Հինգշաբթի, մայիսի 2-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի գրական խմբի նախաձեռնութեամբ միութեան «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ գրական երեկոյ ,նւիրւած Լեւոն Շանթի «Հին Աստւածներ» դրամային:
Լեւոն Շանթի գլուխգործոցներից, որը վերածւել է պիէսի եւ հայաշխարհի բեմերում, ինչպէս Թեհրանում այն ներկայացւել է, թէ՛ հայ լսարանի, եւ թէ՛ թարգմանաբար ոչ հայ լսարանի համար:
Գրական երեկոյի սկզբում գրական խմբի նախագահ Քլարա (Աղախանեան) Օհանեանը ներկայացրեց Լեւոն Շանթի կենսագրական տւեալները: Ապա խմբի անդամ Շարիս Մելքոմ Աբգարը համապարփակ գծերով անդրադարձաւ «Հին Աստւածներ» դրամային եւ հետաքրքիր վերլուծականով, լսարանին հաղորդակից դարձրեց դրամայի հետ կապւած մի շարք իրականութիւնների հետ: Նա ընդգծեց, որ Լեւոն Շանթը լաւատեղեակ էր աստւածաբանութեանը եւ փիլիսոփայութեանը եւ սովորել էր թէ՛ «Գէորգեան» ճեմարանում, եւ թէ՛ Գերմանիայում: Նա նշեց, որ 1909 թւականին Լեւոն Շանթը հաստատւում է Երեւանում եւ սկսում դասաւադել դպրոցում, սակայն տարածւում է Քութէշ համավարակը եւ նա հիւանդանալով երկու շաբաթ կարանտինացւում է տանը եւ ինչպէս Լեւոն Շանթն է նշել քանի որ արդէն իր մտքում հասունացրել էր «Հին Աստւածներ» դրամայի թղթին յանձնելու գաղափարը, այդ երկու շաբաթւայ ընթացքում նա կատարելագործում է այն:
Օրւայ բանախօսը ընդգծեց, որ Լեւոն Շանթը «Հին Աստւածներ»-ում բազմիցս է օգտագործել Աստւածաշնչի տարբեր բաժինները եւ նշեց, որ այդ դրամայից յետոյ ստեղծւել է Շանթագիտութիւն, որը մէկ դար է ինչ զբաղւում է «Հին Աստւածներ»-ը վերլուծելով:
Յատկանշական է, որ միջոցառմանը հրաւիրւած էին վերջերս Թեհրանում Հ.Մ.«Սիփան»միութեան եւ Հ.Մ.Ա.Կ-ի համագործակցութեամբ «Արարատ»կազմակերպութեան «Կոմիտաս»սրահում բեմադրւած «Հին Աստւածներ» թատրոնի բեմադրիչ եւ դերասան Բիայնա Մահմուդեանը եւ միւս դերասանները:
Բանախօսի շահեկան վերլուծականից յետոյ, Քլարա Օհանեանը հրաւիրեց բեմադրիչին, ով արտայայտւեց «Հին Աստւածներ»-ը բեմադրելու իր մտայղացման եւ ապրումների մասին եւ գնահատեց գրական երեկոյին հրաւիրւած Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանին, ով դրամայի ռադիօբերմադրութեան ժամանակ ստանձնելով պատմիչի դերը իր անվերապահ համագործակցութիւնն էր ցուցաբերել: Ապա մէկ առ մէկ հրաւիրւեցին եւ արտայայտւեցին դերասաններ՝ Զօրիկ Շահբազեանը, Էրւին Գալստեանը, Վեդի Նազարեանը, Դերիկ Թէքդեանը, Մելան Սէֆեանը եւ Շարիս Մելքոմ Աբգարը:
Նրանք խօսեցին իրենց տպաւորութիւնների եւ այն խորը ազդեցութեան մասին, որ ստանձնած դերը թողել էր իրենց վրայ:
Վերջում ամբիոնի մօտ հրաւիրւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Նա իր գնահատանքը յայտնելով կազմակերպւած գրական երեկոյի առիթով,գովեստով անդրադարձաւ բանախօսի համապարփակ ելոյթի կապակցութեամբ եւ նշեց, որ Լեւոն Շանթը իր դրամայով ապացուցեց, որ մարդ անհատը կատարելագործման հասնելու համար պէտքէ ունենայ կամք եւ բանականութիւն: Նա նաեւ իր գնահատանքը յայտնեց դրամայի թատերական բեմադրիչին եւ դերասաններին,որոնք դրաման նաեւ հասանելի են դարձրել ոչ հայ հանդիսատեսի համար,նրանց ծանօթացնելով հայկական գոհարների հետ:
Գրական երեկոյի աւարտին մասնակիցները համախմբւեցին այն պաստառի շուրջ ,որը ներկայացնում է հովանաւորութիւն Բագրատ Սրբազանին եւ «Տաւուշը յանուն Հայրենիք»-ի շարժամնը:
Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ