Դաւիթ Ջամալեան. «Թուրքը հարւածելու է՝ մինչեւ ֆրանսիական զէնքի տեղ հասնելը, զէնքի տեղափոխումն ունենալու է լոգիստիկ բազմաթիւ խնդիրներ»
Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանի կարծիքով՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանն անդամակցութիւնը սառեցնելը նշանակում է՝ դժւարին իրավիճակում Հայաստանին զրկել մատչելի զէնք ձեռք բերելու հնարաւորութիւնից։
Ըստ փորձագէտի, եթէ ՀՀ իշխանութիւնը կարծում է, որ այդ ամէնը կարող է անել Ֆրանսիայի հետ համագործակցելով՝ զէնք ձեռք բերելու առումով, սխալւում է։
«ՀՀ իշխանութեան կողմից այդպէս մտածելը մեծագոյն մոլորութիւն է, ստորութիւն է մեր երկրի նկատմամբ, որովհետեւ Ֆրանսիան հիմա իր աշխարհաքաղաքական ազդեցութեան նւազմամբ գտնւում է ամենաստորին կէտում։ Ֆրանսիային ռուսական պրոքսի ուժերն Աֆրիկայից մեծ արագութեամբ են հեռացնում, սա անգամ պատկերացնել հնարաւոր չէր նոյնիսկ երկու տարի առաջ։ Ֆրանսիան իր ազդեցութիւնն այնտեղ կորցնում է ու փորձ էլ չի անում վերականգնել, մեզ ինչպէ՞ս է օգնելու։
Եթէ անգամ ենթադրենք՝ ֆրանսիական սպառազինութիւնը, որի մասին խօսում են, տեղ հասնի, միեւնոյն է՝ այն օգտագործելու համար երկար ժամանակ է պէտք։
Զէնքը երբեք շատ չի լինում, աւելին՝ բոլորից էլ պէտք է զէնք ձեռք բերես, եթէ չես հակադրւում քո դաշնակցին, եթէ հակադրութեան տրամաբանութեան փոխարէն՝ լրացնելու տրամաբանութեամբ ես այլ երկրից զէնք գնում, շատ նորմալ է»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Դաւիթ Ջամալեանը։
Նրա բնորոշմամբ՝ այսօր Հայաստանի իշխանութիւնը Ռուսաստանին հակադրւելու տրամաբանութեամբ է փորձում զէնք ձեռք բերել։
«Թուրքը հարւածելու է՝ մինչեւ ֆրանսիական զէնքի տեղ հասնելը։ Եթէ անգամ պատկերացնենք, որ ֆրանսիական զէնքը ժամանակին տեղ է հասել, մինչեւ անձնակազմը պատրաստւի, մինչեւ զէնքը ներդաշնակեցւի ԶՈւ ուժերին առկայ զէնքերին, պարզապէս ժամանակ է անհրաժեշտ։ Աւելին՝ Ֆրանսիայից Հայաստան զէնքի տեղափոխութիւնն առնչւելու է լոգիստիկ մեծ խնդիրների հետ։ Զէնքը կարող է Հայաստան հասնել միայն Վրաստանի տարածքով, իսկ Վրաստանը ցանկացած պահի կարող է թուրք-ադրբեջանական ճնշման տակ արգելել։
Եթէ անգամ ինչ-որ խմբաքանակ տեղ հասնի, ապա Ֆրանսիան չի կարողանալու ապահովել սպառազինութեան այնքան բալանս, ծաւալ, որը մենք ստանում էինք Ռուսաստանից։ Հնարաւոր պատերազմի ժամանակ մեզ անհրաժեշտ է լինելու յուսալի, անխափան ու անսահմանափակ ծաւալի զէնքի մատակարարում։ Ինչո՞ւ եմ ասում՝ անսահմանափակ, որովհետեւ 44-օրեայ պատերազմի ժամանակ Գիւմրու 102-րդ ռազմաբազան դատարկւել է, այն ծաւալը, որը ստանում ենք Ռուսաստանից, չենք ստանալու Ֆրանսիայից։ Կրկնում եմ՝ մինչեւ Ֆրանսիայի զէնքի հասնելը, թուրքը հարւածելու է, գուցէ խորհրդանշական մի քանի ՀՕՊ միջոցներ գան տեղ հասնեն»,- շեշտեց Դաւիթ Ջամալեանը։
Ամփոփելով՝ Դաւիթ Ջամալեանն ասաց՝ Նիկոլ Փաշինեանը ՀԱՊԿ-ից դուրս գալու յայտարարութեամբ «իր աւագ եղբօրը՝ Ալիեւին», Հայաստանի վրայ յարձակւելու պատրւակ է տալիս։
Յիշեցնենք, որ France 24 հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասել էր, որ Հայաստանը սառեցրել է անդամակցութիւնը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը (ՀԱՊԿ)։ Նա ընդգծել էր, որ հաւաքական անվտանգութեան պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կեանքի չի կոչւել, յատկապէս՝ 2021-2022 թւականներին, ինչը չէր կարող վրիպել իրենց ուշադրութիւնից։
Յիշեցնենք նաեւ, որ փետրւարի 23-ին պաշտօնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի զինւած ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնիւն։ ՀՀ եւ Ֆրանսիայի պաշտպանութեան նախարարները ստորագրել են մի շարք պայմանագրեր։