Հայկ Մամիջանեան. «Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը քննարկման ենթակայ չէ»
«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը քննարկման ենթակայ չէ։ Նոյնը վերաբերում է նաեւ նրա սահմաններին։ Այս մասին ըստ հայաստանեան լրատւամիջոցների՝ ՀՀ ԱԺ աւանդական ճեպազրոյցի ժամանակ, երէկ՝ սեպտեմբերի 16-ին ասել է ընդդիմադիր «Պատիւ ունեմ» մբակցութեան ատգամաւոր, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանեանը՝ հնչեցնելով ընդդիմութեան դիրքորոշումը այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին։
Պատգամաւորից, մասնաւորապէս, լրագրողները հետաքրքրւել են, թէ ով պէտք է, նրա կարծիքով, ապահովի այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի անվտանգութիւնը տարածաշրջանային բոլոր հաղորդակցութիւնների ապաշրջափակման դէպքում՝ Հայաստա՞նը, թէ՞ Ռուսաստանը։ «Այդ հարցը դուք պէտք է տաք ոչ թէ ինձ, այլ նրան, ով ստորագրել է համապատասխան թուղթը։ Ես չեմ խօսում այն մասին, թէ ինչ է գրւած այնտեղ։ Ես միայն ասում եմ. նախքան ինչ-որ բան գրելը կամ ստորագրելը անհրաժեշտ է ամէն բան ինչպէս հարկն է հաշւի առնել։ Երկրի փաստացի ղեկավարը մի վատ սովորութիւն ունի. ստորագրել այն ամէնը, ինչ տալիս են ստորագրելու։ Այդ գործընթացը պէտք է ամրացւի տրամաբանութեամբ, որը հետագայում չի ենթարկւի քննարկման»,- ի պատասխան ասել է Մամիջանեանը։
Պատգամաւորը տարակուսանք է յայտնել միջանցքի պահպանման գործառոյթները պահպանութեան մասնաւոր ընկերութեանը հնարաւոր փոխանցելու առիթով։
Երեւանի եւ Բաքւի ստորագրելիք փաստաթուղթը «խաղաղութեան պայմանագիր» անւանելը մեղք է
«Փաստաթուղթը, որը պատրաստւում են ստորագրել Երեւանը եւ Բաքուն, «խաղաղութեան պայմանագիր» անւանելը մեղք է»,- յայտարարել է Հայկ Մամիջանեանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի Հանրապետութիւնը շահագրգռւած է, որ խաղաղութիւն լինի եւ այդ փաստաթուղթը ստորագրւի, իսկ Ադրբեջանը ՝ոչ։ «Բաքուն յայտնում է, որ համաձայն չէ, եւ մեր իշխանութիւններն ի պատասխան մէջբերում են. դէ լաւ, եկէք այդ դէպքում ջնջենք այս կամ այն կէտը։ Սա պարզապէս վիթխարի սկզբունք է»,- հեգնանքով ասել է Մամիջանեանը։
Ըստ նրա՝ քննարկւող փաստաթուղթը անհասկանալի է եւ բազմաթիւ հարցեր է առաջացնում։ Մասնաւորապէս, այնտեղ ոչ մի խօսք չկայ գերիների մասին։ Այնտեղ նաեւ չի խօսւում պետական սահմանի սահմանազատման եւ բոլոր տրանսպորտային հանգոյցների ապաշրջափակման մասին։
«Դէ, այդ դէպքում ո՞րն է մեր շահն այդ փաստաթղթից։ Անւանման մէջ, որը նրանք օգտագործելու են յաջորդ ընտրութիւնների ժամանա՞կ։ Այլ խօսքով՝ նրանք հիմա գնում են իրենց հերթական նախընտրական սլոգանը Ադրբեջանից»,- ընդգծել է պատգամաւորը՝ աւելացնելով, որ Հայաստանն արդիւնքում կը վճարի իր տարածքի մի մասով անվտանգութեան համար եւ Ադրբեջանի համար շահեկան սահմանով։