
Ինձ դժւար պարտականութիւն է տրւած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Թեհրանի եւ շրջանի ընկերների կողմից արտայայտւելու ընկեր Անահիտ Արտաշեան-Աւագեանի մասին: Մի անձնաւորութիւն, որը եղաւ հաւատաւոր գաղափարական մինչեւ իր մահը:
Թւականիս մարտի 21-ին կարճ հիւանդութիւնից յետոյ իր մահկանացուն կնքեց բոլորիս կողմից յարգւած, սիրւած, ազգային, բարի եւ բարեհամբոյր մի անձնաւորութիւն՝ Անահիտ Արտաշեան-Աւագեանը:
Վաստակաւոր ուսուցչուհի Անահիտ Արտաշեանը, ծնւել է 1939 թւականին, նահապետական եւ ազգային ընտանիքում, նախնական կրթութիւնը ստացել է «Քուշեշ» տարրական ապա «Նուրբախշ» դպրոցում:
Այնուհետեւ մուտք է գործել ուսուցչական ասպարէզ եւ տարիներ դասաւանդել է «Հախնազարեան» եւ «Արաքս» դպրոցներում: Ուսուցչական ասպարէզում իր տքնաջան աշխատանքի համար կրթադաստիարակչական նախարարութեան շրջանի գերատեսչութեան կողմից անգամներ արժանացել է բարձր գնահատանքի:
1957 թ. ամուսնացել է Սերոժ Աւագեանի հետ բախտաւորւելով երկու զաւակով Անուշիկ եւ Արմէն անուններով:
Ցաւօք տարիներ առաջ կորցրեց իր որդուն Արմէնին, որը խոր ցաւ պատճառեց նրան, սակայն իր ուժեղ նկարագրով փարւելով ազգային աշխատանքներին շարունակեց ծառայել համայնքին:
Տարիներ շարունակ անդամակցել եւ վարչութեան կազմի մէջ է եղել եւ տարիներ նախագահի հանգամանքում Իրանահայ Ուսուցիչների միութեան եւ Հայ Կանանց Բարեգործական ընկերակցութեան:
Աշխատել է անխոնջ, եւ իր անկեղծ բնաւորութեան բերումով վայելել է բոլորի սէրն ու յարգանքը:
Տարիներ որպէս «Սօսէ Մայրիկ» հանգստեան տան յանձնախմբի անդամ այցելել է ծերանոց եւ իր անվերապահ աջակցութիւնն ու մասնակցութիւնն է բերել վերոյիշեալ ծերանոցին:
Երիտասարդ տարիքից անդամակցելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեանը իր ամբողջ կեանքի ընթացքում գործել ու նւիրւել է իր գաղափարին ու համոզմունքներին:
Նրա զրոյցները եւ յուշերը ուսուցանող էին: Անահիտը որպէս ուսուցիչ, ազգային գործիչ երբեք չդադարեց իր ախշատանքը մինչեւ իր կեանքի վերջին օրերը: Նա ի սպաս բերելով իր ծառայութիւնը՝ համայնքի ազգային-հասարակական եւ մշակութային աշխատանքներին, կենդանի կը մնայ իւրաքանչիւրիս յիշողութեան մէջ:
Սիրելի ընկ. Անահիտ գնացիր դէպի յաւիտենականութիւն սակայն քո յիշատակը անմոռաց պիտի մնայ քեզ ճանաչողների, ընկերների, ընտանիքի եւ աշակերտների մօտ:
Հողը թող թեթեւ գայ վրադ:
Ընկերներդ միշտ կը յիշեն քեզ:
Մի խումբ ընկերներ