
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Հայոց ազգային «Արաքս» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի՝ Էյմի Բարխուդարեանը, իր նախասիրութեամբ եւ անձնական նախաձեռնութեամբ, 2026 թւականի յուլիսի 31-ին մասնակցել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) եւ Լեգօ Կրթական կենտրոնի (LEGO Education Center) համագործակցութեամբ կազմակերպւած ռոբոտաշինութեան մրցոյթին եւ իր թիմակցի՝ Սոֆիա Սաֆայիի հետ միասին «Junior RoboMission» անւանակարգում նւաճել է ոսկէ մեդալ՝ արժանանալով 2026 թւականի սեպտեմբերին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կայանալիք «WRO Open Championship – Asia Pacific» մրցոյթում Իրանը ներկայացնելու պատւին:
Հարկ է նշել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ասոցիացիան (WRO) անկախ եւ ոչ շահադիտական կազմակերպութիւն է, որի առաքելութիւնն է ամբողջ աշխարհում խթանել ռոբոտաշինութեան եւ STEM կրթութեան (գիտութեան, տեխնոլոգիայի, ճարտարագիտութեան եւ մաթեմատիկայի համակցւած կրթութեան) զարգացումը։ Աւելի քան 100 անդամ երկրների, այդ թւում՝ Իրանի եւ Հայաստանի մասնակցութեամբ, WRO-ն ամէն տարի տարբեր անւանակարգերում կազմակերպում է ռոբոտաշինութեան միջազգային մրցոյթներ՝ 8-ից 22 տարեկան աշակերտների եւ երիտասարդների համար։ Իրանում WRO-ն համագործակցում է Լեգօ Կրթական կենտրոնի հետ՝ իւրաքանչիւր անւանակարգում թիմեր ընտրելու նպատակով։

2026 թւականի յուլիսի 31-ին, ԻրանՄոլ միջազգային ցուցահանդէսների, համաժողովների եւ կոնգրեսների կենտրոնում անցկացւեց ազգային մրցոյթ, որին մասնակցեցին 105 թիմ, հինգ տարբեր անւանակարգերում։ Մասնակից թիմերը ներկայացնում էին Շիրազ, Թաւրիզ, Սպահան, Շահրուդ, Մարաղէ, Քերման, Ռաշտ, Անզալի եւ այլ քաղաքները։
«Արաքս» դպրոցը պարծենում է, որ իր հարկի տակ սովորում են Էյմիի նման ժրաջան, գիտակից եւ պատասխանատւութեան բարձր զգացումով աշակերտուհիներ, որոնք ոչ միայն դպրոցում ստանում են ակադեմական կրթութիւն եւ ազգային ու կրօնական դաստիարակութիւն, այլեւ ձգտում են հասնել գիտական, մշակութային եւ մարզական բարձունքների՝ իրենց արժանի ներդրումն ունենալով երկրի մակարդակով կազմակերպւող մրցոյթներում:
Շնորհաւորում ենք սիրելի Էյմիին եւ իր թիմակցին այս հրաշալի յաջողութեան կապակցութեամբ եւ մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ եւ յաղթանակներ առաջիկայ միջազգային մրցոյթում:
Հայոց ազգային «Արաքս» դպրոց



