Տօն անւանակոչութեան Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցու
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, յունւարի 28-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցեց Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, որով եւ նշւեց եկեղեցու անւանակոչութեան տօնը, Սուրբ Սարգիս Զօրավարի յիշատակի օրւայ հետ զուգահեռ: Խորանին սպասարկում էին սարկաւագներ՝ Առլէն սրկ. Բադալեանը եւ Սեւան սրկ. Ենովքեանը, իսկ երգեցողութիւնը կատարւում էր «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Սրբազան Հայրը իր քարոզում վեր հանեց Ատրպատականի հայոց թեմի մեր ժողովրդի խոր հաւատքը, որով 179 տարիներ առաջ, հաւաքական ջանքով կարողացել էին իրենց թաղամասը օժտել քարաշէն եւ գմբէթաւոր եկեղեցիով. «Այս եկեղեցու կառուցումից առաջ, դրա տեղում եղել էր հողաշէն եւ փայտածածկ մի եկեղեցի: Այնտեղ, անւանի թաւրիզահայ Պարոն Աւագի մայրը՝ Նանաջան բաջին դպրոց էր բացել եւ հայերէն էր սովորեցնում, իր նախկին՝ Լէյլիաբադ անունով ծանօթ սոյն թաղամասի հայ երեխաներին: Այն օրերին, սոյն թաղամասի հայերը միասնական որոշում են կայացնում, ազգային առաջնորդարանի հովանաւորութեամբ նոր եկեղեցի կառուցել, որը մնայուն հոգեւոր տունն էր հանդիսանալու սոյն թաղամասի: Այս աշխատանքի մէջ իր կարեւոր դերակատարութիւնն է ունենում, սոյն թաղամասի հոգեւոր հովիւ Տ. Զաքարիա քհնյ. Տէր-Զաքարեանը»,- ասաց Սրբազան Հայրը, օրհնելով եկեղեցաշէն բոլոր հանգուցեալների յիշատակը:
Սրբազան Հայրը այս առիթով անդրադարձաւ Սուրբ Սարգսի հաւատքի զօրութեանը, աղօթելով առ Աստւած, որ նրա անխորտակելի հաւատքից բոլոր խնդրողներին եւս բաժին հանի, դիմադրելու համար ներկայ աշխարհի բազմատեսակ մարտահրաւէրներին ու դժւարութիւններին: Նա այս առիթով բացատրեց, որ Ս. Սարգսի տօնի շաբաթւան զուգադիպող պահքը չի առնչւում սրբի հետ, այլ այն կոչւում է Առաջաւորաց պահք, որը Ս. Գրիգոր Լուսաւորիչը հաստատել էր երեքօրեայ դրութեամբ, Հայաստանը քրիստոնէացնելուց եւ Տրդատ թագաւորն ու հայոց արքունի մեծամեծերը մկրտելուց յետոյ:
Յայտնենք, որ ամէն կիրակի օրերի աւանդութեան համաձայն՝ դպրոցական դասաւանդութիւնների դադարին, եկեղեցու շրջափակում գտնւող հայոց «Հայկազեան, Թամարեան, Սահակեան» դպրոցի աշակերտները, իրենց տեսչուհու՝ Սիլւա Աշըղեանի եւ ուսուցիչների հետ ներկայ եղան ս. պատարագին:
Սուրբ պատարագի աւարտին, խորանի բեմի վրայ օրհնւեցին աւանդական աղի բլիթները, որոնք այնքան խնամքով պատրաստւել էին եկեղեցու Խնամակալ մարմնի կանանց միջոցով, եւ ապա բաշխւեցին հաւատացեալ ժողովրդին: