ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԻՌՆԱ. Թրամփը կրկին վերադարձել է պատերազմի սկզբնական սցենարին

Իրանի դէմ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնների սկսւելուց աւելի քան վեց ամիս անց, Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաների հակասական յայտարարութիւնները վկայում են, որ Վաշինգտոնը դեռեւս յստակ պատկերացում չունի պատերազմի վերջնական նպատակի եւ պատկերացրած «յաղթանակի» չափանիշների մասին։

Պատերազմի առաջին օրերին Թրամփն Իրանի ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց եւ տապալել իշխանութիւնը։ Սակայն հետագայ ամիսներին ԱՄՆ-ի նախագահը բազմիցս փոխել է իր դիրքորոշումը՝ յայտարարելով, որ ռեժիմի փոփոխութիւնը պատերազմի նպատակը չէ, իսկ աւելի ուշ կրկին խօսել՝ դրա անհրաժեշտութեան մասին։

ԻՌՆԱ-ն, վկայակոչելով ամերիկեան եւ արեւմտեան լրատւամիջոցների ու փորձագէտների գնահատականները, գրում է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւններն օդային հարւածներից եւ ծովային շրջափակումից մինչեւ Հորմոզի նեղուցի ուժով բացելու փորձերը, չեն ապահովել Վաշինգտոնի ակնկալած արդիւնքը։

Այժմ ԱՄՆ-ի վարչակազմը շեշտը դրել է տնտեսական ճնշումների եւ նոր պատժամիջոցների վրայ։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը վերջին շաբաթներին յատկապէս ակտիւօրէն խօսել է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների եւ այդ ճանապարհով ներքին հնրաւոր անկարգութիւններին խթանելու մասին։

Փորձագէտների գնահատմամբ՝ պատերազմի ընթացքի եւ նպատակների այս շարունակական փոփոխութիւնը վկայում է ռազմավարական անորոշութեան մասին։ Նրանցից ոմանք նշում են, որ պատերազմն սկսւել է սխալ ենթադրութիւնների հիման վրայ, մասնաւորապէս՝ այն համոզմամբ, թէ Իրանի ղեկավարութեան դէմ հարւածները կարող են արագօրէն փլուզել երկրի պետական համակարգը։

«Պատերազմն սկսւեց առանց ծրագրի, իրականացւեց առանց ծրագրի եւ մեծապէս ղեկավարւեց պահի թելադրանքով»,- Politico-ին ասել է ԱՄՆ-ի նախկին բարձրաստիճան անվտանգութեան պաշտօնեան։

ԱՄՆ իշխանութիւնների ներկայիս քաղաքականութիւնն ըստ ԻՌՆԱ-ի, յայտնւել է հակասական սցենարների մէջ՝ ռազմական յաղթանակի, համակարգը փոխելու, բանակցութիւնների եւ տնտեսական ճնշումների միջեւ։ Վաշինգտոնը, միաժամանակ, չի կարողանում պատերազմն աւարտել յստակ ռազմական յաղթանակով եւ դժւարանում է նահանջել՝ առանց շօշափելի արդիւնքի։

Related Articles

Back to top button