Նոր վերելակի բացման պաշտօնական արարողութիւն՝ «Շանթ-Մարիամեան» դպրոցում
«Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհուրդը ահրաժեշտութիւնից ելնելով դիմել էր Կրթական խորհրդին դպրոցում վերելակի տեղադրման խնդրանքով:
Կրթական եւ Թեմական խորհուրդները ընդառաջելով ծնողական խորհրդի խնդրանքին, ուսումնասիրելով պարագան, իրենց հերթին խորհրդակցել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի հետ, որն էլ իր նախաձեռնութեամբ դիմել էր 8-րդ շրջանի քաղաքապետարանին, վերելակի տեղադրման նպատակով միջոցներ տրամադրելու համար:
Սեպտեմբեր ամսւայ սկզբից սկսած աշխատանքները աւարտւելով, չորեքշաբթի, փետրւարի 21-ին, տեղի ունեցաւ «Շանթ-Մարիամեան» դպրոցի նոր վերելակի բացման պաշտօնական արարողութիւնը:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդում Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանը եւ խորհրդի անդամ՝ Հայկազ Շիրւանեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Կրթական խորհրդի անդամները, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, դպրոցի տեսուչը, փոխտեսչուհին, ուսուցչական կազմը, ծնողական խորհրդի անդամները, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի անդամները, 8-րդ շրջանի քաղաքապետի հասարակական հարցերով տեղակալներ՝ ճրտպ. Ալինիան եւ Էսլամին, որոնց ընկերակցում էին Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 8-րդ շրջանի գերատեսուչ՝ դոկտ. Ամերէն եւ յարակից բաժինների պատասխանատուներ:
Բացման արարողութիւնը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնով, այնուհետեւ դոկտ. Ամերէյի ձեռամբ հատւեց ժապաւէնը:
Խօսքերով հանդէս եկան՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Ալֆրէդ Կարապետեանը, դպրոցի տեսուչը եւ դոկտ. Ամերէն գնահատելով պատգամաւոր Արա Շահվերդեանին եւ նշելով այն հանգամանքը, որ քաղաքապետարանը նեցուկ է հանդիսանում մեզ եւ կարեւոր է ուշադրութեան կենտրոնում պահել այն կրթօջախները, որտեղ կրթւում ու դաստիարակւում են երեխաներ:
Եզրափակիչ խօսքով պատգամաւոր Արա Շահվերդեանը երախտագիտութիւն յայտնեց ներկաներին, գնահատագրեր յանձնեց Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի եւ Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան ներկայացուցիչներին, աւելացնելով, որ թէ՛ ինքը, թէ՛ ազգային իշխանութիւնը աչալրջօրէն հետամուտ են համայնքի բարգաւաճման աշխատանքներին եւ բոլոր դժւարութիւններով հանդերձ ոչ մի ջանք չեն խնայում իրենց ծառայութիւնը մատուցելու բոլոր հայկական կառոյցներին, մասնաւորապէս հայկական դպրոցներին, որոնք համարւելով հայ աշակերտի հայեցի դաստիարակութեան բնօրրանը կրթում եւ դաստիարակում են մեր նոր սերնդի ներկայացուցիչներին:
Միջոցառման պաշտօնական բաժնին յաջորդեց համեստ հիւրասիրութիւն:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ