձնաւորութիւնն էր, որ իր շրջապատից զատւելով դարձաւ քրիտոնէական եկեղեցու հաւատաւոր անձ, ով իր որդու՝ Մարտիրոսի եւ տասնչորս զինւորների հետ նահատակւեց յանուն քրիստոնէական իր հաւատքին: Սրբազան Հայրը իր քարոզի մի այլ բաժնում մեկնաբանելով հաւատքը յայտնեց. «Հաւատքը մարդկային կեանքի աւիշն է: Հաւատքը մարդկային կեանքը լուսաւորող եւ այն Աստծու մօտեցնող ճշմարտութիւնն է»:
Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքն ասաց, որ այս տօնակատարութիւնը ոսկեայ առիթ է, որ վերանորոգենք մեր Քրիստոնէական հաւատքը, որպէսզի մէկ անգամ եւս կանգ առնենք եւ մտածենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի ու Իր առաքելութեան ու ուսուցումների եւ մեզ թողած կտակի մասին եւ ըստ այնմ տնօրինենք մեր կեանքը։ Սրբազան Հայրը անդրադարձաւ նաեւ եկեղեցու հանգուցեալ բարերարների եւ նրանց զաւակների բարերարութեան, որոնք իրենց հանգուցեալ ծնողների յիշատակին իշխանական նւիրատւութեամբ մասնակցեցին եկեղեցու նորոգութեան:
Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի կատարւեց հարիսայի օրհնութիւն եւ հոգեհանգստի արարողութիւն եկեղեցու բարերարների ու յարակից հանգուցեալ բարեկամների համար, որից յետոյ օրհնւած հարիսան ի խնդիր հիւանդութիւնների բժշկութեան եւ մեղքերի թողութեան եւ օրհնութեան բաժանւեց ուխտաւոր հաւատացեալներին։
Արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թեմական խորհրդի, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, Քահանայից դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ: Ներկայ էին նաեւ «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները:
Կրօնական արարողութեան աւարտին Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն ազգային առաջնորդարանի դահլիճում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ