Հայաստան - Արցախ

Բակուր Կարապետեան. «Փաշինեանը հայ ազգի թշնամին է, ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել. թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»

1988 թւականի փետրւարի 27-29-ն Ադրբեջանը պետական մակարդակով Սումգայիթում իրականացրեց հայերի ջարդ՝ նպատակ ունենալով կանխել Արցախում ու Հայաստանում սկսւած ազատագրական շարժումը։ Միջազգային հանրութեան կողմից 1988 թւականի հայերի ջարդը պատշաճ չդատապարտելու եւ Ադրբեջանին չպատժելու հետեւանքը եղաւ այն, որ Ադրբեջանը նոյնը կրկնեց 1990 թւականին արդէն Բաքւում՝ հայերի կոտորած եւ բռնի տեղահանում։

Սումգայիթեան ջարդերից գրեթէ մէկ ամիս անց գրող, հրապարակախօս, լրագրող Բակուր Կարապետեանը գնացել է Սումգայիթ՝ փորձելով ջարդերի ականատեսների հետ զրուցել, հաւաքագրել փաստեր՝ մտածելով, որ փաստերի առկայութեան դէպքում միջազգային հանրութիւնը կարող է որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի յանցագործութիւնների դէմ։

168.аm-ի հետ զրոյցում Բակուր Կարապետեանը պատմեց, որ չնայած կեանքի համար վտանգաւոր էր Սումգայիթ գնալը, բայց չէր կարող չհաւաքագրել մօտ 1000 հայի սպանութեան վերաբերեալ փաստերը։

«Շատ վտանգաւոր ճանապարհներով ես հասայ Սումգայիթ, տեսախցիկը հետս էր, մտածում էի՝ եթէ տեսախցիկը վերցնեն, որեւէ բան չեմ կարողանայ արձանագրել։ Պարկի մէջ անցք էի արել, տեսախցիկը տեղադրել էի մէջը ու միացրել, որպէսզի ամէն ինչ արձանագրեմ։ Սումգայիթ հասնելուց յետոյ ես հասկացայ, որ այդ ամէնը պետական մակարդակով է արւել, խառն էր նաեւ Գորբաչովի մատը։ Այնպէս էին ուզում անել, որ հանրահաւաքները Ստեփանակերտում ու Երեւանում կանգնեցւեն, որովհետեւ եթէ շարունակւէր, միլիոնից աւելի մարդ էր դուրս գալու փողոց, ու միլիոնանոց հանրահաւաքը հնարաւոր չէր կանգնեցնել։

Այնպէս էին արել, որ Սիլւա Կապուտիկեանը եւ Զօրի Բալայեանը գնացին Մոսկւա, վերադառնալուց յետոյ հանրահաւաքները մի քանի օր դադարեցւեցին, Գորբաչովն անձամբ էր նրանց ընդունել»,- նշեց Բակուր Կարապետեանը։

Նրա խօսքով՝ 1988 թւականի փետրւարի 26-ին Ստեփանակերտում էր, երբ վերադարձաւ Երեւան, արդէն լուրեր էին հասնում, որ Սումգայիթում իրավիճակը լարւած է։

«1915 թւականին հայ լրագրողները եւ մտաւորականները զոհ են գնացել թուրքական եաթաղանին, ու նիւթեր չեն արւել, ինչ արել են, արել են օտարները, ուստի մտածեցի, որ հայ լրագրողը թէկուզ կեանքը վտանգելով՝ պէտք է հասնի դէպքի վայր։ Ես նպատակ էի դրել ու չէի մտածում մահւան մասին։ Հիմա, երբ յետ եմ նայում, հասկանում եմ, որ Սումգայիթից հրաշքով եմ ողջ դուրս եկել։ Ինձ նոյնիսկ Մոսկւայի ԿԳԲ-ից էին ասել, որ ոտք չդնեմ Սումգայիթ՝ վտանգաւոր է, այս մասին ներքին խողովակներով ՀՀ Գրողների միութեան նախագահին էին զգուշացրել այնտեղից։ Ես հանդիպեցի Սումգայիթի քաղկոմի քարտուղարի հետ, քանի որ ադրբեջաներէն լաւ գիտէի, ասացի, որ իրենք թշնամացնում են հային ու ադրբեջանցուն, նա էլ ինձ պատասխանեց, թէ՝ «այս ամէնը կազմակերպել են ովկիանոսից այն կողմ գտնւողները, Ադրբեջանը դրա հետ կապ չունի»։

Ամբողջ իմ նկարահանումների ընթացքում զգում էի, որ ինձ հետեւում են, բայց ես երեւի ունէի իմ պահապան հրեշտակը, որ ողջ մնացի»,- շեշտեց Բակուր Կարապետեանը։

Նա նշեց, որ մի քանի օրւայ ընթացքում զրուցել է Սումգայիթի ջարդերին ականատես մարդկանց, նրանց հարազատների հետ, նոյնիսկ ադրբեջանցի ականատեսների, ու Ստեփանակերտ վերադարձել է ամենայարմար ճանապարհով։ Սումգայիթից նստել է Ակնա գնացող աւտոբուս, ադրբեջանցիները մտածել են՝ հայ չէ, մինչեւ այն պահը, երբ աւտոբուսի մէջ յղի կնոջն ադրբեջաներէնով ասել է, որ նստի՝ տեղը զիջելով նրան։

«Այդ ժամանակ աւտոբուսում եղած ուղեւորները սկսեցին խառնւել, թէ այս հայն ի՞նչ գործ ունի այստեղ։ Այդ ժամանակ «քարէ պատերազմ» էր սկսւել, ադրբեջանցիները մշտապէս քարկոծում էին հայկական մեքենաները, աւտոբուսները՝ վնասներ պատճառելով հայերին։ Աւտոբուսում լարւած իրավիճակ էր ստեղծւել, փառք Աստծոյ, արդէն Ասկերանի մուտքի մօտ էինք հասել, ես այնտեղ իջայ։ Մեքենայից իջնելուց ու Ասկերանում յայտնւելուց յետոյ ինձ մօտ այնպիսի զգացողութիւն էր, որ նոր եմ ծնւել։

Իմ այցի ընթացքում ես նկարահանեցի ֆիլմ՝ «Սումգայիթեան ալիքներ», ականատեսների զրոյցների հիման վրայ։

Իրականում այն, ինչ թուրքերը սկսել էին 1915 թւականին, այսօր գրեթէ աւարտին են հասցնում, գրաւեցին Արցախը, այժմ էլ աչքը դրել են Հայաստանի վրայ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Բակուր Կարապետեանի խօսքով՝ հայ ժողովուրդը պէտք է հաշւի առնի, թէ ի դէմս Ադրբեջանի՝ ինչ պետութեան հետ գործ ունի, որովհետեւ նրա ձեռագիրը տարիներ շարունակ չի փոխւում։

«Ես չեմ մեղադրում նախկին նախագահներին, չեմ կարող նրանց ասել՝ թալանչի են եւ այլն, իսկ այս նորին՝ Նիկոլ Փաշինեանին, դաւաճան չեմ կարող ասել, որովհետեւ նա աւելին է՝ նա թշնամի է հայ ազգին։ Ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել, պարզապէս չէր կարող։ Թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»,- ընդգծեց նա։

Հրապարակախօսը վստահ է՝ եթէ հայութիւնը միաւորւած ու միասնական լինի, երբեք չի կոտորւի։ Եթէ ազգը ուժ չէ, երբեք այլ ազգեր չեն յարգի ու հաշւի չեն նստի հետը։

«Երբ ազգը 1988 թւականին միաւորւել էր Արցախի շուրջ՝ աշխարհը հաշւի էր նստում հետը, այլ կերպ էր ընդունում, նոյնիսկ յաղթանակից յետոյ Ադրբեջանն էր մեզ յարգում։ Միաւորւել ու ուժ դառնալ, սա էլ այն միակ գրաւականը, որ հայ ազգը չի կոտորւի»,- եզրափակեց Բակուր Կարապետեանը։

Related Articles

Back to top button